7 քայլ դեպի ապագա
10039 դիտում

7 քայլ դեպի ապագա


2018թ. գարնանը Երեւանի եւ այլ քաղաքների փողոցներում հայ ժողովրդի արած հարյուր հազարավոր քայլերը, որոնք թույլ տվեցին փոխել երկրի քաղաքական կարգը, անպայման կմտնեն պատմության մեջ: Ամերիկացի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն նման պահերն անվանում է «բեկումների կետեր», որոնք ճանապարհ են հարթում դեպի ընդգրկուն (արդյունավետ) ինստիտուտների նոր համակարգ: Այժմ հերթը նոր կառավարությանն է, որի գլխավոր խնդիրը տնտեսական կտրուկ աճն է, որին հնարավոր է հասնել միայն արմատական բարեփոխումների միջոցով:

 

2001-2007 թթ. Հայաստանի տնտեսական աճը կրկնապատկվեց: Ներկայիս աճի տեմպերը կրկնապատկում են խոստանում միայն 2037թ.: Աճի բարձր տեմպերին վերադառնալու համար առաջիկա տասը տարում հարկավոր է տարեկան $4 մլրդ-ի ներդրում ներգրավել: Նույնիսկ եթե Forbes-ի ցուցակում ներկայացված բոլոր հայերն իրենց գումարները ներդնեն Հայաստանում, ապա այդ գումարը միայն մի քանի տարի կբավականացնի: Այդ իսկ պատճառով առաջին պլան պետք է մղվեն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք թույլ կտան բարելավել ներդրումային կլիման: Այդ քայլերի թվում են դատական համակարգի եւ պետական ապարատի բարեփոխումը, բանակում եւ տնտեսական ոլորտում փոփոխությունները, ռազմավարական որոշումների մշակումը:

 

Դատարանների բարեփոխում

 

Համաձայն Heritage Foundation-ի գնահատականի՝ տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 42-րդ տեղը: Սա վատ արդյունք չէր լինի զարգացող տնտեսության համար, եթե այս վարկանշային ցուցակում սեփականության իրավունքի երաշխավորման եւ կոռուպցիայի բացակայության ինդեքսների ցուցանիշները ցածր չլինեին: Հենց այս երկու ցուցանիշերն են ստեղծում տնտեսական աճի համար հիմնարար պայմաններ: Եթե սեփականության իրավունքները երաշխավորված չեն, ապա բացակայում են երկարաժամկետ ներդրումներ կատարելու խթանները, իսկ կոռուպցիան լրացուցիչ ծախսեր է ստեղծում բիզնես հիմնելու եւ վարելու ընթացքում:

 

Նոր կառավարությունը պետք է սկսի դատական եւ առողջապահական համակարգերի բարեփոխումներից: Սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում այսօր դատարաններին վստահում է երկրի բնակչության մոտ 20%-ը: Իրավիճակը բարելավումը թույլ կտա առեւտրային վեճերը փոխանցել դատական մարմնին, որն առաջնորդվում է բրիտանական իրավունքի սկզբունքներով: Այս փորձը կիրառել են Սինգապուրում, Հոնկոնգում եւ արաբական որոշ երկրներում:

 

Վերջին եւ Հայաստանին մոտ օրինակը Ղազախստանն է: Աստանայում ստեղծել են հենց այդպիսի դատարան: Նրա գործունեությունը ծավալում են բրիտանացի անկախ իրավաբանները: Լիովին հնարավոր է, որ արդեն մոտ ժամանակներում հայ գործարարները լուծեն վեճերը ոչ թե Երեւանում, այլ Աստանայում: Հայաստանը պետք է ոչ միայն կրկնօրինակի այդ դատարանի կառուցվածքը, այլեւ ընդլայնի քննվող գործերի ցանկը, որպեսզի հաջողվի մրցակցել այդպիսի դատարանների արտասահմանյան օրինակների հետ: Բացի այդ, հարկավոր է վերափոխել իրավապահ ոլորտը: Վրաստանի փորձը ցույց տվեց, որ բավարար քաղաքական կամքի դեպքում կարելի է արագ եւ արդյունավետ հաղթահարել կոռուպցիան, օրինակ, ճանապարհային ոստիկանությունում:

 

ՏՏ կրթության ներառում բանակում 

 

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը՝ փոփոխություններ պետք է տեղի ունենան նաեւ բանակում, որպեսզի պահպանվի նրա մարտունակությունը եւ բարձրանա արդյունավետությունը: Ավելին՝ լիովին հնարավոր է վերածել բանակը ժամանակակից սոցիալական վերելակի եւ բարձրացնել նրա հեղինակությունը: Դեն Սենորի Startup Nation գիրքը նկարագրում է իսրայելական բանակի փորձը, որտեղ երիտասարդները սովորում են ոչ միայն պաշտպանել իրենց հայրենիքը, այլեւ ծրագրավորել, աշխատել թիմում, համակարգային մտածել: Արդյունքում շատերը ծառայությունից հետո աշխատանքի են անցում առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններում: Իսրայելական բանակի փորձը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի Զինված ուժերում: ՏՏ կրթության ներառումը բանակում կխթանի տեխնոլոգիական ոլորտը, որում, չնայած աճի արագ տեմպերին, դեռ ներգրավված է միայն 15 000 մասնագետ:

 

Պետական ապարատի կրճատում

 

Բարեփոխումների ընթացքում հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել պետական հատվածին: Հարկավոր է կրճատել բյուրոկրատական ապարատը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, վերացնել պետական իշխանության եւ գործադիր մարմինների կրկնվող գործառույթները: Նախորդ կառավարությունն արդեն սկսել էր նման բարեփոխումներ: Այս աշխատանքը հարկավոր է շարունակել: 

 

Անհրաժեշտ է նաեւ օգտագործել ներկա կադրային ներուժը: Դա անելն ավելի հեշտ կլինի, եթե պետական կառույցների ներսում եւս ներգրավվեն բարձրակարգ մասնագետներ: Օրինակ, նախորդ կառավարության տնտեսական բլոկում հավաքված էին երկրի լավագույն մասնագետները: Միաժամանակ, պետք է բիզնեսից արդյունավետ փորձեր ընդօրինակել, օրինակ՝ գործարկել KPI-ը (Key Productivity Indicator) եւ ծրագրերի հաջող իրականացման դիմաց լրացուցիչ վճարումների ճկուն համակարգը:

 

Doing Business-ում դիրքերի բարելավում

 

Անհրաժեշտ է հստակ ազդակ ուղարկել ներդրողներին այն դրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի կունենան Հայաստանում: Դրա համար կարելի է մշակել Հայաստանի դիրքերը Doing Business-ի վարկանիշում բարելավելուն ուղղված մանրամասն նախագիծ, որտեղ Հայաստանն այժմ զբաղեցնում է 47-րդ տեղը: Չնայած նման մոտեցման մեխանիզմին՝ այն կարող է համաշխարհային հանրության համար առավել պարզ եւ թափանցիկ ներկայացնել տնտեսական ոլորտի հաջողությունները: Այս միտքը վերահաստատում է Վրաստանի փորձը, որը երկար տարիներ գտնվում է վարկանիշի առաջին տասնյակում:

 

Ցուցանիշների աստիճանական բարելավման համար պետք է հրավիրել համաշխարհային առաջատար մասնագետների եւ ստեղծել գործարար միջավայրի զարգացման համար վերկառավարական փորձագիտական խորհուրդ: Երկրի էկոնոմիկայի նախարարի KPI-ը (Key Producitvity Indicator, Արդյունավետության առանցքային ցուցանիշ) պետք է կապված լինի առաջխաղացման կոնկրետ արդյունքների հետ:

 

Բյուջետային կայունության ապահովում

 

Պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գործիք դառնա քաղաքական կարգախոսների իրականացման համար: Այժմ Հայաստանը բյուջեի 15%-ը ծախսում է պաշտպանական ոլորտի, իսկ 40%-ը՝ սոցիալական ոլորտի եւ հանրային առողջապահության վրա:

 

Այսօր սոցիալական ծախսերի աճը պարզապես չի համապատասխանում երկրի հնարավորություններին: Նույնը վերաբերում է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, որն ամսական կազմում է 55 հազ. դրամ: Տնտեսական զարգացման ներկա մակարդակի պահմաններում այդ աճը միայն կհանգեցնի գործազրկության աճին եւ բիզնեսի հեռացմանը դեպի ստվեր: Տնտեսական աճը պետք է դառնա բնակչության եկամուտների աճի միակ հուսալի երկարաժամկետ հիմքը:

 

Նպատակների սահմանում

 

Հայ հասարակությունը պետք է ձեւավորի հավակնոտ, սակայն իրագործելի երկարաժամկետ նպատակներ, օրինակ՝ առաջիկա 20 տարիների համար: Նրանք պետք է ճանապարհային քարտեզ դառնան ոչ միայն կառավարության, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի հանդեպ:

 

Հետեւաբար, նման ռազմավարական պլանի մշակման համար (Vision Armenia 2040) հարկավոր է ներգրավել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, Սփյուռքին, պաշտոնյաներին եւ համաշխարհային փորձագետներին: Երկարաժամկետ առաջնահերթություններն ընտրելու հիմնական չափանիշը պետք է լինի նրանց ներդրումը՝ տնտեսական ազատության եւ ինքնադրսեւորման հնարավորությունների ապահովման համար:

 

Պարտություն եւ այդպիսով՝ հաղթանակ 

 

Սկզբում բարեփոխումները հաճախ վատթարացնում են քաղաքացիների վիճակը: Դա տեղի է ունեցել նախկին ԽՍՀՄ եւ Լատինական Ամերիկայի երկրներում: Կարճ ժամանակում բարեփոխողների ճակատագիրը հաճախ անբարենպաստ է: Միեւնույն ժամանակ, հետխորհրդային տարածքում բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ որքան ավելի մրցունակ է քաղաքական համակարգը, այնքան ցածր է հավանականությունը, որ իշխանության փոփոխությունից հետո բարեփոխումներից կխուսափեն: Հետեւաբար, երկրի նոր ղեկավարությունը պետք է ապահովի անկախ ժողովրդավարական ընտրություններ: Բաց եւ արդյունավետ ինստիտուտների ձեւավորումը ավելի կարեւոր է, քան քաղաքական նպատակահարմարությունը: Կարելի է նույնիսկ ասել, որ ներկայիս կառավարությունը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի պարտվի հաջորդ ընտրություններում, եւ դա, ամենայն հավանականությամբ, կլինի ամենադժվար քայլը, որն առաջիկայում պետք է կատարել:

 

Սամվել Լազարյանը տնտեսագետ է, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի (НИФИ) Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի եւ ՌԴ ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:


7 քայլ դեպի ապագա
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am