Թումանյան 11-ը, ոսկեգույն վերելակն ու «ոչ» ասելու արժեքը
24599 դիտում

Թումանյան 11-ը, ոսկեգույն վերելակն ու «ոչ» ասելու արժեքը


Թումանյան 11 հասցեն, որտեղ բնակվում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ում բոլորը Սաշիկ են անվանում, հանրության ուշադրության կենտրոնում է։ Հուլիսի 4-ին՝ գրեթե ողջ օրը, ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացնում Ա․ Սարգսյանի տանը, իսկ երեկոյան նրան, այնուհետեւ՝ որդուն բերման ենթարկեցին։

Այնպես է ստացվել, որ այդ տանը ես բազմիցս եղել եմ, բայց ավելի քան 30 տարի առաջ, երբ Ա․ Սարգսյանը Երեւանում չէր բնակվում, իսկ նրա որդիները շատ փոքր էին։

«ՀայՊետնախագիծ» ինստիտուտում որպես ինժեներ-կոնստրուկտոր երկար տարիներ աշխատելուց հետո հայրս 1980-ական թվականներին՝ «վերակառուցման» տարիներին, նշանակվեց ԽՍՀՄ СоюзЭлеваторСтрой միավորման Հայաստանի մասնաճյուղի գլխավոր ինժեներ։ Մասնաճյուղը զբաղեցնում էր Թումանյան 11 հասցեում տեղակայված եռահարկ շենքը։ Տատիկս էլ ապրում էր դիմացի շենքում, այնպես որ հաճախ դպրոցից հետո գալիս էի իր տուն, ապա մտնում էի պապայի «գործի տեղը» եւ մենք միասին ոտքով տուն էինք գնում։

Հին ու խարխուլ շենք էր, վերելակ էլ, բնականաբար, չուներ։ Սենյակներն ու միջանցքները, երեւի, երբեք չէին վերանորոգվել։ Բայց դա պապայի «գործի տեղն» էր՝ հետաքրքիր ու ինչ-որ իմաստով հարազատ վայր։ Գնում էի, հայրս գծագրերի հետ էր աշխատում, մի փոքր սպասում էի ու միասին դուրս էինք գալիս։ Մեկ-մեկ էլ, երբ օրվա վերջ էր լինում, գնում եւ տեսնում էի, որ հայրս նարդի է խաղում հիմնարկի տնօրենի հետ։ Հայրս նրա հետ, ընդհանուր առմամբ, հարթ հարաբերություններ ուներ, բայց չէր էլ թաքցնում, որ տնօրենը միջակ ու անհետաքրքիր մեկն է։ Ժամանակ առ ժամանակ պապան հիշում էր, որ տնօրենը ռուսերեն гений բառը արտասանում էր «геня»։

Հետաքրքիր է՝ այն հատվածում, որտեղ հորս աշխատասենյակն էր, եւ՞ս խուզարկություն է իրականացվել։ Իսկ միգուցե՞ հենց այդ հատվածում է շենքի գլխավոր բնակչի առանձնասենյակը։

Իրականում դա էական չէ։ Էականը մանկությանս հիշողություններն են, որոնք ինձ հետ են միշտ։ Հիշում եմ, որ պապայի հետ Թումանյան 11 հասցեից դուրս էինք գալիս եւ տան ճանապարհին (ոչ միշտ) մտնում էինք նույն Թումանյան փողոցում գտնվող «Հեքիաթ» սրճարանը։ Այնտեղից գնում էինք գունավոր գլազուրով պատված քառակոսի թխվածքներ, որոնք այն տարիներին միայն «Հեքիաթ»-ում էին վաճառում։ Վաճառողուհին դրանք դնում էր կարտոնե տուփի մեջ, բերում էինք տուն, ապա  մեկ-երկու՝ ես «քեֆ» էի անում։ Պապայի հետ դրանք գնելը փոքրիկ ծես էր։

Որքան մեծանում եմ, այդքան ավելի սուր եմ հասկանում, թե ինչ կարեւոր է երջանիկ մանկությունը մարդու ապագա կյանքի համար։ Արմատներս իմ մանկության մեջ են, այնտեղ, որտեղ կար ծնողներիս անսահման սերն ու
խիստ դաստիարակությունը, դպրոցի եւ բակի ընկերները, սիրելի քաղաքը։ Երբ դա չես ունենում, փոքրիկ ծեսեր չես վայելում, ստիպված ես լինում ոսկեգույն վերելակում գրել անունդ։

Վերջում մանկությունից մի դրվագ էլ հիշեմ։ 1987 կամ 1988 թվականի ամռանը առաջին անգամ ծնողներիս հետ մեկնեցինք «խորհրդային արտասահման»՝ Ռումինիա։ Գնացքով էինք գնում։ Ճանապարհի կեսից պառկել էի, որ քնեմ, իսկ ծնողներս զրուցում էին մեր տուրիստական խմբի անդամների հետ, որոնք մեր կուպե «հյուր» էին եկել։ Քունս չէր տանում, բայց քանի որ հետաքրքիր էր լսել մեծերի խոսակցությունը, շրջվել էի դեպի պատն ու «սուտքուն դրել»։ Չեմ հիշում՝ ինչ հարց էին քննարկում, բայց հիշողությանս մեջ մխրճվել է (30 տարի է անցել), թե ինչպես հայրս ասաց․

«Տղայիս «ոչ» շատ ենք ասել, միգուցե՝ չափից ավելի շատ»։

Շատ էի զարմացել։ Նախ, ինձ ամենեւին ճնշված երեխա չէի զգում ու լավ չէի հասկանում, թե հայրս հատկապես ինչ նկատի ունի։ Մյուս կողմից, մտածում էի, «եթե գիտեք, որ «ոչ» շատ եք ասել, սկսեք ավելի շատ «այո» ասել»։

Հիմա եմ հասկանում, թե սկզբունքային հարցերում ինձ «ոչ» ասելն ինչքան կարեւոր էր ու իսկապես շնորհակալ եմ ծնողներիս։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am