«Կուլտուրայի բարձրացում»՝ օրենք պարտադրելու փոխարեն - Mediamax.am

«Կուլտուրայի բարձրացում»՝ օրենք պարտադրելու փոխարեն
5376 դիտում

«Կուլտուրայի բարձրացում»՝ օրենք պարտադրելու փոխարեն


Չէի կարծում, որ իշխանափոխությունից հետո առաջին սյունակումս կրկին ճանապարհային ոստիկանությանն (ՃՈ) եմ անդրադառնալու։ 10 տարիների ընթացքում շատ եմ գրել այդ թեմայով, վերջին անգամ էլ տարեսկզբին՝ Ուսադիրների պատիվը, երկրի կեղտն ու սրիկաների խրախճանքը սյունակում։

Այս անգամ գրելու առիթը հունիսի 14-ին տարածված ոստիկանության հայտարարությունն էր: Մի քանի մեջբերում անեմ եւ մեկնաբանեմ։

«Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ նախազգուշացումով»:

Ո՞րն է այդ «առավելագույն հանդուրժողականության քաղաքականության» իմաստը։ Ցանկացած վարորդ, ով օրինական եղանակով ստացել է վարորդական իրավունք, պարտավոր է տեղյակ լինել երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին։ Իսկ եթե անգամ տեղյակ չէ, ապա  օրենքի չիմացությունը չի ազատում դրան ենթարկվելու պատասխանատվությունից։ Կարծում եմ, որ «առավելագույն հանդուրժողականության» փոխարեն պետք է խոսել եւ գործել օրինախախտների նկատմամբ «զրո հանդուրժողականության» ոգով: Մանավանդ, երբ արդեն որոշում է կայացվել բազմամիլիոն տուգանքները ներելու մասին:

«Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը, եւ ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթեւեկության վերահսկողության թուլացում: Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթեւեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը»:

Ոստիկանությունում կարող են վստահ լինել՝ հենց այդպես էլ դիտվում է, իբրեւ վերահսկողության թուլացում, որից էլ մինչեւ ամենաթողություն մեկ քայլ է մնում։ Ողջունելի է, որ ՃՈ-ն ցանկանում է երթեւեկության կուլտուրան բարձրացնել, բայց հասկանալի չէ, թե ինչու են կարծում, որ օրինաչափ տուգանքներն եւ պատիժները այդ կուլտուրայի բարձրացմանը չեն նպաստում։ Միգուցե ոստիկանությունը մարդկանց մասին ավելի լավ կարծիքի է, քան ես, բայց մարդկությունը կոշտ օրենքներ է ներմուծել նաեւ այն պատճառով, որպեսզի ոմանց՝ ամեն անգամ «ներված լինելու» գայթակղությանը վերջ դնի։

«Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց»:

Այս հատվածը կարդալիս հարց է առաջանում՝ արդյո՞ք հեղինակները հստակ պատկերացում ունեն օրենք, Քրեական օրենսգիրք արտահայտությունների մասին։ Երբվանի՞ց են ոստիկանության հայտարարությունները լիրիկական տեքստեր դարձել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, գոյություն ունի երթեւեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով եւ երթեւեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով»:

Հույս ունեմ, որ այս արտահայտությունը պետության եւ իրավապահ մարմինների գործառույթները լավ չպատկերացնելու հետեւանք է, այլ ոչ թե մարդկանց միտումնավոր թյուրիմացության մեջ գցելու փորձ։ Այդ նախադասությունը կարդալիս կարելի է եզրակացնել, որ կա միայն երկու տարբերակ՝ ռեպրեսիաներ կամ «կուլտուրայի բարձրացում»։ Օրենքի իրավաչափ կիրառումը երբեք ու երբեք չի կարող ռեպրեսիա համարվել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ցանկացած, անգամ՝ ամենաժողովրդավարական պետություն, ունի ռեպրեսիվ գործառույթներ եւ դրանից «ամաչելը» առնվազն տարօրինակ է։

«Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթեւեկության մյուս մասնակիցների հանդեպ, եւ կունենանք այնպիսի երթեւեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը...»։

Այս պարբերությունը կարող էր ավարտվել երկրային դրախտի խոստումով, բայց, բարեբախտաբար, հեղինակները ժամանակին կանգ են առել։

Հարգելի ոստիկանություն,

Անկեղծ ողջունում եմ մարդկանց ավելի մոտ լինելու ձեր ցանկությունը։ Բայց ձեզանից լավ ոչ մեկ չգիտի, որ ցանկացած հասարակության մեջ միշտ գտնվում են մարդիկ, որոնք օգտվում են իրավապահների փափկությունից։ Այդ վտանգը հատկապես սրվում է հեղափոխություններից հետո, երբ իրական հերոսների հետ երեւան են գալիս շատ կասկածելի կերպարներ։ «Ռեպրեսիվ» մի եղեք, պարզապես գործեք օրենքի տառին ու ոգուն համապատասխան։ Արձանագրե՞լ եք դեպք, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում, զրկեք։ Վստահ եղեք, որ նման պատիժը օրինախախտի համար հաստատ ավելի ազդեցիկ կլինի, քան «բացատրական աշխատանքները»։

«Կուլտուրայի բարձրացման» մասին հայտարարություններ մի տարածեք։ Օրենքը պաշտպանեք՝ արդար ու կոշտ ձեւով։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին