Բախվեք ձեր ներքին դեւերի եւ հրեշտակների հետ - Mediamax.am

Բախվեք ձեր ներքին դեւերի եւ հրեշտակների հետ
4760 դիտում

Բախվեք ձեր ներքին դեւերի եւ հրեշտակների հետ


Յուրաքանչյուր մասնագետի առաջնային խնդիրն ինքն իրեն բացահայտելն է, եւ հետո միայն այլ բնագավառներ նվաճելն ու ուսումնասիրելը։ Լինես հոգեբան, լրագրող, բժիշկ, տնտեսագետ կամ այլ մասնագետ, միեւնույն է, կյանքը կճանաչես լիովին եւ կկարողանաս ինքնաիրականացվել այն ժամանակ, երբ կա սեփական ԵՍ-ի բովանդակության ճանաչումը։

Թվում է, շատ պարզ խնդիր եմ առաջ քաշում, բայց հավատացեք՝ ամեն ոք չէ, որ պատրաստ է բախվել իր ներքին դեւերի եւ հրեշտակների հետ։ Այո, ինքնդ քեզ ճանաչել, նշանակում է հաշվի նստել սեփական բովանդակության հետ՝ իր դրական եւ բացասական կողմերով։ Որպեսզի կարողանանք ունենալ ինքնաճանաչում, նախ պետք է ծանոթ լինենք մարդու զարգացման փուլերին, որոնք հղկում եւ ձեւավորում են մեր ինքնությունը։

Մարդու զարգացումը պայմանավորված է սոցիալական, հոգեբանական եւ ֆիզիոլոգիական փուլերի անցմամբ։ Ամեն մի փուլ, զարգացման ամեն մի տարիքում, բովանդակությամբ եւ պահանջներով փոխվում է։

Մինչեւ որոշակի տարիքի հասնելը ֆիզիոլոգիապես ամեն տարի կրում ենք մարմնական փոփոխություն, մինչ կհասնենք մեր օրգանիզմի հասունացման շեմին։ Սոցիալական եւ հոգեբանական զարգացումը, մի փոքր աներեւույթ, սակայն շրջադարձային կարեւորություն ունեցող փուլեր են, քանի որ մարդը հնարավորություն է ունենում ձեռք բերել մի շարք հմտություններ։ Սոցիալական զարգացումը մեր միջանձնային փոխհարաբերություններն են, սոցիալական նորմերի յուրացումը սոցիալական ինստիտուտներում՝ տուն, մանկապարտեզ, ուսումնական հաստատություն, աշխատավայր, սոցիալական դերերի յուրացումն ու կատարումն է։

Հոգեբանական զարգացումը, մնացած փուլերի նման, մարդուն ուղեկցում է ծնված պահից ի վեր, սակայն, ի տարբերություն վերոհիշյալ երկու փուլերի, կարող է չարտահայտված եւ չհասկացված մնալ՝ ինչպես շրջապատի, այնպես էլ սեփականատիրոջ կողմից։

Երբ ասում ենք հոգեբանական զարգացում, հասկանում ենք ամեն բան կապված մարդու ապրումների, մտքերի, հույզերի, նաեւ վարքի հետ։ Յուրաքանչյուրս մանկությունից հասուն կյանք ենք տեղափոխում մի մեծ ճամպրուկ, որտեղ կան մեր անձին տրված  գնահատականներ, այսինքն, մեր ինքնագնահատականի սաղմը։ Կան շատ վարքային դրսեւորումներ, որոնք կիրառել ենք տարբեր իրավիճակներում եւ անդադար կրկնելով՝ վերածել սովորության։ Ճամպրուկում կան նաեւ լսված խոսքերին հաջորդող դատողություններ, հետեւանքների վերլուծություն եւ արդյունքում արժեհամակարգի եւ մարդ տեսակի ձեւավորում։ Այս ամենից ելնելով՝ կարելի է հստակ ասել, որ մարդիկ տարբեր են արձագանքում կյանքի փորձություններին կամ առաջադրած խնդիրներին։

Ոմանք պայքարում են, մի մասը դիմադրում, հանդուրժում, կամ ձուլվում հոսքին, մյուս մասը՝ խուճապի մատնվում։ Կան մարդիկ, որ միշտ օգնություն են ակնկալում, ինքնուրույն ոչինչ չեն նախաձեռնում, ոմանք էլ մենակ են գործում՝ չնկատելով շուրջը կատարվողը։ Սա խոսում է այն մասին, որ մենք տարբեր ենք, քանի որ տարբեր են յուրաքանչյուրիս զարգացման եւ անձի ձեւավորման պայմանները։

Ինքնաճանաչումը՝ դիմակայման հզոր մեխանիզմ

Որքան լավ եմ ճանաչում ինքս ինձ, այնքան հանգիստ եմ։ Որքան լավ գիտեմ, թե ինչի եմ ընդունակ եւ ինչում եմ թերանում, այնքան ինքնավստահ եմ, քանի որ ադեկվատ եմ գնահատում հնարավորություններս։ Որքան լավ եմ հասկանում հույզերս եւ մտքերս, այնքան լավ եմ հասկանում իմ ներսի երեխային, ով ժամանակին նեղացել, տխրել կամ ինչ-որ բանի կարիք է ունեցել։ Կարողանում են լսել նրան, հետեւաբար կարող եմ տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է։ Որքան լավ եմ ճանաչում մարդու բնությունը, այնքան լավ եմ կարողանում հասկանալ ներքին պոռթկումները, որոնք հաճախ խանգարում են սթափ որոշումներ կայացնել։ Այս բոլոր գաղափարախոսությունները մարդկային փիլիսոփայության եւ կյանքի իրականության սահմանային վիճակներն են, որոնք տալիս են արժեք, ուժ եւ, ամենակարեւորը, էքզիստենցիալ իմաստ ապրելու համար։

Սրանք ընդգծում են անհատականության կարեւորությունը, որը շատերը կորցնում են զարգացման ճանապարհին։ Եթե ամեն անգամ, երբ այլեւս չենք հավատում մեր ուժերին, ունենք ներանձնային կոնֆլիկտ կամ տարիքային ճգնաժամ, կարողանանք յուրաքանչյուր գաղափարախոսություն հերթականությամբ ընթերցել եւ համադրել սեփական կյանքի ռիթմի հետ, կունենանք կյանքի վերաիմաստավորում։ Կդիմակայենք յուրաքանչյուր դժվարության եւ վստահ կլինենք, թե որ հանգամանքում կլինենք հաղթող, իսկ որում՝ պարտվող։

Ճանաչեք ինքներդ ձեզ, որպեսզի կարողանաք կառավարել յուրաքանչյուր իրավիճակ։ Հավատացեք, եթե ես գիտեմ կարողություններիս սահմանները, ապա ես կանեմ ամեն բան դրանց սահմաններում, եւ կձգտեմ կատարելագործվել՝ կարողություններս ընդլայնելու նպատակով։ Կպաշտպանեմ իմ անձը անակնկալ անհաջողություններից եւ սպասվող տրավմաներից, որոնք անպայման ազդելու են կյանքիս որակի վրա։ Ինքնաճանաչումը՝ անձի ինքնապաշտպանման ամենահզոր եւ ազնիվ զենքն է։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին