Մինչ դպրոց եւ դպրոցի ներսում - Mediamax.am

Մինչ դպրոց եւ դպրոցի ներսում
4728 դիտում

Մինչ դպրոց եւ դպրոցի ներսում


Ուսումնական առաջին շաբաթ։ Շատ սթրեսային օրեր, մանավանդ առաջին դասարան հաճախող փոքրիկների համար։ Բոլորի համար այն տոն է, իսկ այդ փոքրիկ մարդուկների համար՝ նոր միջավայր, նոր մարդիկ, նոր պարտականություններ, սահմանված ժամանակ, սահմանված կանոններ, սովորեցնող ուսուցիչներ։ Մենք բոլորս էլ, առաջին անգամ դպրոց գնալիս, ապրել ենք այդ տագնապային պահերը։ Չնայած, եթե փորձենք մտաբերել, դժվար թե հստակ հիշենք մեր բոլոր հույզերը, որոնք առաջացել է այդ պահին։

Այդ տարիքի հիշողությունները դրվագային են, եւ մենք հիշում ենք կյանքի հատվածներ, մարդկանց դեմքեր, բայց ոչ լիարժեք մի ամբողջ եղելություն։ Ես հիշում եմ ինձնից բարձրահասակ մարդկանց, որոնց մեջ ուղղակի չէի երեւում: Հիշում եմ, որ մայրիկիս ձեռքը շատ անհանգիստ բռնել էի, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նոր զգեստ կրելը, նոր պայուսակ բռնելը դա մի պարծենալու բան է այդ տարիքում, սակայն մնացածը՝ դեռ անմարսելի։

Այո, դրական եւ ուշագրավ բաղադրիչներ կան, օրինակ` գույնզգույն փուչիկներ, որոնք ակամայից ուրախացնում են երեխաներին, հասակակիցների ներկայությունը հանգստացնում է, վկայում է, որ դու մենակ չես այս նոր իրավիճակում։ Եվ ահա զանգը հնչում է եւ սկսում են շարքեր կազմվել ու դու ստիպված բռնում ես մի անծանոթ երեխայի ձեռք, ում առաջին անգամ ես տեսնում։ Եվ նշանակություն չունի, դու դա ուզում ես, թե ոչ. դա կանոն է, որին պետք է հետեւել։ Հենց այդ պահից էլ սկսվում են երեխայի ընտրելու ազատ իրավունքի խախտման առաջին փորձերը, որոնք մերօրյա ուսումնական հաստատություններում ավելի արմատավորվում են, փոխարենը՝ չեզոքանան։ Մոտավորապես սրանք ենք երեխայի հուզական եւ գիտակցական մակարդակում կատարվող գործընթացները, որոնք պահպանվում են մեր հիշողության մեջ՝ որպես հիշողություն եւ որպես տրավմա։ Տրավման վախեցնող տերմին է, անշուշտ, բայց իր բնույթով դա նոր իրավիճակին համապատասխան հակադարձում չտալու արդյունք է։ Երբ ծանոթ չես, թե քեզ ինչ է սպասվում, զգացողություններդ անորոշություն են հաղորդում, իսկ եղելությունը, անակնկալի բերելով, չի թողնում միանգամից համապատասխան արձագանք տալ իրավիճակին, այն էլ նախադպրոցական տարիքում։ Չարտահայտված հույզերը վերածվում են կամ ներամփոփության կամ կտրուկ ագրեսիայի եւ դպրոց չգնալու ցանկության։ Հարց է առաջանում. ինչպե՞ս մեղմել այս հոգեբանական խնդիրները։ Փորձեմ կառուցվածքային ներկայացնել, որպեսզի ավելի հստակ եւ ընկալելի լինի։

Մինչ դպրոց եւ դպրոցի ներսում

Այս երկու իրար հաջորդող արտահայտություններն իրենց մեջ պարունակում են տեղեկատվական հզոր ուժ, որը կարող է ձեր փոքրիկին ուղղորդել սիրել դպրոցը կամ հակառակը։ Հակառակը տեղի է ունենում տեղեկատվության բացակայության դեպքում:

Այդ պատճառով էլ խոսենք, թե դա ինչ տեղեկատվություն է եւ ինչպես պետք է այն մատուցել։

Անհրաժեշտ է, որ ամեն ծնող տեղեկացված լինի իր երեխայի տարիքային առանձնահատկությունների մասին։ Նման տեղեկատվություն կա մանկական հոգեբանությանը նվիրված գրեթե բոլոր հոդվածներում կամ տարիքային հոգեբանության գրականությունում։ Կարեւոր է իմանալ, որ այդ տարիքում արդեն ձեւավորված ԵՍ ունեցող երեխան ձգտում է ինքնուրույնության, ձգտում է ամեն բան անել մենակ, ունենալ սեփական անկյուն եւ իր անձի սահմանները, քանի որ նոր է կտրվել մայրիկի հետ միաձուլված կարգավիճակից։ Երեխան կարող է կամակորություններ անել, անկանոն շարժումներ, ունենալ անհանգիստ վարք, անընդհատ շարժվել եւ բարձր մենախոսել։ Իրականում դա ոչ թե միտումնավոր կատարվող գործողություններ են ծնողին բարկացնելու համար, այլ միջավայր ինտեգրվելու, սեփական գոյությունը ներկայացնելու եւ ինքնաարտահայտվելու միջոցներ։ Նման դեպքերում ցանկալի է ծնողի հանգիստ մոտեցումը իրավիճակին։

Ծնողի չլարվելը, երեխայի կամակորությունները հավասարակշված վարքով ընդունելը կնպաստեն այդ փուլի արագ հաղթահարմանն առանց տրավմաների։ Որքան մենք լարվում ենք եւ ցանկանում, որ երեխան իրեն պատշաճ պահի հասարակական միջավայրում, այդքան շեշտում ենք նրա թերի լինելը եւ դրդում երեխային ուշադրություն կորզելու համար հավաքել հանդիսատես՝ այն է, անծանոթ միջավայր, որտեղ մայրիկը կլարվի եւ անելանելի վիճակում կհայտնվի։ Սա «մինչ դպրոց» տեղեկատվությունն է, որը ծնողը պետք է յուրացնի՝ երեխային լավ ճանաչելու համար։

«Դպրոցի ներսում» տեղեկատվությունը ծանոթացումն է երեխային դպրոցին։ Այն կարող է ուղեկցվել.

•    Ծնողի սեփական փորձը ներկայացնելով: Օրինակ, պատմում եք երեխային ձեր դպրոցական կյանքի մասին: Բնականաբար, ներկայացնելով այն ճշգրիտ ու վառ գույներով:

•    Մուլտֆիլմերի կամ դպրոցի առօրյան բացահայտող հետաքրքիր մանկական հաղորդաշարի դիտմամբ եւ քննարկմամբ: Դպրոցի եւ ուսման վերաբերյալ նկարազարդ հեքիաթներ ընթերցելը նույնպես օգտակար է:

•    Նախօրոք դպրոց հաճախել, տարածքին ծանոթացնել, որպեսզի այն, մինչ դպրոց հաճախելը, դառնա հարազատ միջավայր երեխայի համար:

Իրականում այս ամենը ծավալուն եւ ժամանակատար գործընթաց է ծնողի համար, բայց հավատացեք՝ երեխայի առողջ հոգեկանն ու ֆիզիկականը ամեն բանից վեր է։

Ցանկանում եմ ձեր երեխաներին հետաքրքրական, դրական հույզերով լի, գիտելիքներով հարուստ ուսումնական ընթացք։ Եվ մի հորդոր, սիրելի ծնողներ եւ ուսուցիչներ, գնահատական տալիս, այն տվեք ոչ թե երեխային, այլ իրավիճակին, քանի որ անվանարկումը անձի նսեմացում է, լինի դա հասուն, թե նախադպրոցական տարիքում։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին