Պամբի, կաթ ու մեղր՝ աշխարհի ամենահամով նախաճաշը - Mediamax.am

Պամբի, կաթ ու մեղր՝ աշխարհի ամենահամով նախաճաշը
3522 դիտում

Պամբի, կաթ ու մեղր՝ աշխարհի ամենահամով նախաճաշը


The Guardian-ում կարդացի, որ կհրապարակվի Հեմինգուեյի՝ երբեւէ չհրապարակված պատմվածքը՝ A Room on the Garden Side («Այգու կողմի սենյակը»): Հեմինգուեյն իմ գրական սերերից է, բայց դա ուրիշ պատմություն է: Ինձ նրա պատմվածքի վերնագիրը տակնուվրա արեց՝ բառի ամենասիրուն իմաստով:

Մեր գյուղի տան այգու կողմի սենյակի դուռը ճռռոցով էր բացվում: Հենց ճռռում էր, գիտեի՝ տատիկը գնացել է լավաշ բերելու: Բերում էր, կանգնում ծորակի մոտ, բուռը լցնում սարերի աղբյուրից մեր տուն հասնող ջուրն ու ծուռումուռ մատները թափ տալիս չոր լավաշի վրա: Հետո սրբիչով ծածկում էր լավաշները, որ փափկեն:

Չոր լավաշները դարսած էին ճյուղերով հյուսված պատգարակի վրա. մենք դրան սրեճաք էինք ասում: Պապիկս էր գործում սրեճաքները՝ ուռենու ճյուղերով: 5-6 հատ ունեինք: Թոնիրը վառելուց հետո դրանք շարում էինք սեղանի վրա, որ վրան դարսենք լավաշները: Հենց թոնիրը հանգչում էր, լավաշները համարյա առաստաղին էին հասնում: Երեւի մի քիչ չափազանցնում եմ, բայց,  դե՜, էն ժամանակ փոքր էի, այսինքն`կարճահասակ, ու իմ աչքին լավաշների բլուրը շա՜տ բարձր էր թվում:

Թոնիրը վառելն ու հաց թխելը ընտանեկան արարողություն էր: Նախօրեին՝ մինչեւ առավոտ արթուն էինք մնում: Տատիկս բերում, սենյակի մեջտեղում մի մեծ թաշտ, պարկով ալյուր ու դույլով ջուր էր դնում, եւ հարս ու սկեսուր սկսում էին ալյուր ու ջուր ավելացնելով հունցել խմորը: Հետո ծածկում էին ճեփ-ճերմակ սավանով ու սպասում, մինչեւ խմորը գա: Մենք էլ էինք սպասում`շարքով նստած, մաքուր տոտիկներով, վառվռուն աչքերով: «Հը՞, տատի, սկսե՞նք»,- հարցնում էինք երկու րոպեն մեկ, մինչեւ տատիկի համբերությունը հատում էր ու ժամանակից շուտ ասում` սկսե՛ք, մենակ թե ձայններդ կտրեք: Տատիկը խմորը ծածկում էր երկար ցելոֆանով, ու մենք՝ թոռներով բոբիկ ոտքերով սկսում էինք հունցել խմորը: Ինչքա՜ն էինք քրքջում, իրար հրմշտում, տատիկին ջղայնացնում...

Լուսադեմին խմորը պատրաստ էր, թոնիրը`վառած, հացթուխների ճաշը`օջախի վրա, ձմերուկն ու սեխը`ջրի տակ, թեյն էլ`ինքնաեռում: Հենց դարպասի դուռը շրխկում էր, ուրեմն`հացթուխները եկել էին: Գալիս էին հացատան շորերով` գլխաշորով, շալով ու գոգնոցով, գրպաններում էլ՝ միշտ անանուխի ծծովի կոնֆետ: Թոնրատանն ամեն մեկն իր տեղն ուներ, խմորը բացելու իր սեղանը, գրտնակն ու օխլավը: Մի քանիսը գրտնակում էին, մյուսները`օխլավում, գլխավոր հացթուխն էլ  բացած խմորը քաշում էր լավաշի բարձիկին ու հարվածում շիկացած պատերին:

Մենք էլ մեր պարտականությունն ունեինք. տատիկը խմորը բաժանում էր գնդերի, շարում թասերում ու տալիս մեր ձեռքը: Առավոտից մինչեւ ուշ երեկո խմոր էինք հասցնում թոնրատուն: Առաջին լավաշը միշտ թոնիրն էր ընկնում, ու ես հենց ա՛յդ լավաշն էի սիրում` մի քիչ վառված, մոխրոտ ու ճմռթված: Հենց տատիկը ձայն էր տալիս, գիտեի` լավաշն ընկել է թոնիրը:

Հացթուխներին պետք էր լա՛վ նայել. մեկը ջուր էր ուզում, մյուսը`թեյ, երրորդը`սուրճ, հետո ճաշի ժամն էր գալիս, ապա` ձմերուկի, հետո՝ նորից սուրճ ու թեյ: Ու մենք` թոռներով հենց նրա համար էինք, որ հացթուխների մի ուզածը երկու չդառնար: Կարեւորը՝ բոլորը գոհ մնային, որպեսզի հաջորդ անգամ, երբ տատիկը մի ափսե քաղցրավենիքով գնար հացթուխների տները, չասեին` հոգնած եմ, չեմ կարողանա այդ օրը լավաշ թխել:

Հենց օրը մթնում էր, լավաշի խմորը՝ վերջանում, տատիկը ձեռքս էր տալիս մի ուրիշ թաս ու ասում` հասցրու՛ թոնրատուն, ասա` սա վերջինն է: Իսկ վերջինը կաթնահունցի գնդերն էին: Տատիկս կաթնահունցին պամբի էր ասում: Ու ինձ համար էլ մինչեւ հիմա կաթով հունցված խմորը պամբի է:

Հաջորդ առավոտ, երբ այգու կողմի սենյակի դուռը ճռռում էր, գիտեի` տատիկը լավաշի հետ պամբի էլ է բերելու: Պամբի, կաթ ու մեղր՝ աշխարհի ամենահամով նախաճաշը:

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին