Սպանել սեփական վիշապին. հակահեղափոխություն թիկունքում - Mediamax.am

Սպանել սեփական վիշապին. հակահեղափոխություն թիկունքում
8773 դիտում

Սպանել սեփական վիշապին. հակահեղափոխություն թիկունքում


Վերջերս հանրային միջոցառման էի, որտեղ ելույթ էին ունենալու նաեւ քաղաքական գործիչներ: Միջոցառումը սկսվեց հեղափոխական ճառերով ու բարձր կոչերով: Բեմի հետնամասում 70-ին մոտ մի տղամարդ հոսանքի լարեր էր անցկացնում՝ հայացքը մերթ ընդ մերթ երկինք ուղղելով: Անձրեւ էր սպասվում: Կոչերին անհաղորդ, բոլոր ճառերն արդեն իմացող այս տղամարդը իր գործն էր անում՝ խոնարհ ու անխռով: Ու նրա առջեւ ճառեր ասողներն ու ճառեր լսողներս այնքան անիմաստ գործով էինք զբաղված: Երկիր էինք կառուցում՝ մեր պատկերացմամբ: Իսկ ինքը լուռ էր:

 

Օրենսդրական նախաձեռնության գաղափար ունեմ. Արգելել Հայաստանում «հերոս» եւ «հեղափոխություն» բառերի  գործածումը: Կհարցնեք՝ ինչո՞ւ. Միանգամից ասեմ՝ որովհետեւ վերջին շրջանում ամենազզվելի արարքներն արվում են այս բառերի հնչյունների տակ, եւ մարդկանց կողմից, ովքեր, հիմնականում, որեւէ կապ չունեն թե՛ առաջինի, թե՛ երկրորդի հետ:

 

Եվգենի Շվարցի աբսուրդային վեպում՝ «Վիշապ»-ում, մի հանճարեղ տող կա. «Մեր զինվորականները հենց նոր մշակել են անցյալ ճակատամարտի ռազմավարությունը: Ուշադրություն դարձրու, այստեղ առանձնահատուկ թեժ է լինելու»: 

 

Հեղափոխության առաջին իսկ օրվանից պարզ էր, որ հակահեղափոխությունը չի ուշանալու: Բայց  այն, որ դա արվելու է այսպես՝ թիկունքից, իրոք, անսպասելի էր:

 

Ինձ համար, օրինակ, որեւէ տարբերություն չկա, թե պետական կառույցի ղեկավարն իր աշխատակիցներին  ինչու է «հորդորում» հանրահավաքի գնալ՝ «հանուն վերածնված հայրենիքի», թե՞ «հանուն ապահով Հայաստանի»: Տարբերություն չկա, թե որ ղեկավարն է իր աշխատակիցներին «խորհուրդ տալիս» աշխատանքից ազատման դիմում գրել՝ «դուխով», թե՞ «քրեաօլիգարխիկ»: Տարբերություն չկա հազարներով մի գիշերվա մեջ ՀՀԿ-ական դարձած ու ՔՊ-ական ավագանու ցուցակում ընդգրկվածների միջեւ: Տարբերություն չկա, իրականում, թե որ դրոշի տակ է երկիրը քանդվում:

 

Հակահեղափոխությունը հեշտ է չեզոքացնել, երբ այն զուգահեռ ընթացող իրողություն է: Երբ այն ներքին բնույթի գործընթաց է, ցավոք, պարտությունն անխուսափելի է: Այսօր, առավել, քան երբեւէ, զգոնություն է պետք ու ժուժկալություն: Չափավորություն է պետք՝ սեփական արածը գնահատելու ու նախորդներին թերագնահատելու, խոսքի ու հատկապես լռության հարցում: Սթափություն է պետք կարեւորն անկարեւորից զատելիս, յուրայիններին ու օտարներին գնահատելիս, հինը նորով փոխարինելիս ու նորոգելիս, որովհետեւ վատն ավելի վատով փոխարինելիս խնդիր չի լուծվում: 

 

Լանցելոտը հաղթեց վիշապին: Դա փաստ է, բայց փաստ է նաեւ, որ ասպետները միշտ ճամփաբաժանի առջեւ են կանգնած, իսկ ճանապարհին զինակիրների ազնվությունը կարեւոր է: Ազնվությունը քննադատության, վիճելու, սխալը ցույց տալու, յուրայինների թերացումները մատնացույց անելու հարցում: 

 

Ուրիշների վիշապներին սպանողները, որպես կանոն, շառլատաններ են, խիզախությունը սեփական վիշապին սպանելու մեջ է:

 

Այսօր ճամփաբաժանի առջեւ կանգնած Լանցելոտին հուշել է պետք՝ որ կողմով գնալ. մի խումբ մարդկանց հետ՝ քծնանքի ու մեծարման կարճ ճանապարհո՞վ, թե՞ լուռ ու խոնարհ իր գործը անող տղամարդու հետ՝ երկար ու դժվար:


Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին