Սիրենք հինը եւ մաշվածը - Mediamax.am

Սիրենք հինը եւ մաշվածը
5054 դիտում

Սիրենք հինը եւ մաշվածը


Կան մարդիկ, որոնք զարմանալիորեն կանխազգում են ապագա միտումները։ Մեկը իմ ընկերն է՝ Յան Դավիթը։ Դեռ երկար տարիներ առաջ, երբ հիմնականում սովորական ձեռքի հեռախոսներն էին տարածված, եւ սմարթֆոն բառը անսովոր էր ականջի համար, Դավիթը ամեն կերպ փորձում էր երկարացնել իր հին Siemens S55 ձեռքի հեռախոսի կյանքը։ Արդեն երկու կոճակը դուրս էին ընկել, հեռախոսը մաշված էր եւ խազերով ապակու միջով էկրանի վրայի գրածը տեղ-տեղ դժվարությամբ էր ընթերցվում, բայց Դավիթը շարունակում էր օգտագործել այն։ Գումարի խնդիր չուներ՝ երկու հաջողած բիզնեսների հիմնադիրը կարող էր իրեն թույլ տալ ամեն օր նոր հեռախոս գնել։ Դա իր գաղափարական դիրքորոշումն էր։ Մեր հայ շինարար ընկերները խորը ցավ էին ապրում, երբ Դավիթը իր նորակառույց տուն մտավ մեծ մուրճը ձեռքին եւ սկսեց կոտրել հատակի եւ պատի սալերը, փոսեր անել փայտյա իրերի վրա, եւ այլն։ Դավիթն արդեն այն ժամանակ գիտեր՝ նոր եւ փայլուն տեսք ունեցող իրերի ժամանակն անցել է։ 

 

Վերջերս Apple ընկերությունն առաջինն աշխարհում հասավ 1 տրիլիոն կապիտալիզացիայի։ Ես օգտագործում եմ այդ ընկերության կողմից 2013 թվականին արտադրված նոթբուկը եւ պատրաստվում եմ դեռ երկար օգտագործել, չնայած արտաքինից այն մաշված տեսք ունի, եւ ստեղներից մեկը չի աշխատում։ Ամռանը կայացած՝ iOS համակարգի գալիք տարբերակի ներկայացման ժամանակ ամենամեծ կարեւորությունը տրվեց այն փաստին, որ այդ համակարգը աշխատելու է անգամ iPhone 5 հեռախոսների վրա, ընդ որում՝ ավելի արագ, քան նախորդ տարբերակը։ Կարծում եմ, անմիջական կապ կա բորսայում ընկերության արժեթղթերի գնի եւ այս փաստերի միջեւ։ Ընկերության արժեքը ներդրողների՝ ապագայի նկատմամբ վստահութունից է գալիս, որն իր հերթին պայմանավորվում է ընկերության կողմից ապագան կանխազգալու եւ անգամ ձեւավորելու կարողությամբ։

 

Մեր տունը շրջապատող մետաղյա ցանցից սարքած պարիսպը կար, երբ ես ծնվեցի։ Մուտքի մետաղյա դուռը ծռվել է՝ զարմանալի զուգադիպությամբ իմ հարսանիքի օրը մի երիտասարդ որոշել էր հենց մեր փողոցում ինքնուրույն մեքենա վարել սովորել, եւ մեքենայով մեր բակ մտավ փակ դռների միջով։ Մոտ 10 տարի առաջ մտածում էինք, որ պետք է փոխել պարիսպը, տան արտաքին պատերը սվաղել, եւ այլն։ Այդպես մտածելով՝ եկանք հասանք մի պահի, երբ կինս՝ հերթական անգամ նայելով մեր տան տեսքին, ասաց, որ ոչինչ պետք չէ անել՝ սա է լավագույն տեսքը։ Իհարկե, պետք է «տիրություն անել», որ ոչինչ չքանդվի, մի փոքր այստեղ-այնտեղ տեսքի բերել, բայց հինը նորով փոխարինել, եթե կա եւ աշխատում է՝ անիմաստ է։

 

Որտեղի՞ց է այս ամենը գալիս։ Ինչո՞ւ է խանութներում վաճառվող նոր հագուստը քրքրված։ Ո՞ւր մնաց նախկինում այդքան մեծ ազդեցություն ունեցող մոդայի գաղափարը, երբ ամեն տարի մարդիկ ամբողջովին թարմացնում էին իրենց հագուստի պահարանը։ Ինչո՞ւ ենք մենք վերստին սիրում հին իրերը եւ փորձում դրանց նոր կյանք տալ։ Կարծում եմ, գիտակից մարդկանց ստվար զանգված հասկացել է, որ երկրի ռեսուրսները իրականում սահմանափակ են, եւ ամեն մեկս մեր տեղում պիտի հոգ տանենք եւ դադարենք անմիտ սպառել։ Եկել է նոր դարաշրջան, երբ նոր, փայլուն եւ լիտրերով բենզին խժռող մեքենան այլեւս պարծանքի առարկա չէ, այլ պարսավանքի, իսկ հին շենքերը պահպանելը ավելի կարեւոր է դարձել, քան նոր շենքեր կառուցելը։ Երբ մենք նախընտրում ենք հեծանիվը՝ մեքենայի փոխարեն, նվերները մտածված են, կամ գումարի տեսքով են, որպեսզի անիմաստ իրեր չգնվեն։ Երբ սոցիալական նախաձեռնողականությունը՝ միտված միջավայրի բարեկարգմանը, թափ է հավաքում։ Եկեք բոլորս սիրենք այս նոր կյանքը, որովհետեւ այն ավելի մոտ է ճշմարիտ արժեքներին։

 

Ի դեպ, այս սյունակը գրեցի 2007 թվականին արտադրված Macbook-ի միջոցով, որի մեջ վերջերս կարողացա թարմ Linux համակարգ տեղադրել եւ դրանով կյանքի կոչել։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին