Պատմություն Մարիամի ու իմ՝ լրագրող չդառնալու մասին
3287 դիտում

Պատմություն Մարիամի ու իմ՝ լրագրող չդառնալու մասին


Այս օրերին հատկապես շատ է խոսվում այն մասին, թե որտեղ եւ ինչպես է սկսվում եւ ավարտվում ժուռնալիստիկան, կարո՞ղ է արդյոք լրագրողը դադարել լինել այդպիսին եւ դառնալ ակտիվիստ: Լրագրող, քաղաքացի, մարդ. ընտրությունը սրանց միջեւ անում է մեզանից յուրաքանչյուրը՝ իր արժեհամակարգի եւ մասնագիտական էթիկայի սահմաններում:

Մի քանի տարի առաջ, գուցե, ինքս այս մասին մտածեի, եթե կյանքն իմ առջեւ հստակ որոշման պայման չդներ: Իսկ մինչ այդ, աչքիս առաջ ուրիշի որոշումն էր:

Տարիներ առաջ շատ  պատահաբար կարդացի ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Նեխթուեյի (James Nachtwey) մասին: Սկսեցի փնտրել ավելին: Նրա մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը, որն, ի դեպ, «Օսկարի» է արժանացել, կոչվում է «Պատերազմի լուսանկարիչը»: Ֆիլմում Նեխթուեյի գործընկերները պատմում են նրա մասնագիտական որակների, միշտ առջեւում լինելու, մենակության ու չվախենալու մասին:

Երիտասարդ լրագրողներից մեկը մի պատմություն է հիշում. Մի երկրում, որտեղ կրոնական բախումներ են սկսվել, աշխատում է լուսանկարիչների մեծ խումբ: Հանկարծ լուր է տարածվում, որ քաղաքի ծայրամասերից մեկում կրոնական մի խմբավորման անդամներ ինքնադասատան են տեսնում մյուս խմբավորման անդամների նկատմամբ: Լրագրողները շտապում են դեպքի վայր: Պարզվում է, որ մի քանի մարդու արդեն սպանել են, վերջինին՝ վիրավոր ու ուժասպառ, դեռ հետապնդում են: Մաչետեներով զինված գազազած ամբոխը դանդաղ տանջում է այլադավան զոհին՝ մերթ թողնելով, որ նա փախչի, մերթ շրջափակելով եւ ծեծելով: Լուսանկարիչները հայտնվում են ճիշտ ժամանակին: Ոմանք հեռվից, ոմանք ավելի մոտ սկսում են նկարել մահապատժի տեսարանը: Մարդիկ իրենց գործն են անում՝ տեսնելով զոհի տառապանքը, լսելով հեւոցը, շնչելով արյան ու քրտինքի հոտը: Այդ ժամանակ Նեխթուեյը մտնում է ամբոխի մեջ, կողքի դնում լուսանկարչական ապարատը, ծնկի իջնում ու խնդրում մարդասպաններին խղճալ իրենց զոհին: Բանակցությունները տեւում են 20 րոպե: Նեխթուեյը պարտվում է, մարդուն գլխատում են՝ իր աչքի առաջ: Նրա խնդրանքից աշխարհի վրա ոչինչ չի փոխվում: Պարզ է: Միայն թե ինքը դրանից հետո ապրել կկարողանա:

Դրանից հետո այս ֆիլմը հաճախ էի երազում տեսնում. կան պատմություններ, որ հետս են մնում՝ երկար, գուցե՝ միշտ:

Տարիներ հետո հայտնի գործընկերներիցս մեկի հետ բանավիճում էինք՝ լրատվամիջոցների դերի, նշանակության, մեր ընդհանուր գործի մասին: Հանկարծ հարցրեց՝ «Քո ղեկավարած կայքի պատճառով քանի՞ չինովնիկ է ազատվել աշխատանքից»: Ասացի՝ «Ոչ ոք. իմ նպատակը չինովնիկին գործազուրկ դարձնելը չէ, իմ գործը մարդկանց մասին պատմելն է»: Չհամաձայնեց: «Դու լրագրող չես դառնա»,- ասաց նա:

Այդ նույն շրջանում խմբագրությունում զանգ ստացա: Զրուցակիցս պնդում էր, որ բողոք ունի բժշկական սխալի մասին եւ ուզում է բարձրաձայնել: Հրավիրեցի խմբագրություն: Կիրթ, նիհարիկ, տագնապած աչքերով ու լարված ժպիտով կինը մի ժամ հետո նստած էր դիմացս: 50 տարեկան էր, ամուսնացել էր 9 տարի առաջ, իրենից 10 տարի երիտասարդ տղամարդու հետ: Սկսեց արդարանալ՝ «Ես նրան ասում էի՝ դու ավելի լավին ես արժանի, ավելի ջահելին, բայց նա սիրում է ինձ»: Մեկ տարի անց երջանիկ զույգը երեխա էր ունեցել՝ առողջ տղա: Ծննդաբերության ժամանակ, սակայն, ծնունդն ընդունող բժիշկը երեխային գցել էր ձեռքից: Երեխան մահացել էր 42 օր անց՝ գլխուղեղի արյան զեղման հետեւանքով: Կինը դիմել էր իրավապահներին, գործին ընթացք էր տրվել, բժիշկն անմեղ էր ճանաչվել: Նրան ազատել էին աշխատանքից այդ հիվանդանոցում եւ տեղափոխել մեկ այլ: Դրանից հետո 9 տարի զույգը փորձել էր երեխա ունենալ: Վերջին հույսը արհեստական բեղմնավորումն էր եղել: Դիմել էին նաեւ այդ քայլին: Գործողությունից հետո, որն անցել էր անտանելի ցավերի պայմաններում, կինը չէր հղիացել, բացի այդ՝ ստացել էր մի շարք վնասվածքներ: Հիվանդանոցում նրան մի քանի փաստաթուղթ էին տվել, որոնք  ստորագրել էր՝ առանց կարդալու: Արդյունքում՝ հիվանդանոցն ու բժիշկն ազատվել էին ամեն տեսակի պարտավորությունից:

Կինը պատմում էր զուսպ, բայց շփոթված, ժամանակ առ ժամանակ դադար տալով եւ հարցերի սպասելով: Ես լուռ էի: Երբ կինն ավարտեց պատմությունը, հարցրի՝ «Ի՞նչ եք ակնկալում ինձանից լսել»: Ասաց՝ «Միայն այն, որ մեկն ինձ հետ այս ճանապարհը կանցնի՝ մինչեւ վերջ: Ես երեխա եմ ուզում»:

Ես գիտեի, որ դեպքի մասին բարձրաձայնելով՝ արդյունքի չենք հասնի: Կինը ստորագրել էր բոլոր թղթերը, իրենց անառիթ պահանջված գումարների մասին վկայող որեւէ գրություն չուներ՝ ո՛չ կտրոն, ո՛չ ստացական: Այսինքն՝ այդ դրվագը եւս ապացուցելի չէր: Իհարկե, որպես լրագրող, հասկանում էի, որ ձեռքիս տակ նյութ է, որին ավելացնելու բան էլ չկա, սենսացիա, բայց նաեւ հասկանում էի, որ դրանից հետո սկսվելու է դատական քաշքշուկ, անարդյունք ընթացք, իսկ այդ կնոջ համար՝ նոր մղձավանջ:

Այդ պահին ես կատաղած ամբոխի առաջ ծնկի իջած, աղերսող մարդն էի, որի խնդրանքից, գուցե, ոչինչ էլ չէր փոխվելու աշխարհի վրա: Ուղղակի ասացի՝ «Ես կլինեմ ձեզ հետ՝ մինչեւ վերջ»:

Դրանից հետո գրեթե մեկ տարի տեւած պայքարն էր՝ խնդրանքների, շանտաժի, բողոքների, վերադասների մասնակցությամբ: Փառք Աստծո, վերադասը, ում անունը հասկանալի պատճառներով չեմ նշի, պարկեշտ անձնավորություն էր: Լսեց մեզ, տիկնոջը, մեղավոր բժշկին ու հրահանգեց՝ փորձել այնքան, մինչեւ ստացվի: Բժիշկը առարկեց, թե կինը 50 տարեկան է, փորձելն անգամ անիմաստ է: Նրա խոսքը կիսատ մնաց:

Այլ բժիշկների օգնությամբ, արտասահմանից ժամանած մասնագետների խորհրդատվությամբ, հաղթահարելով ցավոտ ու հուսահատեցնող բազմաթիվ պրոցեդուրաներ, հերոսուհիս վիրահատվեց մի քանի անգամ: Հղիացավ 2 անգամ, վիժեց... Բայց չնահանջեց: Եվ այսպես, պատմության վերջում, ծնվեց Մարիամը, ով պիտի դառնար իր ծնողների երջանկությունն ու իմ լրագրողական լավագույն նյութը, ամենասիրելի տեքստը, որ չգրվեց, ծնկած ու աղերսող մարդու իմ հաղթանակը:

Մարիամն արդեն 2,5 տարեկան է, իսկ ես այդպես էլ լրագրող չդարձա:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am