Դուք, ձեր երեխան եւ «չի կարելի»-ն - Mediamax.am

Դուք, ձեր երեխան եւ «չի կարելի»-ն
6258 դիտում

Դուք, ձեր երեխան եւ «չի կարելի»-ն


Շատ դեպքերի եմ հանդիպել, երբ հուսահատված ծնողն ասում է, որ երեխան իրենց չի լսում, ամեն անգամ ստիպված են նույն գործողության կրկնման համար անդադար նախատել, բարկանալ, բայց՝ անօգուտ։ Երեխան շարունակում է հաջորդ օրը նույն արարքները կրկնել, չնայած, որ խոստացել էր այլեւս չանել։ Քանի որ այս խնդիրն արդիական եւ անընդհատ ծագող բնույթ է կրում, կփորձեմ, անդրադառնալով հաճախ տրվող հարցերին, տալ պատկերացում երեխայի ծնողին ուղղված վերաբերմունքի մասին։ Հարկ եմ համարում առանձնացնել մի քանի հարցեր, որոնք, անկախ անհատական վիճակից եւ պայմաններից, անհանգստացնում են ծնողներին.

 

1. Արդյո՞ք ճիշտ են վարվում ծնողները, երբ անդադար նախատում եւ բարկանում են։

2. Երեխան չի հասկանում «չի կարելի» արտահայտության իմաստը, թե՞ կա անհնազանդության այլ գործոն։

3. Կարո՞ղ է չլսելը վերածվել բնավորության։

4. Անհնազանդությունը դաստիարակության բացթողու՞մ է։

5. Ինչպե՞ս հաստատել ծնողի հեղինակությունն երեխայի մոտ։

6. Հնարավո՞ր է անհնազանդ վարքը շտկել եւ ինչպե՞ս։

 

Խնդրի զարգացման ընթացքից, երեխայի բնավորության եւ տարիքային առանձնահատկություններից, ծնողների կոմպետենտությունից, ընտանեկան ընդհանուր մթնոլորտից կախված՝ այս հարցերին կարելի է մոտենալ շատ անհատական եւ տալ տարբեր լուծումներ։ Սակայն հոգեբանական տեսանկյունից կան հստակ եւ ընդհանուր մոտեցումներ, որոնք կարելի է կիրառել՝ անկախ վերոնշյալ պայմաններից։ Այս ամենը հաշվի առնելով՝ կանդրադառնամ յուրաքանչյուր հարցին առանձին։ 

 

Արդյո՞ք ճիշտ են վարվում ծնողները, երբ անդադար նախատում եւ բարկանում են:

 

Նախ` փորձեմ սահմանել, թե ով է ծնողը երեխայի համար կամ առհասարակ, ինչ է ենթադրում «Ծնող» սոցիալական դերը։ Ծնողն առաջին մարդն է, ում երեխան տեսնում է՝ լույս աշխարհ գալով։ Նա այն հենարանն է, ով լինելու է ապահովության, խոչընդոտների եւ վտանգների նվազեցման, ջերմության, սիրո առաջնային հաղորդիչը եւ միջնորդը կյանքի հետ հարաբերություններում։ Ծնողը երեխայի գնահատման սանդղակն է՝ սեփական կերպարը ընկալելու եւ ընդունելու։ Ծնողի ամեն մի խոսքը՝ դրական կամ բացասական, ձեւավորում է երեխայի սեփական անձի եւ մարմնի հանդեպ գնահատումը։ Հետեւաբար, անդադար նախատումը խնդրի լուծում չեմ համարում։ Եթե կա վարք, կրկնվող գործողություն, նշանակում է, որ կա պատճառ կամ ներքին խթանիչ՝ ուղղված ծնողների ուշադրությանն արժանանալուն։

 

Երեխան չի հասկանում «չի կարելի» արտահայտության իմաստը, թե՞ կա անհնազանդության այլ գործոն։

 

Չընկալելուց զատ, հիմնական անհնազանդության դրսեւորումները ունենում են ներքին միտում։ Դրանք երեխայի մտածողության, ցանկությունների եւ պահանջների անհամապատասխանությունն է՝ ուղղված արտաքին ազդակներին եւ շրջապատող միջավայրին։ Տվյալ դեպքում ծնողների «չի կարելի» ազդակը բախվում է երեխայի ներքին միտվածությանը՝ ինքնուրույն գործելուն, որոշում կայացնելուն, սեփական տեսանկյունից իրավիճակը գնահատելուն։ Նման խնդրի լուծումը ենթադրում է երեխայի եւ սեփական վարքի ուսումնասիրում ու քննարկում։

 

Կարո՞ղ է չլսելը վերածվել բնավորության:

 

Յուրաքանչյուր հոգեկան երեւույթ, վարքային դրսեւորում, եթե շարունակական բնույթ է կրում եւ փակագծերը չեն բացվում, այսինքն՝ վարքի պատճառը մնում է չբացահայտված եւ չգիտակցված, ապա, այո, այն կվերածվի բնավորության։ Մարդու բնավորության առանձնահատկություններն առաջնային փուլում դրսեւորվում են գիտակցաբար, սակայն ժամանակի ընթացքում ձուլվում են անձի հետ եւ վերածվում մեխանիկական վարքի։ Հետագայում, համապատասխան ազդակի հանդիպելիս, առանց մտածողության հարթակ տեղափոխվելու, դրսեւորվում են որպես բնական հակազդում։

 

Անհնազանդությունը դաստիարակության բացթողու՞մ է:

 

Ծնողը երեխայի հետ շփման ընթացքում պետք է փորձի հասկանալ՝ արդյո՞ք երեխայի վարքը, անհնազանդությունը դաստիարակության բացթողում է, թե ուղղակի երեխայի դժգոհության եւ անհամաձայնության ցուցադրում։ Սակայն դաստիարակությունը մեծ կարեւորություն ունի երեխայի կամակորության եւ անհնազանդության ձեւավորման մեջ։ Որպես կանոն, գերխնամքն ու թերխնամքը, որոնք ծայրահեղ մոտեցումներ են, հանդիսանում են դաստիարակության բացթողում եւ երեխայի ինքնությունը ճնշող երեւույթներ։ Երեխան նման դաստիարակման մոդելների դեպքում վերածվում է ծայրահեղ քմահաճ եւ բարդույթավորված անհատի, կամ կորցնում է սեփական ԵՍ-ի գիտակցումը, կորցնում անհատականությունը եւ ունենում աննկատ, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ վարքային դրսեւորում։ 

 

Ինչպե՞ս հաստատել ծնողի հեղինակությունն երեխայի մոտ:

 

Մարդկային փոխհարաբերություններում կա պարզ կանոն: Դիմացինի հարգանքը ստանում են ոչ թե ուժեղ եւ թելադրող դիրքից ելնելով, այլ հավասարը հավասարի, փոխկարեւորման մակարդակում։ Այդ կանոնը գործում է ցանկացած ինստիտուտում եւ տարիքային խմբում։ Ընտանեկան փոխհարաբերություններում, մասնավորապես, ծնող-երեխա կոնտեքստում, այն առավել ցայտուն է։ Առհասարակ, ծնողի հեղինակության ընդունումը կրում է ձեւական բնույթ, եթե ծնողը ցույց է տալիս իր ուժը, ստիպում հնազանդվել, ֆինանսական գերակայությամբ բավարարում է երեխայի բոլոր պահանջները, սակայն նույն կերպ էլ զրկում է ամեն բանից։ Իսկ իրական հարգանքը ձեւավորվում է ծնողի սեփական օրինակի, սահմանի մեջ ընկերական հարաբերությունների պահպանման, ծնողի աշխատանքային օրվա, փորձի քննարկմամբ։ Երեխան պետք է իրազեկված լինի ծնողի գործունեության դժվարությունների, կյանքի լավագույն ձեռքբերումների իրական արժեքի եւ ծնողի նվիրվածության արժեքի մասին։ Երեխան, որքան սահմանի մեջ հաղորդակից է ծնողի կյանքին, այնքան հնարավորություն ունի արժեւորելու, գնահատելու թե ծնողի խոսքը, թե նրա գործունեությունը։

 

Հնարավո՞ր է անհնազանդ վարքը շտկել եւ ինչպե՞ս:

 

Մարդկային հարաբերություններում ամեն բան հնարավոր է շտկել, քանի որ մարդու հոգեբանական համակարգը ճկուն է։ Բայց կա մի շատ կարեւոր գործոն. պետք է պատրաստ լինել փոփոխությունը ընդունել եւ դրա հետ հաշտվել։ Դրա համար թե ծնողը, թե երեխան պետք է կարողանան հասնել սեփական սխալի գիտակցմանը եւ ունակ լինեն այն ընդունել։ Նման դեպքում կարելի է մի ամբողջ հարաբերությունների համակարգ փոխել։ 

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին