Լռող սերնդի ձայնը. պատմության հունին հակառակ - Mediamax.am

Լռող սերնդի ձայնը. պատմության հունին հակառակ
2077 դիտում

Լռող սերնդի ձայնը. պատմության հունին հակառակ


Վոլգայի ջրերը հանդարտ տարուբերվում են Յակոբ Իվանովիչ Բախի անցնող տարիների վրայով՝ առանց վարարումների, առանց անհաղթահարելի խութերի: Գնադետալում առհասարակ բոլորի կյանքն է այդպես կանխատեսելի անցնում: Ու մի սովորական թվացող օր կատարվում է գերմաներենի ուսուցիչ Բախի 30 տարվա կյանքի ամենաարտառոց դեպքը. Վոլգայի հակառակ ափից տարօրինակ հրավեր է ստանում, ֆերմեր Ուդո Գրիմը նրան առաջարկում է դառնալ իր աղջկա ռեպետիտորը: Գրիմը նպատակ ունի արտագաղթել հայրենի Գերմանիա, իսկ նրա կիսագրագետ աղջկա հետ այնտեղ ոչ ոք չի ցանկանա ամուսնանալ: Ձանձրույթից փախչելու եւ միօրինակությունից չխենթանալու դրդապատճառով Բախը համաձայնում է ու հաջորդ օրը նորից հատում Վոլգան, ինչպես հետո է պարզվում՝ անվերադարձ:

Շուլմեյստեր Բախը դառնում է Գրիմի կախարդական ֆերմայի գերին, թեպետ խստադեմ Ուդո Գրիմը իրոք մեկնում է, թեպետ Բախին ոչ ոք չի ստիպում մնալ, թեպետ Վոլգայի մյուս ափին մնացած «մեծ աշխարհը» այդպես էլ չի հասկանա նրան: Նրա անշահախնդիր ու անմնացորդ սերը ֆերմերի աղջկա՝ Կլարայի հանդեպ կդառնա թակարդ, որն էլ իր հետեւից կբերի դժբախտությունների շարան, անձնային ու համամարդկային մեծ դժբախտությունների: Դրանք էլ կստիպեն Բախին  հեքիաթներ հորինել իր երեխաների համար: Սիրուն, մռայլ, զվարճալի, բարի ու դաժան հեքիաթներ, որոնք, ի սարսափ հեղինակի, կիրականան Վոլգայի ափից այն կողմ մնացած Գնադետալում:

«Հեքիաթներն ու լեգենդները ֆունդամենտն են: Հոգու հիմնաքար են, որը դրվում է վաղ մանկության տարիներին, եւ որի վրա է պահպանվում մարդկային էությունը»:

Վոլգայի միջին եւ ստորին հոսանքին հարող Պովոլժիե տարածաշրջանի բնակավայրերից է Գնադետալը՝ վերաբնակեցված գաղթական գերմանացիներով: 20-րդ դարասկզբում ապրող Յակոբ Իվանովիչ Բախն ու իր համերկրացիները այն սերնդի հետնորդներն են, որոնց Եկատերինա թագուհին գրկաբաց դիմավորեց  այստեղ ու մայրաբար նրանց հորդորեց՝ «իմ երեխանե՜ր, ապրեք ու շենացրեք այս հողերը»: Յակոբ Իվանովիչ Բախի ու իր համերկրացիների նախնիներն այդպես էլ արեցին: Եվ այստեղից էլ Գուզել Յահինան վերցրեց կախարդական ռեալիզմի մոտիվներով գրված իր գրքի վերնագիրը՝ «Իմ երեխաներ» (“Дети мои”):

Գուզել Յահինան այսօր ռուսական նոր գրականության ամենավառ փայլող աստղն է: Ծագումով թաթար Յահինան մասնագիտությամբ կինոսցենարիստ է: Անցած տարի հրատարակված իր առաջին վեպով՝ «Զուլեյհան բացում է աչքերը» անսպասելի ֆուրոր առաջացրեց ռուսական գրական շրջանակներում՝ նույն տարում հեղինակին բերելով  «Большая книга» եւ «Ясная Поляна» մրցանակներ (աննախադեպ էր): Թաթար կնոջ Սիբիր աքսորի պատմությունը թարգմանվել է երկու տասնյակ լեզվով եւ կունենա նաեւ էկրանավորում:

«Զուլեյհայի» հաջողությունից հետո համարձակություն էր անմիջապես երկրորդ գիրքը գրելը: Բայց Գուզել Յահինան արդարացիորեն ուներ այդ համարձակությունը, որովհետեւ այս դեպքում հարթվել են դեբյուտային խորդուբորդերը եւ այս դեպքում արդեն մաքուր գրականություն է կերտվել:

Հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է, որ «Իմ երեխաները» ձոն է այն լռող սերնդին, որի ներկայացուցիչն էր նաեւ իր պապիկը, որն իր հերոսի պես  գերմաներենի ուսուցիչ էր: Երկու համաշխարհայինների արանքում կուլակաթափություն ու ռեպրեսիաներ ապրած, սով տեսած սերունդն էր, որն այլեւս խոսելու ցանկություն եւ ուժ չունեցավ, ինչպես եւ Յակոբ Իվանովիչ Բախը: Այդ ժամանակաշրջանի պատմությունն է կարմիր թելով անցնում Յահինայի հեքիաթային պատումի տողատակում: Մեծ քաղաքականության ու փոքր մարդու առճակատման մասին է այս գիրքը՝ մտահղացված ալյուզիաներով, ոգեշնչված գերմանական հեքիաթներով ու գրված մարկեսյան կախարդական գրչով:  

«Ժամանակը չէ՞, որ մեր մանկական սրտերը հասունանան ու դադարեն հավատալ հեքիաթներին, որ շշնջում է փոփոխական աշխարհը»:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին