Հեղափոխության իմ քրոնիկոնը - Mediamax.am

Հեղափոխության իմ քրոնիկոնը
4538 դիտում

Հեղափոխության իմ քրոնիկոնը


Հեռախոսը զնգաց՝ «հրաժարական է տվել»: Չգիտեմ՝ ինչ արագությամբ եմ հագնվել ու փողոց նետվել: Դուրս գալիս Վահանին համբուրեցի ու ասացի՝ շուտ կգամ: 5 ամսական է, բան չհասկացավ, բայց հաստատ զգաց ինչ-որ կարեւոր բան: Իր վճիտ աչքերով մինչեւ դուռը ճանապարհեց ինձ: Լաց չեղավ, բայց հայացքն էլ չհեռացրեց: Վերելակում խոսում էի այդ աչքերի հետ, համոզում, որ նոր Հայաստանն իրեն է սպասում, որ ինքը լավ երկրում է ապրելու, որ այդ երկրի տերն ինքն է լինելու, որ… որ…

 

Անկեղծ եմ լինելու. երբ խորհրդարանի նիստերի դահլիճը պատվեց գունավոր ծխով, Գեւը (իմ 7 տարեկան տղան) շատ ուրախացավ: Ինձ էլ ուրախացրեց նրա ուրախությունը: Ուրախացել ու դպրոցում՝ գրատախտակին գրել էր «Մերժիր Սերժին»: Երբ պայքարողները սկսեցին քայլել, իմ ոտքերը թեկուզ մտովի չմիացան այդ քայլքին: Չհավատացի՞: Չգիտեմ: Չեմ էլ մտածել դրա մասին: Բայց աչքի պոչով հետեւում էի: Գեւն էլ էր հետեւում: Ընթացքում հարցնում էր՝ իրո՞ք էդքան քայլում են: Հասան Երեւան: Երբ հավաքվեցին Հանրապետության հրապարակում, փակվեցին փողոցները, սկսվեցին քաշքշուկները, մարդկանց բերման ենթարկեցին, ոմանց ծեծեցին, անարգեցին, անպատվեցին, ես սկսեցի վախենալ: Ուղիղ 10 տարի առաջ՝ մարտի 1-ին, մենք գործընկերներով մի քանի օրով պիտի գնայինք Ծաղկաձոր: Իրերը հավաքել ու լուսադեմին ճամպրուկներով իջնում էինք խմբագրություն, երբ հասկացանք, որ գարնան առաջին օրն այսուհետեւ էլ առաջվանը չի լինելու: Առաջվանը չէին լինելու նաեւ մարդիկ՝ իրենց՝ մի գիշերում նախկին դարձած ընկերներով: Ու ես վախենում էի նոր մարտի մեկից: 

 

Մարտի մեկ չեղավ: Ապրիլի 23-ը մթնեց առանց արյան, բայց ոչ անկորուստ: Մարդիկ էլի կորցրին իրար՝ բաժանարար գծերով միմյանց շպրտելով տարբեր ճամբարներ: Ու այսպես՝ մինչեւ հաջորդ համաժողովրդական հանրահավաք: 

 

Խոսքով ընկա, մոռացա՝ ինչ էի պատմում. նստեցի մեքենան՝ դեռ Վահանի աչքերի հետ խոսելով: Էնքան բան ունեի ասելու, արդարանալու, բացատրելու, պատմելու, խոստանալու… Բայց մեքենաների ազդանշանների որոտից վեր թռա ու մինչ կգիտակցեի, որ Երեւանի փողոցներում համակեցության նոր կանոններ են հաստատվել, տեսա, որ հեռվից մայր ու աղջիկ ձեռքով են անում: 

 

- Հրապարա՞կ եք գնում:

- Ըհը: Եկե՜ք:

- Կտանե՞ք մեզ էլ:

- Իհարկե, սիրով: Նստե՛ք:

 

Մեքենայի պատուհանից ձգվեցին դեպի ինձ, գրկեցին, շնորհակալություն ասացին ու նստեցին: Հուզված էին: Երեւի ես էլ:  Միանգամից սկսեցինք խոսել, պատմել, կիսվել՝ ոնց որ հազար տարվա ծանոթներ: Իմացա՝ որտեղ են ապրում, որտեղ են աշխատում ու սովորում, ինչ ընտանիք ունեն… էլի շատ բաներ իմացա, ինչպես եւ իրենք՝ իմ մասին: Հետո սկսեցին պատմել`ոնց են իմացել վարչապետի հրաժարականի մասին լուրը, ոնց է տան հայրը սկսել արտասվել, ոնց են շնչակտուր դուրս եկել փողոց...

 

Մի շատ թանկ մարդ ունեմ իմ կյանքում, որի հայրն այս շարժման ֆենոմենը բացատրեց ամենակարեւոր դիտարկումով`«փողոց դուրս եկած մարդկանցից յուրաքանչյուրն իր մաշկի վրա անձամբ զգացել է մի բան, որի պատճառով այսօր պայքարում է»: Այո, հենց դա՛ է ճշմարտությունը: Ու իմ ուղեւորները բացառություն չէին: Ճանապարհին պատմում էին, թե որքան աշխատավարձ են ստանում տասնամյակների մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչներն երաժշտական դպրոցում (որոնցից մեկն իմ ավագ ուղեւորն էր), քանի օրվա ապրուստի է հերիքում այդ գումարը՝ չհաշված հիվանդությունները`իր բոլոր հետեւանքներով, կենցաղն ու տան համար մի նոր իր առնելու անհրաժեշտությունը, հազարից մեկ որեւէ միջոցառման մասնակցելու գայթակղությունն ու նվեր, մեկ-մեկ էլ նոր հագուստ գնելու ցանկությունը... Բայց եկեք խոստովանենք՝ Հայաստանը վաղուց արդեն ցանկությունների երկիր չէ: Տասնամյակներ շարունակ այստեղ ոչ թե «ցանկալի», այլ «անհրաժեշտ» բառով է ցանկալի առաջնորդվել: Եվ մարդիկ, ըստ էության, իրենց քայլն արեցին դարձյալ անհրաժեշտությունից ելնելով, որովհետեւ այլ ելք այլեւս չտեսան: 

 

․․․Հասանք Մաշտոցի պողոտա: Ճանապարհին տեսա՝ ինչպես են ձեռքն ազդանշանին սեղմած՝ հրճվում 40-50 000 դոլար արժողությամբ փալփլուն մեքենաների՝ ոսկյա ծանր շղթաները պարանոցից կախած վարորդները, պահի ամենաթողությունից օգտվելով՝ հանդիպակաց ուղղությամբ անկառավարելի արագությամբ սլանում առանց համարանիշների մեքենաների՝ անբռնազբոս քրքիջով ուղեւորները, ինչպես են մեքենաների պատուհանագոգերին նստած բղավում երեկոյան գռեհիկ հարդարանքով ու հագուկապով կանայք, ինչպես են  մեքենաների պատուհաններից պայթող շամպայններն ու անորակ երաժշտությունը ողողում ինձ նման անցորդներին, ինչպես են ոտքից գլուխ սեւազգեստ տղաներն արեւածաղկի կեղեւը թքում գետնին…

 

Բայց եւ տեսա՝ ինչպես են իրար ներողամիտ ժպիտով ու ծով հանդուրժողականությամբ զիջում շատ վարորդներ, ինչպես են կոկիկ հագնված, ակհայտորեն ուսյալ ու բարեկիրթ երիտասարդներն անցորդներին քաղցրավենիք ու ջուր բաժանում, ինչպես են ոչ իրենց ապագայի համար պայքարող տատիկ-պապիկները երախտիքի խոսքի փոխարեն համբուրում կրակոտ աչքերով պատանիների ճակատները, ինչպես են թալինցի տղաները խմբովի յարխուշտա պարում, ազգային երգերով արթնացնում երկարատեւ թմբիրի մեջ նիրհած քաղաքը: 

 

Շատ բաներ տեսա: Տեսա ու հետեւություններ արեցի: Չտխրեցի, չքննադատեցի, չկռվեցի, բաժանարար գծեր չքաշեցի: Միայն հետեւություններ արեցի՝ հետեւություններ մի հասարակության մասին, որտեղ կան ու լինելու են ինձնից  ու քեզնից տարբերվող մարդիկ: 

 

Երիտասարդների անբռնազբոս պոռթկումի ալիքն ինձ էլ խորտակեց փողոցում, երբ նոր բարեկամ դարձած ուղեւորներս ձեռքս բռնեցին, թե՝ «մեր հետեւից արի, իրար չկորցնենք»: Մեկս մյուսին հետեւելով՝ հասանք Հանրապետության հրապարակ: Երբ համոզվեցին, որ արդեն մենակ չեմ, ընկերներս ինձ են սպասում մոտակայքում, միմյանց գրկեցինք ու ժամանակավոր հրաժեշտ տվեցինք:

 

Երեկոյան ֆեսբուքում ընկերության առաջարկ ստացա: Նրանք էին՝ իմ ուղեւոր բարեկամները: Առավոտյան՝ նոր հաղորդագրություն. «Արփի ջան, սրանք մեր հեռախոսահամարներն են: Ասեցիք՝ նոր եք տեղափոխվել մեր թաղամաս, իսկ մենք վաղուց ենք ապրում այստեղ: Եթե մի բանի կարիք ունենաք, զանգեք»:

 

Հեռախոսահամարներն արագ ֆիքսեցի, որ չկորցնեմ: Այս հեղափոխությունն ինձ նոր բարեկամներ էր նվիրել: Գուցե ընթացքում որոշներին էլ տարե՞լ է… Չգիտեմ: Դեռ չգիտեմ: Ժամանակը ցույց կտա: Ժամանակը կանի իր վերջնահաշվարկը՝ բոլոր առումներով․․․

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին