«Շարունակել ապրել». Նարինե Աբգարյանի կյանքի բանաձեւը - Mediamax.am

«Շարունակել ապրել». Նարինե Աբգարյանի կյանքի բանաձեւը
4357 դիտում

«Շարունակել ապրել». Նարինե Աբգարյանի կյանքի բանաձեւը


Սիրուն Նանանց Կիմիկը իմ տատն է: 1963-ին եկել է Երեւան սովորելու, աշխատելու: Բերդյան Կիման փոխարինել է քաղաքահունչ Ջուլյայով ու ամուսնացել, հիմնավորվել է մայրաքաղաքում: Մեծացրել է երեք մեկը մյուսիս սիրուն աղջիկներին՝ Սիրուն Նանի ծոռնուհիներին, որ մայրս է ու մորաքույրերս: Սիրուն Նանը տատիկիս տատիկն է եղել: Նրա աննկարագրելի գեղեցկության պատվին էլ Բերդը անվանակոչել է նրա ցեղին:

Բերդը տատիկիս գերդաստանից մի կնոջ էլ է պատմության մեջ պատվավոր տեղում առանձնացրել:  Սիրուն Նանի հարսն է՝ տատիկիս մայրը, մայրիկիս տատիկը՝ Սոփյա Քիրը, որ ունեցել է դիվանագետի ճկունություն ու բանիմացություն, որ եղել է հոգատար ու բարի կին եւ մայր, որ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բերդի ադմինիստրատիվ համակարգում:

Սիրուն Նանի, Սոփյա տատիկի, Ղալի քարի տակ գտնվող մեկհարկանի նրանց տան,  Բերդի արեւի, ամպի, ծառի, թփի, ջրի մասին պատմությունները փոխարինում էին հեքիաթաներին, երբ արձակուրդներին գալիս է տատիկի մոտ: Երեւանի կենտրոնում արդեն վաթսունից ավելի տարիներ ապրող տատս մինչեւ հիմա էլ ամենավառ գույներով է տրվում հիշողություններին, կարծես՝ հենց նոր է վերադարձել Բերդից: Ու ես ամեն անգամ նորից եմ խնդրում պատմել անսահման ուժեղ ու աննկարագրելի գեղեցիկ նախատատերիս մասին:

«Տատիկս էլ է Բերդից, Սիրուն Նանանց գերդաստանից: Կճանաչե՞ք», - երկու տարի առաջ էր, երբ հասցրեցի հարցնել Նարինե Աբգարյանին հարցազրույցից հետո, շտապում էր մեքենան նստել, պատասխանն  արդեն մեքենայի միջից հնչեց. - «Սիրուն Նանա՞նց: Ուխ, բոլորը սիրուն են հա՞ եղել, դու էլ սիրունիկ ես», - իմ տեսած ամենալուսավոր ժպիտով ասեց Նարինեն, մի քիչ կարմրեցի - «Ես չեմ հիշում, Անի ջան: Բայց մերոնք երեւի կիմանան: Ախր, ես էլ եմ վաղուց դուրս եկել Բերդից»: Մինչ այդ հասցրել էի կարդալ Նարինե Աբգարյանի այդ պահին բոլոր կարեւոր գրքերը՝ «Վրապրծածից» մինչեւ «Երկնքից երեք խնձոր ընկավ»: Նրա Բերդի էջերում անընդհատ ու ակամա ծանոթ դեմքեր, դեպքեր եմ փնտրում: Նարինեի ամեն գիրքն ավարտելու հաջորդ օրը տատիկի մոտ եմ անցկացնում՝ գլուխս ծնկներին, շոյում է մազերս, նախ կամացուկ, միայն հրեշտակներին լսելի ձայնով աղոթք մրմնջում, ես էլ շտապեցնում եմ՝ տատ, բա հետո՞, ասում ես, երբ Սիրուն Նանը քայլում էր, Բերդը շունչը պահո՞ւմ էր: Հա, այդքան սիրուն էր…

Նարինե Աբգարյանի վերջին գիրքը՝ «Дальше Жить», գնեցի Բերդից վերադառնալուց  մի քանի օր հետո: Ամեն անգամ Բերդում շուրջս գույներ  եմ փնտրում՝ նախ տատիկիս մանկության երազները, հետո՝ Նարինե Աբգարյանի գրականության: Այս անգամ էլ Բերդը մոխրագույն էր, նման Հայաստանի մյուս քաղաքներին՝ սովետական ժառանգության հետքով, պատերազմի թողած դրոշմով, սոցիալական հոգսերով եւ այլն, եւ այլն…:

«Վառ, բայց գիտես ի˜նչ տխուր էր քաղաքը: Ու ինչպե՛ս է Նարինեն կարողանում այդքան գույն տալ ամենասովորական կենցաղին», - «Բուկինիստ» գնալու ճանապարհին հարցնում եմ ընկերուհուս, որ մի Արեւ մարդ է: Վառվառան ասում է՝ իսկ քո մանկության տունը դու էլ նույն գույներով չե՞ս պատկերացնում: «Дальше Жить»-ը  Վառիկի նման արեւ մարդկանց մասին է, որ, ցավոք, գիտեն, թե ինչ է պատերազմն իր ամբողջ արհավիրքով:

Գիրքը բացում ես, մտնում Բերդ ու անցնում շեմից շեմ. աննման Զանազանի տունն է, հաջորդիվ՝ Գինաման Մետաքսյան է դիմավորում, հետո Մայինանց Ծատուրի բակում ես, ապա Պողոսանց Վասակի, հետո կգան Ակնունանց Կարապետը, Կռնատանց Լուսինեն, Բինոյանց  Գրիգորը, Սիրան տատը, Համբո պապը, ու այսպես շարունակ:  Բերդում անսպասելի, անպատեհ ու անիմաստ պատերազմ է: 90-ականներն են, որ  քաղաքի գրեթե ամեն տան գլխին մի դժբախտություն են կախել, մեկը մյուսից ծանր, մեկը մյուսից անտանելի, մեկը մյուսից անարդար: Ամեն հերոսի ցավին Նարինեն առանձին է նրբորեն դիպչել, բացել վերքը, շոյել սպին, իր բարության բալասանից քսել ու փակել՝ թողնելով ընթերցողին արցունքոտ աչքերով:

Պատմվածքներն անձնական են ու դժբախտությունը համընդհանուր է: Գիրքն ավարտվում է հեղինակի քրոջ մասին պատմությամբ: Փաշոյանց Նարինեն գրում է՝ ինչպես է Փաշոյանց Սոնան նկարում Բերդի մառախուղը, որը բերել, քաղաքի գլխավերեւում կուտակել է չարդարացված ու չհիմնավորված պատերազմը, որը դեռ չի ցրվում, եւ ի հեճուկս դրան ապրել է պետք, չէ՞ որ կյանքն արդարացի է մահից, համենայն դեպս այդպես էր սիրում կրկնել Փաշոյանց Նարինեի տատը:

Սիրուն Նանանց Կիմիկը հեռախոսով է պատասխանում իր մանկության Բերդի մասին հարցուփորձիս, ու հերթական անգամ, ինչ մեքենա եմ վարում, խոստում վերցնում ՝ այս ամառ կգնանք իր Բերդ, Սոփյա տատիկի գերեզմանին կայցելենք, Սիրուն Նանի մոտ կնստենք մի քիչ…: Սիրուն Նանանց Կիմիկը իմ տատն է, որի հիշողությունների Բերդում դեռ պատերազմ չի պայթել, դեռ ոչ մի ծեր ու մանուկ իր բակում չի սպանվել, դեռ ոչ մի տղամարդ տանից չի գնացել վերջին անգամ ու ոչ մի կին սեւ չի հագել մինչ ի մահ երդմամբ:   

ՀԳ. Գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութից: Արժե 4200 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին