Երբ որոշում ենք կայացնում երեխայի փոխարեն - Mediamax.am

Երբ որոշում ենք կայացնում երեխայի փոխարեն
5734 դիտում

Երբ որոշում ենք կայացնում երեխայի փոխարեն


- Մենք այսօր լավ տրամադրություն չունենք։ 

 

- Երեկ այնքա՜ն կամակոր էինք։ 

 

Նման արտահայտություններ կարելի է լսել ամենուր, որտեղ, անկախ առիթից, հավաքվում են մայրիկներ եւ սկսում փորձով փոխանակվել։ Թվում է՝ ոչ մի տարօրինակ եւ անբնական բան, սակայն, նման դեպքերում հաճախ ականջ է ծակում մի արտահայտություն, որն ամեն անգամ հպարտորեն արտաբերում է յուրաքանչյուր ծնող՝ խոսելով սեփական երեխայի վարքի մասին. դա ՄԵՆՔ դերանունն է, որը մատնանշում է մի քանի հոգու, սակայն վարքի իրականացնողը մեկն է՝ երեխան։ 

 

Ո՞րն է խնդիրը։ Որպես հոգեբան՝ կանդրադառնամ վերոնշյալ հոգեբանական մեխանիզմին, որը կամա, թե ակամա կիրառում են ծնողները, իսկ մինչ այդ կցանկանամ նաեւ խոսել մարդու բնության եւ անհատականության գաղափարի մասին։ Մենք լույս աշխարհ ենք գալիս եւ մահանում միայնակ։ Մենք իրավունք ունենք գոյություն ունենալ, ունակ ենք ինքնուրույն քայլել, խոսել: Այնուամենայնիվ, բարեկամական եւ հասարակական կապերը մեզ դարձնում են սոցիալական համակարգի մասնիկ, որտեղ կարեւոր են համագործակցությունը, նորմերի ընդունումն ու կիրառումը։ 

 

Մեկ այլ տեսանկյունից, դրանք մեզ գցում են պարտավորեցնող փոխհարաբերությունների թակարդը, որոնցից մեկն էլ հարազատական կապերն են։ Հարազատական կապ ասելով՝ հասկանում ենք ընտանիքի անդամներ, սեփական, անձնական ընտանիքի ստեղծում, երեխա-ծնող փոխհարաբերություններ եւ այլն։ Նման կապերը հոգեբանական տեսանկյունից կարեւորում են դիմացինի գոյությունը եւ կարեւորությունը մեր կյանքում։ Երեխան իր վերաբերմունքով եւ գնահատանքով կարեւորում է ծնողի գոյության արժեքը, իսկ ծնողը, իր ամեն մի վայրկյանը ներդնելով երեխայի խնամքի, ներդաշնակ զարգացման եւ դաստիարակման գործընթացում, սպասում է, որ երեխան իրեն կգնահատի։ 

 

Սա բնականոն վիճակ է, որը դուրս է հանում քողարկված, փոխշահավետ հարաբերությունների գաղափարը, ինչը, ըստ ընդունված բարոյական արժեհամակարգի, պետք է ծնող-երեխա կապերի հիմքում բացակայի։ Հենց այս կետում տեղի է ունենում անձնային եւ սոցիալական արժեհամակարգի բախում։ Մայրը՝ որպես անհատ, իր ամբողջ կյանքը կամ կյանքի որոշակի հատված տրամադրում է երեխային, որից հետո սկսում է սեփականատիրոջ իրավունքով պահանջել փոխհատուցում, անդավաճան սեր եւ միշտ առաջին տեղում լինելու պայման։ Նա, չհաղթահարելով հոգեբանական իր խնդիրները, որոնք ձեռք է բերել, երբ ճնշել է անձնական շահը, գերակայություն տալով երեխայի շահին, նրան դարձնում է իր ցանկությունների «գերին»։

 

Մեր հասարակության մեջ շատ կարելի է հանդիպել ծնողների, որոնք երեխայի մասին խոսելիս ասում են՝ ՄԵՆՔ։ Շատ կհանդիպենք ծնողների, որոնք ամեն բան շտապում են ընտրել երեխայի փոխարեն՝ համարելով, որ իրենք ավելի լավ գիտեն, թե փոքրիկին ինչ է պետք։ Բնականաբար, այդ ամենն արվում է բարի նպատակով, սակայն հանգեցնում է գերխնամքի, որի արդյունքում մենք, երեխային պաշտպանելու փոխարեն, նրան դարձնում ենք խոցելի։ 

 

Երբ ասում ենք ՄԵՆՔ, իրականում մերժում ենք երեխայի առանձին գոյությունը։ Որպես կանոն, երեք տարեկանի ճգնաժամը հաղթահարող երեխան դրսեւորում է ինքնուրույնության ձգտող վարք, ցանկանում է ամեն բան ինքնուրույն անել, հետեւաբար՝ նա ուզում է իր ԵՍ-ն առանձնացնել, սակայն մայրիկը դրան պատրաստ չէ։ 

 

Նման երեւույթը կարող է շարունակվել մինչեւ հասուն տարիք։ Աշխատանքի ճանապարհելիս միշտ մայրիկն է ընտրում փողկապը, վերնաշապիկի գույնը, քանի որ մինչեւ հիմա նա չի կարողանում բաց թողնել եւ հաշտվել սեփական երեխայի ինքնուրույնության եւ հասունության հետ։ Արդյունքում երեխան մեծանում է անվստահ, անինքնաբավ, կիսատության զգացողությամբ, քանի որ այդպես էլ չի կարողանում ինչ-որ բան անել սեփական կյանքի համար։ Նա կարող է լավ մասնագետ դառնալ, սակայն հոգու խորքում ունենալ չկայացած հիմք, որը պետք է լցվեր սեփական կյանքի սխալների փորձի հիման վրա։ Նման մարդիկ իրենց համարում են չգնահատված, քանի որ հասարակությունը միշտ տեսել եւ գնահատել է այն, ինչն ընտրել են իր փոխարեն: Նրանք խոցելի են եւ ունեն անկայուն հուզական համակարգ, քանի որ վճռական պահերին դառնում են տագնապային եւ չեն կարողանում ինքնուրույն ու ադեկվատ որոշում կայացնել։ 

 

Մինչ մեր երեխաներին դիմելը, փորձենք հասկանալ մեր ներսում ապրող երեխայի խնդիրները։ Փորձենք լսել նրան, հասկանալ, սիրել, կարեկցել, որպեսզի հետագայում կարողանանք վստահորեն եւ հպարտորեն խոսել սեփական երեխայի մասին՝ ասելով, որ այսօր երեխաս շատ հագեցած օր է ունեցել եւ ամեն բան ինքնուրույն է կատարել: Երբ ունես ընդունված եւ գնահատված ինքնություն, ավելի հեշտությամբ ես ընդունում դիմացինի գոյությունը։ 

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին