Երեխան ծնողին արտացոլող ամենաարդար դատավորն է - Mediamax.am

Երեխան ծնողին արտացոլող ամենաարդար դատավորն է
10311 դիտում

Երեխան ծնողին արտացոլող ամենաարդար դատավորն է


Գիտեմ, մի տեսակ դատավճռի պես է հնչում այն միտքը, որ երեխայի մարդկային տեսակը արտացոլում է ծնողի ինչպիսին լինելը, սակայն, այո, դա այն իրականության բարձրաձայնումն է, որը ոմանց մտածելու տեղիք կտա, իսկ ոմանց ՝ըմբոստանալու։

Ես նույնպես, լինելով երիտասարդ ծնող եւ հոգեբան, ամեն պահ, աղջկաս վարքից, պահանջներից, դիմախաղից հասկանում եմ, թե որտեղ եմ վրիպել, եւ որտեղ՝ հաջողել։ Հավատացած եղեք, որ երեխաները ամենաարդար դատավորներն են, ովքեր մեզ կտան այն պատժի չափաբաժինը, որին ինքներս ենք գրվել մեր ծնողական անհանդուրժողականության եւ ոչ կոմպետենտության պատճառով։

Ծնող լինելը որքան հաճելի, այնքան էլ վախենալու չափ պարտավորեցնող է, քանի որ դու խնամում ես մարդու, փոքրիկ անհատի, ում կյանքի որակի եւ մարդկային տեսակի միակ պատասխանատուն դու ես լինելու։ Այո, ցանկացած մարդու կյանքում, ծնողից զատ, կան այլ համակարգեր, որոնցում երեխան ստանում է դաստիարակության որոշակի չափաբաժին, բայց դա հասարակության մեջ տեղի եւ դերի պայքար է, այլ ոչ թե մարդկային արժեհամակարգի սերմանում։ Այդ սերմերի հիմքը դրվում եւ կառավարվում է միայն եւ միայն ծնողի կողմից, եւ նույն հարկի տակ բնակվող հարազատների՝ տատիկ եւ պապիկների կողմից։

Ծնողները պետք է ընդունեն մի պարզ ճշմարտություն՝ այն, ինչ ծնողի ներքին բովանդակությունն է, ժամանակի ընթացքում աննկատ կերպով փոխանցվում է երեխային։ Սակայն դրա հետ մեկտեղ ծնողները գրեթե միշտ չեն հասկանում, թե երեխան ինչու՞ այդպիսին դարձավ, կամ ու՞մ է նմանվել։ Միշտ բողոքում եւ արդարացնում են իրենց՝ բնութագրելով սեփական վարքը լիովին հակառակ տեսանկյունից։ Օրինակ, եթե երեխան որոշակի տարիքում թափթփված է պահում սենյակը, մայրը միշտ կշտամբում է, ասելով, որ ինքը երբեք իր դարակներում քաոս չի կարող հանդուրժել, այնինչ սեփական աղջիկը լրիվ իր հակապատկերն է։ Տեսնես ինչու՞ է այդպես։ Հարցը գրելիս ակամայից ժպտում եմ, քանի որ միայն խնդրից փախուստն է մարդուն դրդում ակնհայտ տեսանելին անտեսել։

Ծնողը իր երեխային փոխանցում է մարդկային տեսակի պատկանելիություն, այդ տեսակի մեջ ինքնադրսեւորման որակների ընտրություն՝ ցույց տալով սեփականը։ Հնարավորություն է տալիս կյանքում ընտրել հաղթողի կամ պարտվողի, խնդիրներ ստեղծողի կամ դրանք հաղթահարողի դերը։ Հնարավորություն է ստեղծում երեխայի վախերի առաջացման կամ դրանց հաղթահարման համար։

Իրոք, եթե մի պահ մտածենք կամ փորձենք հիշել, կմտաբերենք այնպիսի դեպքեր, երբ սեփական ինքնատիրապետման բացակայության հետեւանքով բուռն արձագանքել ենք մեր վախի օբյեկտի հայտնվելուն պես եւ վախը փոխանցել երեխային։

Զբոսնելիս շատ եմ նկատել ծնողների, ովքեր, երեխաներին ենթադրյալ վտանգից զերծ պահելու նպատակով, սուր բացականչությամբ ներշնչում են վտանգի զգացողություն։ Օրինակ, եթե վախենում ես շնից եւ շուն տեսնելիս միանգամից երեխային գրկում կամ ճչում ես ու վազն անցնում, ապա երեխան, առանց հասկանալու, կսկսի վախենալ շներից։ Կայունություն սիրող ծնողները, ովքեր երբեք ռիսկի չեն դիմում, սեփական երեխաներին ներշնչում են վախ՝ նորը փորձելու նկատմամբ։ Կայունությունը դրական է դիտվում, երբ ամուր հենարան է տալիս հաջորդ փուլն նվաճելու համար։ Իսկ եթե կայունությունը կյանքի ոճ է, ապա դա տեղում դոփել է, այլ ոչ թե ապրել։ Շատ ծնողներ երեխաներին դատապարտում են տեղում դոփելուն, եւ նման երեխաները երբեք չեն կարողանում ինքնակատարելագործվել, փորձել սեփական անձը տարբեր իրավիճակներում եւ բնագավառներում, չեն կարողանում ճանաչել սեփական իրական ցանկություններն ու կյանքի առաջ տանող իմաստը։ Նրանք ապրում են այն կրկնվող շրջանակում, որը կայուն է եւ միշտ նույն սցենարով է պտտվում։

Ինչպես զսպել եւ երեխայի անձի զարգացման մեջ չարտացոլել սեփական կյանքի ոճը եւ դիրքորոշումը․

•    Իրավիճակին արձագանքելուց առաջ, մի պահ կանգ առեք եւ վերլուծեք արձագանքի հետեւանքները։ Որքանով դրանք կազդեն երեխայի հետագա որոշում կայացնելու եւ նույն իրավիճակին արձագանքելու ձեւի վրա։

•    Հասկացեք ինքներդ Ձեզ, մտովի մեկնաբանեք յուրաքանչյուր քայլ՝ պատասխանլով հետեւյալ հարցերին․ինչու՞ եք նման կերպ արձագանքում, ի՞նչ այլ տարբերակներ կան, արդյո՞ք դա ամենանպաստավոր տարբերակն է Ձեր եւ Ձեր ընտանիքի համար։

•    Որոշեք Ձեր կյանքի ոճի բնույթը, դրական է այն, թե բացասական։ Մտածեք, արդյո՞ք կցանկանաք Ձեր երեխան էլ նման կերպ լինի։ Որքանո՞վ է այդ ոճը Ձեզ օգնում կամ խանգարում փոխհարաբերություններում ¥կյանքի ոճը, դա մեր էությունն է, որ ձեւավորվում է մանկությունից, եւ կախված է մադկանց վերաբերմունքից՝ ուղղված մեզ։

Երեխաները ծնվում են ազատ՝ ընտրելու իրավունքով։ Նրանք հնարավորություն ունեն ամեն հասարակական միջավայրից վերցնել այն, ինչ կզտեն ստացված մեծածավալ ինֆորմացիայից։ Այդ զտիչի տեսակն ու շերտերը ծնողների ձեռքում է։ Մենք ենք այն հիմնավորում եւ ներշնչում երեխային։ Ամենապարզ պատասխանը յուրաքանչյուր մանկական հարցի, դա հետեւյալ պատասխան հարցադրումն է․

-Իսկ դու ինչպե՞ս կվարվես նման իրավիճակում։

Այն հնարավորություն է տալիս հասկանալ երեխայի դիրքորոշումն ու հաշվի նստել դրա հետ, առանց սեփական մոդելն առաջարկելու։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին