Զզույշ եղեք՝ դեռահաս երեխան բաց ծովում հայտնված նավակ է - Mediamax.am

Զզույշ եղեք՝ դեռահաս երեխան բաց ծովում հայտնված նավակ է
6657 դիտում

Զզույշ եղեք՝ դեռահաս երեխան բաց ծովում հայտնված նավակ է


-Ո՞վ եմ ես։ 

-Ի՞նչ եմ ուզում դառնալ։ 

-Ի՞նչ են ինձնից ուզում բոլորը։ 

-Ինձ հանգիստ թողեք։ 

-Մազերս չեմ կապելու եւ իմ ընտրած շորն եմ հագնելու։

 

Խոսքեր, որ մի ակնթարթում ծնողին հունից կարող են հանել։ Խոսքեր, որ շատ մեծահասակների կողմից անիմաստ եւ մանկամիտ են որակվում։ Նշել եմ միայն առաջին պահին հիշվող արտահայտությունները, սակայն դրանք շատ են եւ անհատական։ Դրանք շատ հստակ կարող են բնորոշել այն հոգեբանական վիճակը, որում գտնվում է երեխան։ Նման արտահայտություններ գրեթե բոլոր բազմանդամ ընտանիքներում հնչում են։  Եթե ընտանիքում երեխա կա, ապա նա անխուսափելիորեն կբախվի դեռահասության անցումային փուլի հետ։

 

Ի՞նչ է «դեռահասությունը»

 

Դեռահասությունը մարդու զարգացման համակարգում մի հզոր փուլ է, որը հնարավորություն է տալիս հրաժեշտ տալ մանկությանը եւ անցում կատարել դեպի հասուն կյանք։ 

 

Ոմանց մոտ այն ակնհայտորեն դրսեւորվում է, ոմանց մոտ աննկատ անցնում, բայց մշտապես իր որոշակի հոգեբանական պաշարն է ունենում՝ լինի այն դրական, թե բացասական։ Դեռահասությունը նման է բաց ծովում նավարկվող նավակի, որը ղեկ չունի եւ տրվում է ալիքների քմահաճույքին։ Դեռահասը խոցելի է, քանի որ իր մեջ միախառնված են երեխան, մեծահասակը, հնազանդությունն ու ըմբոստությունը, ողջամտությունն ու արկածախնդրությունը, արժեհամակարգն ու ցուցամոլությունը։ 

 

Դեռահասը նման է հակասությունների մի համակարգի, որը չունի ղեկավարվելու ցանկություն եւ փնտրում է միջավայր՝ ինքնադրսեւորման համար։ Հնարավոր է, ընթերցողը հակադրվի, ասելով, որ կան ընտանիքի անդամներ, որոնք կարող են ղեկավարել դեռահասին։ Բնական է, կհամաձայնեմ ընտանիքի անդամների գոյության փաստի հետ, սակայն, ղեկավարելու հանգամանքի հետ՝ ոչ, քանի որ դեռահասը հասունանալու եւ մեծանալու խնդիր ունի, իսկ դրա համար նրան պետք է միջավայր՝ առանց վերահսկողության: Եվ ուրեմն՝ դեռահասին պետք չէ կառավարել, նրան պետք է հասկանալ եւ ընդունել։ 

 

Դա հեշտ ծնողական առաքելություն չէ, քանի որ երեխայի դեռահասությունը, իր հերթին, վեր է հանում ծնողի հոգեբանական խնդիրները։ Հայրերը խնդիր ունեն ինքնաիրականացվել որպես տղամարդ՝ սեփական երեխայի վարքի միջոցով, մայրերն էլ՝ կանացի առանձնահատկությունների ցուցադրմամբ։ Սա շատ ծավալուն խնդիր է, սակայն կփորձեմ մի փոքր մանրամասնել։ Ծնողները հաճախ իրենք են երեխայի անցումային փուլը այդքան դժվարանցանելի դարձնում։ Երեխային լսելու, հասկանալու, նրա ուսումնական կյանքն ուսումնասիրելու փոխարեն, ծնողը մեծ եռանդով սկսում է ուղղիչ վարքային գործողություններ կիրառել։ Երեխան հայտնվում է սահմանափակումների, չբացատրված արգելքների, անձի նսեմացվածության ¥«փնթի», «թուլամորթ», «անկազմակերպ», «հետամնաց»¤ եւ անվանարկման մեջ՝ սեփական ծնողի կողմից։ Ծնողի, ով պետք է հանդիսանա հոգատարության, ապահովության եւ աջակցման ամենաառաջին օղակը։ Ծնողներն էլ իրենց մեղավորության մեղմացուցիչ հանգամանքները ունեն, քանի որ նրանք էլ ունեն չլուծված հոգեբանական խնդիրներ, որոնք ձեռք են բերել հենց այդ տարիքում։ Սեփական երեխայի ամեն մի ձախողումը, ներքուստ վերագրելով ինքն իրեն, ծնողը փորձում է հասարակությանը ապացուցել, որ դա իր մեղքը չէ, այլ շրջապատի մեղքն է, իսկ իր երեխան էլ շրջապատի զոհը։ Նման կերպ հյուսվում է մի կծիկ, որն աստիճանաբար վերածվում է սերնդային վարքային մոդելի, ինչն ամեն անգամ դեռահասության փուլում հայտնված երեխային մղում է սթրեսի եւ քաոսային հոգեվիճակի։ Նման երեխաները միշտ փնտրում են ընկերներ սոցցանցերում, շրջապատում հեղինակություն վայելող խմբավորումներում, կրոնական կամ այլ գաղափարախոսության հետեւորդների խմբերում։ Հարց է առաջանում, իսկ ինչու՞ նման միջավայրերում, ինչու՞ չեն գալիս իրենց եղբայրների կամ քույրերի, կամ, առավել եւս, ծնողների հետ խոսելու։ Պատասխանը մեկն է՝ նման խմբավորումները հնարավորություն են տալիս, որ դեռահասը զգա իրեն մեծ, գնահատված, պետքական, կարեւոր եւ խոսքի իրավունքով օժտված։ Իսկ նման միջավայրերը երեխայի հոգեկանը խարխլելու եւ նրան անկառավարելի էակի վերածելու շատ մեծ ներուժ ունեն։ 

 

Ի՞նչ անել 

 

Այս պարզ հարցն ունի պարզ պատասխան՝ հասկանալ եւ ընդունել երեխայի պահանջները։ Հասկանալ եւ ընդունել չի նշանակում խրախուսել ամեն չմտածված քայլ: Նշանակում է լինել կամ դառնալ երեխայի ընկերը, հասկանալ եւ լսել յուրաքանչյուր պահանջ ու ցանկություն իր պատճառահետեւանքային կապով, եւ միասին վերլուծելով գալ ընդհանուր ոսկե միջինի։ Այն ոսկե միջինին, որը չի վնասի առաջին հերթին երեխային, իսկ հետո արդեն՝ ծնողին եւ հասարակությանը։ 

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին