Սովորեք սիրել, սովորեցրեք սիրել - Mediamax.am

Սովորեք սիրել, սովորեցրեք սիրել
7651 դիտում

Սովորեք սիրել, սովորեցրեք սիրել


Քայլում ես փողոցով եւ փնտրում հանգստություն ու ներդաշնակություն հաղորդող հայացքներ։ Ցանկանում ես ինչ-որ բան հարցնել, սակայն, անցորդին նույնիսկ ժպիտով եւ բարյացակամ հայացքդ չի կանգնեցնում։ Քայլում են տխուր, քայլում են դժգոհ, պաշտպանվող կեցվածքով, կամ, ընդհակառակը, խղճահարություն արթնացնում։ Այս ամենը հաճախ պայմանավորված է միջանձնային փոխհարաբերությունների ոչ ադեկվատ մոդելների յուրացմամբ։ Իսկ նման մոդելները հրամցվում են դեռ վաղ մանկությունից։ 

 

Հասարակության մի ամբողջական շերտ իր ուսերին է տանում բեռ, որը վերցրել է առանց սեփական ընտրության։ Արդյո՞ք դա նրան պետք է։ Արդյո՞ք դա իր կյանքի փորձությունների շղթան է, որ պետք է հաղթահարի։ Մենք լույս աշխարհ գալով՝ ունենում ենք շփման առաջին փորձը որպես սոցիալական էակներ։ Շփումն, ինքն իրենով, կառուցողական բնույթ պարունակող գործողություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել երկու սուբյեկտների հարաբերում։ Իսկ դա հանգեցնում է մի համակարգի գործարկման, ինչը հանդիսանում է սոցիալական կենդանու՝ բանական մարդու ինքնաարտահայտումը։ 

 

Եթե ցանկանում ես ընկալվել, առանձնանալ որպես անհատականություն, ցուցադրել սեփական գոյության արժեքը, եւ, վերջապես, գոյությունդ հաստատել այս հողի վրա՝ անհրաժեշտ է նկատելի լինել դիմացինի կողմից։ Նման կերպ մենք հնարավորություն ունենք արտահայտվելու, սերունդներ կրթելու, փոխանցելու սեփական մտքերը, կիսվելու անձնական փորձով, կյանքի ընթացքում կուտակած իմաստություններով։ Սա կատարվել է դարեր շարունակ։ Իսկ այս ամենի հիմքում ընկած են ճիշտ եւ ադեկվատ կառուցված միջանձնային փոխհարաբերությունները։ Առանց դրանց շփումը կլիներ միակողմանի եւ ժամանակի ընթացքում իմաստազրկված երեւույթ։ 

 

Օրինակ, երեխան, լույս աշխարհ գալով, կարեւորում է եւ° իր, եւ° մոր գոյությունը՝ որպես ծնողի, ով ծնել եւ պատասխանատվություն է կրում նրա հետագա զարգացման համար։ Առանց մեկ-մեկու նրանց առանձին լինելիությունները անիմաստ կլինեն, քանի որ բնությունն ի սկզբանե այդ առաքելությունն է դրոշմել տվյալ փոխհարաբերության մեջ։ 

 

Թե ինչպես կընթանա եւ ինչ որակական չափորոշիչներ կթելադրի նրանց հետագա միջանձնային փոխհարաբերությունները, արդեն կախված է մոր մարդկային եւ սոցիալական արժեհամակարգից։ Միջանձնային փոխհարաբերությունները չունեն ոչ մի սահմանափակում՝ տարիքային, դերային, մշակութային։ Այն ուղղակի գոյություն ունի սոցիալական համակարգի մեջ, եւ մենք, որպես նրա մասնիկը, ակամայից ամեն րոպե ապրում ենք՝ շփվելով, մի բան վերցնելով եւ մեկ այլ բան տալով։

 

Հասարակության մեկ այլ կարեւոր հիմնախնդիր է՝ միջանձնային փոխհարաբերությունների որակական չափորոշիչը։ Դրանից է կախված հասարակության տրամադրությունը, կյանքի ոճը, կյանքի որակը եւ անհատի ադեկվատ  ինքնաբավությունը։ Իսկ այդ որակական արդյունքի միակ մեղավորը՝ դրական, թե բացասական, դաստիարակությունն է։ Երբ երեխային սովորեցնում ես կյանքը, ծանոթացնում շրջակա միջավայրին, յուրաքանչյուր խոսքիդ հետ նրան տալիս ես վերաբերմունքի մոդել՝ ուղղված տերեւին, միջատին, սեփական անձին եւ այլ մարդկանց։ Տրորելով խնամքով աճեցրած խոտը՝ նրան սովորեցնում ես չհարգել դիմացինի աշխատանքը, իսկ դա հետագա միջանձնային փոխհարաբերություններում կստեղծի կոնֆլիկտ։ 

 

Մարդասեր չես եւ ամեն քեզ դիմող անցորդի չես ժպտում, ուրեմն վստահ եղիր, որ երեխան հայելային արտացոլանքի պես կնմանակի մարդկանց հանդեպ մոր դրսեւորած վերաբերմունքը։ Իսկ մարդիկ բումերանգի կանոններով են շփվում, ինչպես մոտենաս, այնպես կպատասխանեն։ Նման քայլով ծնողը դժվարացնում է երեխայի հետագա շփման հմտությունների ձեռք բերումը։ Նրանք գրեթե միշտ դժգոհ եւ ագրեսիվ են, քանի որ չունեն շփվելու այլ մոդել։ Նման երեխաները ունենում են կարծրատիպ, որ անծանոթներին պետք չէ գնահատել որպես սեփական անձից ավելի կարեւոր կամ բարձր մարդկային միավոր։ Մենք վախենում ենք երեխային դաստիարակել բարի, քանի որ նա կշահագործվի։ Մենք վախենում ենք երեխային դաստիարակել համեստ, քանի որ նրան միշտ կընկալեն որպես ոչինչ չհասկացող։ Այնինչ, երեխային կարելի է դաստիարակել արժեհամակարգով եւ նրան տալ իրավիճակներին ու մարդկանց հակազդելու ճիշտ մոդելներ։ Երեխան պետք է հարգի դիմացինին, քանի որ ունի ինքնահարգանք։ Երեխան պետք է հարգի դիմացինի անձնային սահմանները, քանի որ ինքը նույնպես ունի եւ գիտակցում է սեփական անձնային սահմանները։ Մարդկային փոխհարաբերությունները սկսում են կառուցվել նմանատիպ հիմնաքարերի շնորհիվ, նմանատիպ դաստիարակության միջոցով։ 

 

Մենք միայնակ կարող ենք ապրել որոշակի ժամանակահատված, լինել ինքնասիրահարված, հիանալ սեփական գեղեցկությամբ, կատարելագործվել, սակայն գալիս է մի պահ, երբ Էգոն ցանկանում է գնահատվել, եւ այդ իսկ րոպեից անիմաստ են դառնում բոլոր այն ձեռքբերումները, որոնց հասել ենք՝ չնկատելով շրջակա միջավայրը։ Երբ տրորել եւ պոկել ես այն մարդկանց զգացմունքները, որոնք այսօր քեզ պետք են գնահատելու համար քո գոյությունը։ 

 

Միջանձնային փոխհարաբերությունները դա մի արվեստ է, որը հատուկ է բանականությանը, այլ ոչ թե ինքնակոչությանը։ Սովորեք սիրել, սովորեցրեք սիրել եւ ամեն քայլի ու արտաբերած բառի մեջ փոխանցեք սեր եւ ադեկվատ հանդուրժողականություն, քանի որ մարդկային բնությունը, ունենալով սոցիալական հիմք, պայմանավորված է շատ կարեւոր գործնա-գաղափարական երեւույթով՝ միջանձնային փոխհարաբերություններով։

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին