Սիրո խոստովանական նամակը, պապիկիս այգին ու 5 կիլո ձուկը
2176 դիտում

Սիրո խոստովանական նամակը, պապիկիս այգին ու 5 կիլո ձուկը


«Բարեւ, Մարիա,

Մոտ օրերս եկա Նախիջեւան, որ այցելեի ձեր տուն։ Նախիջեւանի շուկայում հանդիպեցի ձեր բարեկամներից մեկին, նա ինձ պատմեց ձեր ամուսնության լուրը, երկինքը փլվեց գլխիս, եւ ես դարձա կիսակենդան աղավնի։

Սրտիս վրա հուշ է նստել, բախտիս վրա ղուշ է նստել, աշխարհի անբախտը ես եմ, բախտիս վրա փուշ է նստել։ Եթե անգամ երկու երեխաներդ հետեւիցդ գան, դարձյալ դու իմն ես»։

Տատիկիս երկրպագուներից մեկն էր գրել այս նամակը։ Անգիր գիտեին բոլոր թոռները։ Տատիկիս քույրն էր սովորեցրել: Ամեն երեկո կանգնում էինք աթոռներին ու արտասանում, ընդ որում՝ բոլորս միաժամանակ։ Պապիկս աշխարհի ամենահամբերատար մարդն էր, բայց հերիք է լսեր «բարեւ, Մարիա», վրդովվում էր, թե «Նորա՛, բավական է երեխաներին հիմար բաներ սովորեցնես»։ Պապիկս վատ բառեր չէր օգտագործում: Հայհոյա՞նք: Երբեք: Բայց այս նամակը նրան հունից հանում էր, թեեւ երբեք ձայնը չէր բարձրացնում: Նրա ապրած 81 տարիներից 16-ին ես էլ եմ ներկա եղել ու մի անգամ եմ նրան բղավելիս տեսել: Մեղվի փեթակներն էր մաքրում, տատիկս էլ գնում-գալիս, անընդհատ հարցնում էր՝ «Խաչի՛կ, Բենիկի փեթակները չեմ գտնում»: Բենիկը տատիկիս եղբայրն էր: Ամռանը փեթակներն ի պահ էր տալիս պապիկիս: Պապիկս էլ այդ օրը մեկ լռեց, երկու լռեց, չդիմացավ ու բղավեց՝ «ավազակը ձեր ցեղն է»: Ու տատիկս սկսեց ձայնով ծիծաղել: Մենք էլ՝ նույնը: Բայց պապիկս խռովեց: Խռովեց ու մեղվապահի դիմակը շպրտելով՝ տուն գնաց:

Այդ պահերին միայն ես էի կարողանում պապիկիս սիրտը շահել: Գրքերս վերցնում էի, գնում, նստում կողքին, ու ամեն ինչ մոռանում էր: Ասում էր՝ «հապա մի գրիչս ու ակնոցս բեր»: Իսկ դա նշանակում էր, որ մինչեւ մութը չընկներ, չէր թողնելու տեղիցս վեր կենամ. դաս էինք անելու: Ու թեեւ ես մաթեմատիկական ընդունակություններով առանձնապես չէի փայլում, պապիկս չէր հանձնվում: Ուզում էր՝ դասարանում առաջինը լինեմ: Ու սեպտեմբերին ես դպրոց էի գնում դասագրքի կեսը յուրացրած: Մյուս թոռների հետ հավես չուներ: Տատիկս համոզում էր, թե «ա՛յ Խաչիկ, մի քիչ էլ էն երեխեքի հետ պարապի»: Պապիկս էլ, թե՝ «չե՞ս տեսնում՝ էն երեխեքը խաղում են»: 

Ես էլ էի խաղալ ուզում: Բայց ավելի շատ՝ պապիկիս ուրախ տեսնել: Իսկ նա ուրախ էր, երբ գրիչը ձեռքին էր, ես էլ՝ կողքին: Հենց տեսնում էր՝ հոգնում եմ, ասում էր՝ «հապա մի արի հետեւիցս»: Ինձ տանում էր այգի ու ցույց տալիս թփերի տակ թաքնված մեծ-մեծ ելակները: Աշխարհի ամենահամով ելակը պապիկիս մշակած այգում էր աճում՝ խոշոր, սիրուն, ջրալի: Պապիկս սիրում էր այգին մշակել  այնպես, որ անգամ ոտք դնելու տեղ չմնա. ամեն քայլափոխի մի բան էր աճում՝ լոլիկ ու վարունգ, լոբի ու կանաչի,  գազար ու կարտոֆիլ,  ելակ ու հաղարջ: Մի այդքան էլ ծառ կար՝ տանձ, խնձոր, կեռաս, բալ, ընկույզ ու դեղձ: Այսինքն՝ օրվա ճաշն ու ընթրիքը  որոշվում էր այգում:

Պապիկս սիրում էր առատ սեղաններ: Սով տեսած մարդու համար կերակուրների բազմազանությունը հին վերքերի ամենալավ բուժամիջոցն էր: Տատիկս լավ գիտեր ամուսնու՝ այդ վերքերով սնուցված բնավորությունը, դրա համար հենց լսում էր վաճառականների մեքենաների ու դրանց շուրջ խմբված գյուղացիների ձայնը, ասում էր՝ «տանն ամեն ինչ կա, էլ չգնաս, աչքիդ տեսածը բերես տուն»:

Հիշում եմ՝ մի անգամ Երեւանում պապիկս առավոտ կանուխ արթնացավ, վերցրեց  ցանցավոր գործվածքով կարմիր տոպրակներն ու շուկա գնաց: Վերադարձավ 5 կիլոգրամ բեռով: Մանր ձկներ էր գնել: Այդ օրը՝ մինչեւ ուշ երեկո, տատիկս ու մայրս ձուկ էին մաքրում: Մաքրում էին ու փնթփնթում: Իսկ ես ուրախանում էի, որովհետեւ պապիկս էր ուրախ. հավեսով սպասում էր ընթրիքին: Միշտ լավ ախորժակ ուներ: Իսկ եթե ուտել չէր ուզում, ուրեմն հիվանդ էր: Փոքր էի, երբ պապիկս հիվանդանոց ընկավ: Սրտի կաթված էր ստացել: Ու ես հիշում եմ`ոնց էի համոզում պապային, որ եթե պապիկն ինձ տեսնի, միանգամից կլավանա: Բժիշկը մոտակայքում էր: Ասաց՝ թող մտնի երեխան: Մտա: Պապիկս պառկած էր: Ինձ տեսավ, ժպտաց: Բան չասացի, ինքն էլ չէր կարողանում խոսել: Մոտեցա ու սկսեցի շոյել գլուխը: Պապայիս աչքերից արցունքները թափվեցին: Բժիշկը խնդրեց՝ դուրս գա, իսկ ես մնացի: Մի շաբաթից պապիկս տանն էր:

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am