Վախերի եւ կյանքի արանքում - Mediamax.am

Վախերի եւ կյանքի արանքում
4777 դիտում

Վախերի եւ կյանքի արանքում


Ես վախենում էի բարձրությունից: Վախենում էի, որ ոչ թե կընկնեմ, այլ ձեռքիցս ինչ-որ կարեւոր բան կգցեմ: Եթե անգամ ձեռքերումս ոչինչ չէր լինում, միեւնույնն է` բարձրից ներքեւ նայելիս ինձ մոտ միշտ կար ենթագիտակցական վախ, որ ինձ համար շատ թանկ բան սահում է ափերիցս դուրս, եւ ազատ անկումն ինձանից խլում է այն: 

 

Այդ ենթագիտակցական վախը գալիս էր մանկությունիցս: Ընդհանրապես, միշտ կարծել եմ, որ հասուն տարիքում որեւէ իրավիճակներում մեր ունեցած զգացողությունների հիմքը հենց մանկությունում է թաքնված… 

 

Դեռ փոքր տարիքում, երբ կանգնում էի հորաքրոջս` երրորդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբում, ծնկներս դողում էին` ներքեւ նայելիս, մարմինս քարանում էր, ու ես վախից ծալում էի ոտքերս, դուրս նայում միայն պատշգամբի պատին եղած ճեղքերից: 

 

Ինչ-որ կարեւոր բան ձեռքերիցս անգիտակցաբար բաց թողնելու վախն ինձ երկար ժամանակ պահում էր իր գերության մեջ: Ու հարցերն անդադար պտտվում էին գլխումս. արդյո՞ք, մենք ողջ կյանքում ապրում ենք մեր վախերին ենթարկված, դրանց կողմից հիպնոսացած վիճակում, միթե՞ չենք կարող ազատվել դրանցից` սկած այն պահից, երբ գիտակցում ենք դրանք, իսկ, միգուցե՞, պարզապես հարկավոր է ընդունել վախերն ու հաշտ ապրել դրանց հետ:

 

Բարձրությունից վախս հաղթահարելու համար ինձ չօգնեց անգամ zipline-ով եւ պարապլանով թռիչքը. հավանաբար ազատ անկում էր հարկավոր, հարկավոր էր ուղղակի տրվել ձգողականության ուժին ու սահել ներքեւ…

 

Բարձրությունից վախիս ու իմ հերթական բախումը լողավազանում էր, չորս մետր բարձրության վրա, ջրի եւ օդի արանքում մարմինս լարվում էր, ձգվում ներքեւ, ես նայում էի հատակին` արթուն պահելով միտքը, որ այն շուտով կձգի ինձ իր մոտ:

 

Եվ հենց նման իրավիճակներում, երբ մենք կանգնած ենք մի բանի առաջ, որը չենք ճանաչում լավ, երբ հնարավոր տագնապները կրծում են մեզ ներսից, երբ մեր ձեռքերում ոչինչ չկա, եւ մենք ուղղակի թուլացնում ենք զգոնությունը` մտածելով, որ միեւնույնն է ոչինչ չենք կարողանա անել, գալիս են հարցերի պատասխանները, գալիս են անսպասելի, բայց ճշգրիտ: 

 

Մարմինս թուլացած ճոճվում էր ջրի վրա, իսկ ես լայն բացած աչքերով բարձրից նայում էի հատակին` խորամանկ ժպիտով, որ այն ինձ չկարողացավ հաղթել, չկարողացավ ինձ քաշել ներքեւ: Ես, տարված ջրի ամենակարողությամբ, ցատկում էի բարձրից, իսկ ջուրը մի քանի վայրկյանում ինձ վերեւ էր հանում ու արձանագրվում էր իմ հաղթանակը բարձրության նկատմամբ: 

 

Այդպես է լինում նաեւ կյանքում, երբ մենք երկար ժամանակ ապրում ենք վախի մեջ ու մի օր անսպասելի հաղթում մեր իսկ վախերին` առանց վերացնելու այն հանգամանքները, որոնց պայմաններում մեզ թույլ եւ անպաշտպան էինք զգում, հաղթում ենք ինքներս մեզ` ճանաչելով եւ ընդունելով մեր ներսը, չպայքարելով դրա դեմ: Հավանաբար, այդպես են գտնում ներդաշնակությունն ու ավելի հստակ ուղերձներ հղում տիեզերքին:

 

Մենք ճշգրիտ ձեւակերպում ենք մեր ցանկություններն ու վերեւներից հստակ նշաններ ստանում, մենք դադարում ենք ապրել լղոզված մտքերով, դադարում ենք դժգոհել ամեն ինչից, ինչպես օրինակ դժգոհում ենք շոգից կամ անձրեւներից: Դա նման է երկար ժամանակ սառը սենյակում նստելուց հետո օդի` 39 ջերմաստիճանի պայմաններում փողոց դուրս գալուն եւ ոսկորներն արեւի ուղիղ ճառագայթների տակ տաքացնելուց հետո ունեցած զգացողությանը, կամ երկար շոգերից հետո տեղացող հորդառատ անձրեւի տակ թափառելուն: Դա նման է ընդմիջմանը մենակ ճաշելուն, երբ որեւէ մեկը չի խանգարում մտքերիդ հոսքին, երբ շաբաթ կեսօրին, նեղ փողոցում սրճարանում նստած` առանց պատճառի ժպտում ես անցորդներին` սուրճի բաժակը թույլ սեղմելով մատներիդ արանքում:    

Այս հաղթանակներից հետո կյանքը սկսում է հոսել բնականոն ընթացքով, իսկ մենք ավելի հասուն աչքերով ենք նայում մեզ շրջապատող ամենքին եւ ամեն ինչին: Մենք հաղթում ենք ինքներս մեզ: 

 

Ես չեմ վախենում բարձրությունից…

 

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին