Իյուն Լիի փոքրիկ հերոսների մեծ մենակությունը - Mediamax.am

Իյուն Լիի փոքրիկ հերոսների մեծ մենակությունը
1600 դիտում

Իյուն Լիի փոքրիկ հերոսների մեծ մենակությունը


Ամառային արեւի շողը դժվարությամբ հատում է Պեկինի արվարձանային բակերից մեկի շեմն ու, աննշան հետք թողնելով, ձուլվում չինական աղմկոտ առօրյային: Բոյանի ու Մոժանի ամենօրյա ռիտուալային կյանքը` դպրոց, բակ, խաղեր, հեծանվային արշավներ պեկինյան փողոցներում, փոխվում է իրենց բակում Ժուույի հայտնվելու պահից:

Ակորդեոնով աղջնակին Պեկին են ուղարկել նրա խնամակալ կաթոլիկ քույրերը: Ժուույը որբ է: Եվ ահա, երեխային ուղարկել են մայրաքաղաք ուսումը շարունակելու: Ժուույին Պեկինում հյուրընկալում են քույրերի հեռավոր բարեկամները, որոնց աղջիկը` Շաոյան ուսանող է, քաղաքական ակտիվիստ, ինչը 1989-ի Չինաստանում խիստ վտանգավոր էր:

Այս նույն բակում են ապրում նաեւ Ժուույի հասակակից Բոյանը եւ Մոժանը: Շուտով նրանք դառնում են անբաժանելի եռյակ: Ընկերական իդիլիան, սակայն, դատապարտված էր փլուզման. Բոյանը սիրահարվում է Ժույույին, Մոժանը զգացմունքներ ունի մանկության ընկերոջ հանդեպ: Այսքանը սյուժեի մասին, որից սկսվում է չինական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող Իյուն Լիի (Yiyun Li)  «Ավելի բարի, քան մենակությունը» (Kinder Than Solitude) վեպը, որն ամենեւին սիրային չէ:

1989-ի ապրիլի 15-ին Պեկինի Տյանանմենի հրապարակում
սկսվում են ուսանողական բողոքի ակցիաներ: Դրանք տեւում են մինչեւ հունիսի 4-ը, երբ չինական կոմունիստական իշխանությունը շարժումը խեղդում է արյան մեջ` ուսանողների ու խաղաղ ցուցարարների դեմ դուրս բերելով ծանր զինտեխնիկա, այդ թվում` տանկեր: Զոհվում են հարյուրավոր մարդիկ: 

Շաոյան, որի ծնողների հոգատարությունն է վայելում ծնողազուրկ Ժուույը, նույնպես Տյանանմենի հրապարակի ակտիվիստներից էր, քաղաքական հայացքների պատճառով հեռացվում է համալսարանից: Այս ամենի ֆոնին նրա չարության հասցեատերը դառնում է Ժուույը, որին Շաոյան մեղադրում է սառնասրտության, կյանքի ու աշխարհի հանդեպ ծայրահեղ անտարբերության համար: Ժուույն, իհարկե, այդպիսին է, չէ՞ որ նրա 10 ու մի քանի ավել տարիներում կյանքը միայն դատարկություն է թողել, մարդկանց շրջապատում մարդկանցից մեկուսացված ապրելու ցանկությունը Ժուույը չգիտի էլ` ինչպես է աճել ու զարգացել իր մեջ: Նա իսկապես ոչինչ չի զգում, բացարձակապես ոչինչ, ու հենց դա է Իյուն Լիի փոքրիկ հերոսուհուն սարսափելի դաժան ու աննկարագրելի խղճահարույց դարձնում ընթերցողի աչքին:

«Մենք բոլորս բանտարկյալներ ու դահիճներ ենք, որ սպասում ենք մեր ժամին. մենք սպասում ենք վրեժի պահին` նրա համար, ինչ խլվել է մեզանից, նրա համար, ինչ սպանվել է մեզանում»:

Մի օր Ժուույը խնդրում է Բոյանին ու Մոժանին տանել իրեն համալսարան` տարածքին ծանոթանալու, որտեղ մի քանի տարուց պետք է ուսումը շարունակեն երեքով: Բոյանի մայրը, որ հայտնի գիտնական է, այդտեղ քիմիական լաբորատորիա ունի, այստեղից էլ Ժուույը  գողանում է թույնի սրվակը, ինչի մասին իմանում, բայց Բոյանին չի տեղեկացնում Մոժանը: Հաջորդ օրը պեկինյան փոքրիկ բակում բնակիչներն արթնանում են բոլորովին այլ իրականությունում: Շաոյան թունավորվում է, բայց չի մահանում, առանց գիտակցության ու անդամալույծ նա ապրում է երկու տասնամյակ:

Դեպքից հետո Ժուույի, Մոժանի ու Բոյանի կյանքը դասավորվում է իրարից անկախ, յուրաքանչյուրը գտնում է փախուստի իր ձեւը, անհետանում են մեկը մյուսի կյանքից ու տեսադաշտից: Բայց արդյո՞ք ստացվում է փախչել անցյալից: Ո՞վ թունավորեց Շաոյային: Պատահականությո՞ւն, թե՞ չստացված սպանության փորձ: Կարո՞ղ էին երեխաները լինել այդքան դաժան:  Իյուն Լին հարցերի պատասխանները ընթերցողին տալիս է ֆլեշբեքային կառուցվածքով նարրատիվի տողատակերում, որ կարդացվում է դետեկտիվի հետաքրքրությամբ:

Իյուն Լին գեղեցիկ գրիչ ունի, հերոսների ներքինը վերլուծելու լավ շնորհք, բայց «Ավելի բարի, քան մենակությունը» վեպը զիջում է հեղինակի պատմվածքներին: Ամերիկյան գրականության հայտնի չինուհին հեղինակավոր գրական մրցանակների կոլեկիցիա ունի հենց պատմվածքային ժանրում: Դեբյուտային վեպում Իյուն Լիին չի բավարարում փորձը, սակայն դա էլ իր հերթին չի խանգարել, որ նրա փոքրիկ հերոսների մեծ մենակությունը ձեռք բերի համաշխարհային բեսթսելերի համբավ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին