Կրթությունն առանց կարծրատիպերի - Mediamax.am

Կրթությունն առանց կարծրատիպերի
8953 դիտում

Կրթությունն առանց կարծրատիպերի


Ուսումնական տարին սկսվեց, եւ քանի մեր կրթական համայնքը չի ընկղմվել դպրոցական առօրյայի մեջ, հայացք նետենք դեպի հորիզոն եւ հասկանանք, թե ուր ենք գնում։

Այս օրերին Մոսկվայում մեծ միջազգային կրթական ֆորում էր։ Քննարկումներից մեկը, որին մասնակցում էին աշխարհի հայտնի նորարական դպրոցական համակարգերի ղեկավարներ, ես էի վարում։ Սուր հարցեր էինք քննարկում, մեզ հատկացված ժամանակը արագ սպառվեց, բայց քննարկումը շարունակեցինք։ Այն գնալով սավառնում էր ավելի եւ ավելի բարձր, ու ես մի պահ հասկացա, որ գաղափարները այնքան են կտրվել գետնից, որ դրանք անհնարին է տեղավորել առկա կրթական իրականության մեջ։ Թվեմ մի քանի հարցեր, որոնք բարձրացվեցին սեղանի շուրջ։

1. Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ երիտասարդներին կրթելու ամենաարդյունավետ միջոցը իրենց մի սենյակում հավաքելն է եւ իրենց առջեւ բանիմաց մարդ դնելը։ Այն դարում, երբ սակավ էին գրքերը, չկար տեսագրություն, խորը գիտելիքը քչերի մենաշնորհն էր, դա հասկանալի լուծում էր։ Բայց դարը փոխվել է, փոխվել է երիտասարդությունը, իսկ մենք շարունակում ենք նույն բաղադրատոմսը կիրառել։ Նման ենք խճուղու վրա դուրս եկած ձիավորի։

2. Ինչո՞ւ է դպրոցական համակարգը հարմարվում իր ներկայիս տեսքով իմաստավորումը հետզհետե կորցնող բուհական կրթության պահանջներին։ Ինչո՞ւ պիտի դպրոցը զգալի ռեսուրսներ ուղղի երեխային ընդունելության քննություններին պատրաստելուն, որոնց միակ նպատակը քմահաճ համալսարանին ընտրության հնարավորություն ապահովելն է։ Արդյո՞ք դրա համար են ստեղծվում դպրոցները։ Արդյո՞ք դրանով պիտի առաջնորդվեն իրենց աշխատանքում։ Արդյո՞ք չկան այլ, ավելի արդյունավետ ճանապարհներ կրթության շարունակականությունը ապահովելու եւ երկուստեք ճիշտ ընտրություններ կատարելու համար։

3. Ինչպե՞ս է ստացվում, որ գիտելիք կուտակելու երեխաների բնատուր ձգտումը դպրոցական միջավայրում ոչ թե ամրանում է, այլ հետզհետե նվազում, եւ կարիք է առաջանում պատիժ կիրառել, որպեսզի երեխան ձգտի անել այն, ինչին պիտի ձգտի բնազդի ուժով։ Ի՞նչ է պետք փոխել մեր մոտեցումներում, որպեսզի այս վիճակը շտկվի։

4. Ինչպե՞ս անենք, որպեսզի ուսուցիչը չձգտի բացարձակ հեղինակություն լինել աշակերտների համար, այլ պատրաստ լինի սխալվել եւ պրպտել իրենց հետ, ուսանելու եւ սխալների վրա սովորելու օրինակ դառնալով նրանց համար։ Միեւնույն է՝ ժամանակակից երեխաները արդեն չեն ճանաչում տարիքի առավելությունը, չեն ընկալում մեծերին որպես բացարձակ հեղինակություն։ Արդյո՞ք իմաստ ունի պայքարել այդ երեւույթի դեմ։

Այս հարցերի իմ պատասխանները հիմա չեմ տա։ Թող դրանք դառնան քննարկման առարկա, եւ այն խոսակցությունը, որն ունեցանք նորարարական դպրոցների ղեկավարների հետ, շարունակություն ստանա մեր կրթական համայնքի մեջ։ Ուսումնական տարվա ընթացքում, կարծում եմ, շատ հնարավորություններ կունենանք այս եւ այլ արդիական հարցերը տարբեր ձեւաչափերով քննարկելու համար։ Իսկ տարվա վերջում կամփոփենք դրանք ու եւս մի քանի քայլ առաջ կգցենք՝ կրթության բարդ խնդիրների հանգուցալուծման կարեւոր եւ վերջ չունեցող ընթացքում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին