Շիրակացի ճեմարանի սաներն ու նոր Հայաստանի դեմքը - Mediamax.am

Շիրակացի ճեմարանի սաներն ու նոր Հայաստանի դեմքը
5245 դիտում

Շիրակացի ճեմարանի սաներն ու նոր Հայաստանի դեմքը


Մանկությանս, նույնիսկ ամենավաղ տարիքի, դրվագները լավ եմ հիշում. զարմանալի ճշգրտությամբ: Հաճախ եմ վերադառնում անցյալ ու ինքս ինձ քննում` չկտրելու համար ներաշխարհիս կայացման թելը, ինքս ինձ ճանաչելու անվերջ գործը սիրելի զբաղմունքս է:  

Օրերս, զարմանալիորեն, բացահայտեցի, որ 7-րդ դասարանցի Մարիից հատուկ դրվագներ չեմ կարողանում հիշել: Շիրակացի ճեմարանի սաների հետ հանդիպման էի: Նախորդ օրը փորձում էի հիշել ինչպիսին էի այդ տարիքում, ինչն էր ինձ ամենից շատ հետաքրքրում. ուզում էի հասկանալ` ինչպես խոսել, որ չձանձրացնեմ այդ տարիքի երեխաներին: Թեման, որի մասին խոսելու էր լրագրող Մարի Թարյանը, «Խոսքի ուժն» էր. մտածում էի` ինչ պետք է ասի երիտասարդ լրագրողը, որպեսզի այդ տարիքի երեխան ուզենա լսել:

Երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ, կարող եմ ժամեր անցկացնել նրանց հետ. նրանցից  սովորելու շատ բան կա: Նրանք սրատես են, ազնիվ ու բաց: Ինքդ էլ պետք է ազնիվ լինես, այլապես շատ արագ դուրս կմնաս նրանց ուշադրությունից: Երկար նախապատրաստվելու գործընթացը համարում եմ փակված գիշերը` ժամը երեքին: Անջատում եմ համակարգիչն ու դասարան մտնելու ռազմավարական պլանի հիմքում ազնվությունը դրած` քնում:

Ճեմարան հասնում եմ մի փոքր ուշացած: Մեկ տասնյակից ավելի հետաքրքրված ու անհամբեր աչքեր ուղղվում են վրաս: Պատմում եմ իմ մասին, հետո Մեդիամաքսի, որտեղ աշխատում եմ: Երբ հերթը հասնում է թվերին, խորամանկ աչքերով իրար են նայում` լսելով, որ 10 տարի է` աշխատում եմ լրագրության ոլորտում: Երիտասարդ օրիորդը, ով շփոթված մտել է դասարան, ձայնը, կարծես, դողում է` հայտարարում է, թե 10 տարվա լրագրող է: Նրանք կասկածանքով են նայում վրաս, ես մտքումս դասավորում եմ դասի հաջորդ դրվագը, բայց ձախողում այն:

Ու ձախողում եմ, որովհետեւ երեխաները հարցեր ունեն: Հարցեր, որոնց հոսքը, թվում է` չի ընդհատվելու: Հիշում եմ վերջերս Երեւանում կայացած հանդիպման մասին, որտեղ հավաքված բազմաթիվ երիտասարդ լրագրողները քար լռությամբ նստել էին, երբ լրագրության հայտնի մի մասնագետ խոսքն ավարտելուց հետո խնդրեց իրեն հարցեր ուղղել: Մի կողմ եմ դնում լրագրողական նյութերը, որ պատրաստվում էի իրենց ցույց տալ, փակում եմ համակարգչի պատուհանն ու բացում անկեղծության արկղը:

-Որն է Ձեր մասնագիտության գրավչությունը, ուզում եմ իմանալ` ինչի ա հավես դրանով զբաղվելը,- Նարեկն է, ինձ ամենամոտ նստած աշակերտը:

- Մարդկանց հետազոտելու ամենալավ միջոցն է: Ծանոթանում ես մարդու հետ ու ընդամենը մեկ կամ երկու ժամ ունես նրան բացահայտելու համար: Իսկ հաջողելու համար մի լավ ձեւ կա, պատկերացրեք, որ սիրահարվում եք այդ մարդուն, ձեզ սկսում են հոգեկան թելեր կապել, բացվում եք միմյանց առաջ, իսկ վերջում չեք մոռանում սիրուն ավարտել սիրո պատմությունը` բաց դռներ չթողնելով, որպեսզի նեղացած չբաժանվեք:

Պատասխանը, կարծես, դուր է գալիս աշակերտներին, իրար են նայում` քթի տակ ծիծաղելով:

Անցնում ենք առաջ` հերթը տալով այս օրերի ամենաթեժ թեմային` հեղափոխությանն ու դրա լուսաբանմանը: Այստեղ կարմիր այտերով աղջնակը` Էլենը, ինձ է ուղղում լրագրողիս համար ամենացավոտ հարցը:

-Ինչո՞ւ են լրագրողներն ապատեղեկատվություն տարածում:

Կախում եմ աչքերս ամոթից, ապա պատմում, թե ինչ պատճառներով է դա արվում` մտովի կռիվ տալով գործընկերներիս հետ: Հիմա նրանց եմ դիմում` որեւէ բան գրելիս` մտածեք, որ այս երեխաները կարդում են ձեզ, նրանք լավ տարբերակում են կեղծն իրականությունից: Լուրը հրապարակելուց առաջ պատկերացրեք ամենապայծառ ու անկեղծ աչքերը, որոնցով նրանք նայելու են ձեր լուրերին: Մի խաբեք նրանց:

Հարցերի անդադար շարքը մի կողմից մտնում ու մյուսից դուրս է գալիս` ինձանից քամելով մասնագիտությանս բոլոր կարեւոր կողմերը: Երեխաներին ամենից շատ հետաքրքրում են կեղծ լուրն իրականից տարբերելու միջոցներն ու ազդեցիկ խոսք կառուցելու գաղտնիքները: Մի քանի մեթոդների մասին եմ պատմում, որոնք ինքս եմ օգտագործում: Հաջորդ ոգեւորության ալիքն անցնում է նրանց դեմքերով, երբ խորհուրդ եմ տալիս շատ կարդալ. այստեղ նրանք միանգամից են համաձայնում ինձ հետ, թվում է` ի զուր եմ այդ մասին հերթական անգամ հիշեցնում նրանց, աշակերտները դա լավ գիտեն: Հարցնում են` ինձ վրա տպավորություն գործած գրքերի մասին, նշումներ անում:

Հետո դասարանի ուսուցչուհին խնդրում է խոսել հայերենը մաքուր պահելու կարեւորության մասին: Այստեղ, ինքս ինձ համար անակնկալ հիշում եմ նրանց տարիքում իմ ու ընկերուհուս գտած հնարամիտ լուծման մասին:

-Մաքուր հայերենով խոսելու օրեր հայտարարեք եւ խախտումների համար տուգանքներ սահմանեք: Դա շատ է օգնում, ինքս էլ այդպես արել եմ, երբ ձեր տարիքում էի:

Սա, կարծես, ուսուցչուհու սրտով է, երեխաներին էլ դուր է գալիս այս խաղը խաղալու միտքը:

80 րոպեն անցնում է վայրկյանի պես: Դպրոցի մուտքի մոտ ինձ են հասնում աշակերտներից երկուսը.

-Օրիորդ Մարի, մոռացանք ասել, մենք այստեղ մեդիա խմբակ ունեք, շուտով լրատվամիջոցներ ենք գնալու` ծանոթանալու լրագրողների աշխատանքին ներսից:

Ոգեւորությունը, որ տեսնում եմ այս երկու աղջիկների աչքերում, թեւերիս նոր փետուրներ է ավելացնում: Ու ինչքան քաղցրություն կա նրանց «օրիորդ Մարի»-ի մեջ:

Ճեմարանի միջանցքում հանդիպում եմ երեխաների` հեղափոխության առաջնորդի նկարով, անվախ, սիրուն, ինքնավստահ: Հենց այսպիսի երեխաներն էին, որ հաղթեցին այն բոլոր վախերին, որ ունեինք մենք, առանց մտածելու դուրս եկան կռվի` գուցե շատ լավ չգիտակցելով էլ, թե ում դեմ են պայքարում եւ ում կողմից, բայց հրաշալի իմանալով, որ ուզում են ավելի լավ երկիր ունենալ: Նրանք տվեցին մեզ նոր Հայաստանում ապրելու բանալին: Մեր դպրոցներում լուսավոր երեխաներ են սովորում, մենք հրաշալի ապագա ունենք, որը գծագրվում է հենց այս աշակերտների դեմքով, պետք է փայփայենք այս երեխաներին ու ամեն բան անենք` նրանց երազանքներին կերպարանք տալու համար:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին