Էլիտաները պետք է հրաժարվեն շիզոֆրենիկ էգոցենտրիզմից - Mediamax.am

Էլիտաները պետք է հրաժարվեն շիզոֆրենիկ էգոցենտրիզմից
41293 դիտում

Էլիտաները պետք է հրաժարվեն շիզոֆրենիկ էգոցենտրիզմից


Երեւանում ընթացող բողոքի ցույցերը կրկին ստիպում են մտորել այն խնդիրների շուրջ, որոնց բախվում է հայությունը փոփոխվող իրողությունների պայմաններում: Հայաստանի՝ հայկական աշխարհի քաղաքական եւ տնտեսական կենտրոնի դրությունից է կախված ոչ միայն երկրի քաղաքացիների, այլեւ ամբողջ աշխարհի բազմամիլիոնանոց հայկական համայնքների ինքնազգացողությունը: Նոր ճգնաժամը հիմնարար խնդրի հետեւանք է, այն է՝ փոխըմբռնման եւ վստահության բացակայություն ժողովրդի՝ որպես պետականության աղբյուրի եւ պահապանի, ու իշխանության՝ որպես ընտրված կառավարիչների միջեւ, որոնք պատասխանատու են  այդ ժողովրդի ամենօրյա գործունեության համար: Հենց այդ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ նորմերով ամրագրված հասարակական դաշինքի վրա են կառուցվում ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունները: Ինչո՞ւ 25 տարվա ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ եւ հասնել այն ընդհանուր գիտակցմանը, թե ով ենք մենք միմյանց համար եւ որն է մեր տեղն այս աշխարհում:

 

Հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովրդի փորձը պետության եւ ազգի կառուցման հարցերում չափազանց համեստ է: Այդ խնդիրները պատմական տարբեր դարաշրջաններում գտնվել են  մեր փիլիսոփաների եւ ղեկավարների օրակարգում, սակայն տարբեր պատճառներով գործընթացը գործնականում զարգացել է հարաբերականորեն վաղ շրջաններում: Տիգրան Մեծը չհասցրեց անցնել ազգի կառուցմանն այն պատճառով, որ հայտնվեց հռոմեական վասալության ներքո, Կիլիկիայի արքաները շեշտը դրեցին պետականության արտաքին կրոնական մոդելի վրա (կաթոլիկություն), իսկ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ներառվեց սոցիալ-կոմունիստական կայսրության տարածքային կազմում: Միայն Խորհրդային Միության փլուզումից հետո մենք սեփական պետությունը կառուցելու շանս ստացանք, որը դառնալու էր հայ ազգի լեգիտիմ ձայնը գլոբալ աշխարհում:

 

Անկախություն ստանալու առաջին փուլում մենք առերեսվեցինք խնդիրների, որոնց բախվել է ժողովուրդների ճնշող մեծամասնությունը: Մարդիկ, որոնք ղեկավարում էին երիտասարդ հանրապետությունը, իրենց մտածողությամբ շարունակում էին մնալ խորհրդային համակարգի  մասը: Ավելին, նրանք կենտրոնական «կարմիր էլիտայի» (Մոսկվա) մաս չէին կազմել եւ ծառայել էին չափազանց ցածր դիրքերում՝ ծայրագավառի 2-րդ եւ 3-րդ մակարդակներում: Այլ կերպ ասած՝ ապագա էլիտան ձեւավորվեց պաշտոնյաներից, որոնք ունակ էին կառավարել կարճաժամկետ եւ միջնաժամկետ իներցիոն բյուրոկրատական գործընթացները, սակայն չէին կարող զբաղվել երկարաժամկետ ռազմավարական պլանավորմամբ: Դժվար թե Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը հաշվարկած լիներ ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս բերելու եւ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բաժնի սառեցման հետեւանքները, որը սահմանափակում էր քաղաքական եւ տնտեսական երկխոսությունն ամերիկյան գերտերության եւ առաջիկա հիսուն, հնարավոր է՝ նաեւ հարյուր տարիներին մեր գլխավոր հակառակորդը հանդիսացող Ադրբեջանի միջեւ: Կասկածելի է, որ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը եւս ակտիվորեն զբաղվել է ուժային մեկ կենտրոնից ռազմա-քաղաքական եւ տնտեսական կախվածությունը թուլացնելու համար հայեցակարգային այլընտրանքներ ձեւավորելու խնդիրներով:

 

Պետության եւ ազգի ապագայի առջեւ քաղաքական պատասխանատվության գիտակցումն այդպես էլ չձեւավորվեց, որի արդյունքում առաջացավ համազգային արժեքային վակուում: Իշխանությունն ու ժողովուրդն այդ դատարկությունը լցրեցին սեփական հարստացման գաղափարներով (շիզոֆրենիկ էգոցենտրիզմ)՝ անտեսելով համընդհանուր շահերը, նպատակներն ու խնդիրները: Քաղաքական գործիչների համար երկիրը վերածվեց սոսկ բիզնես-օբյեկտի եւ շահերի առանձին նեղ խմբերի դիմակայության հարթակի, իսկ մարդիկ, զրկված լինելով կողմնորոշիչներից եւ հնարավորություններից, սկսեցին փնտրել արտաքին աշխարհ «դուրս պրծնելու» հնարավորություններ: Քսան տարվա ընթացքում երկիրը կորցրեց ավելի քան մեկ միլիոն մարդ եւ հայտնվեց աղետալի խնդիրների շեմին: Իշխանություններն այնքան էին տարված սեփական վերարտադրության եւ տոտալ հարստացման գործընթացներով, որ հերթական անգամ մոռացան հաշվարկել մարդկային նման կորուստների հետեւանքները: Չի կարելի մոռանալ, որ հենց մարդը եւ նրա հնարավորություններն են ապահովում երկրի կենսագործունեությունը, եւ յուրաքանչյուր «կորցրած» քաղաքացի քայլ է դեպի պետության ապաինքնիշխանացում: Իշխանություններն այս գործընթացին բավական մակերեսայնորեն են նայում եւ դիտարկում այն բողոքող զանգվածի արտահոսքի պրիզմայով՝ չգիտակցելով, որ հենց նրանք են իրենց ձեռքերով ցամաքեցնում հայկական ինքնիշխանության աղբյուրը:

 

Իր վերջին ելույթում նախկին նախագահ Սարգսյանը, իմ կարծիքով, շատ վտանգավոր հայտարարություն արեց, որի էությունն այն էր, որ հիմնարար է հանդիսանում ընտրությունների լեգիտիմության ճանաչումն արտաքին աշխարհի կողմից: Դա խոսում է այն մասին, որ էլիտայի համար սեփական ժողովրդի դիրքորոշումը երկրորդական դեր է խաղում՝ ի տարբերություն կառավարմանը տրված արտաքին մանդատի: Այլ կերպ ասած, մենք վերադառնում ենք անցյալ, երբ հայկական իշխանությունը հայկական հողում զուտ անվանական է դառնում: Ես խորապես համոզված եմ, որ մենք շարժվում ենք դեպի անուղղելի ողբերգական հետեւանքները, որոնց վերջակետ կհանդիսանա հայոց պատմության ավարտը: Այսօր մենք կանգնած ենք ճամփաբաժանին եւ պետք է ճիշտ, ստուգված ռազմավարական ընտրություն կատարենք: 

 

Ընդդիմադիր ուժերը եւս պետք է ռազմավարական մտածողություն ցուցաբերեն եւ համազգային պատասխանատվություն ստանձնեն միայն այն դեպքերում, երբ ունենան հստակ ծրագրային պատկերացումներ այլընտրանքային ապագայի վերաբերյալ: Յուրաքանչյուր բողոքի ցույց, որն ավարտվում է ձախողմամբ, նոր դատարկություն է ստեղծում մտքերում եւ հոգիներում՝ հասցնելով լուրջ հոգեբանական վնասվածք: Արդյունքում, հիասթափված մարդիկ հոգնում են հավերժական պայքարից եւ երկիրը լքելուց բացի՝ այլ ելք չեն գտնում:

 

Ներկայիս էլիտան, իր հերթին, պետք է իր մեջ սեփական ժողովրդի հետ համաձայնության գալու ուժ գտնի եւ սկսի վստահության եւ փոխըմբռնման վերականգնման գործընթացը: Այս պատմական ժամանակահատվածում հայերը պետք է ունենան միայն մեկ համազգային կուսակցություն՝ հայկական պետությունը, եւ մենք պատասխանատվություն ենք կրում գալիք սերունդների առջեւ՝ անկախ մեր քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքներից: Մեր առջեւ հսկայական խնդիր է դրված՝ կառուցել քաղաքական ազգ եւ հայկական գործոնը վերադարձնել աշխարհաքաղաքական գործընթացներ: Այդ խնդրի լուծման համար ամբողջ հայկական աշխարհը պետք է հրաժարվի այն գաղափարներից, որոնք կողմնորոշված են դեպի սեփական «ես»-ի բարձրացումը, եւ սկսի կառուցել «մեր» ընդհանուր հայկական տունը: Ես չեմ կասկածում պոտենցիալ հաղթանակի հարցում, քանի որ մենք սիրում ենք եւ կարող ենք կառուցել: 

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին