«Անթեւ ժիլետը», անպոչ գդալներն ու հնարավորի արվեստը - Mediamax.am

«Անթեւ ժիլետը», անպոչ գդալներն ու հնարավորի արվեստը
4989 դիտում

«Անթեւ ժիլետը», անպոչ գդալներն ու հնարավորի արվեստը


Ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Սերժ Սարգսյանը: Չնայած վերջին ամիսների տրամաբանությունը հուշում էր, որ երկիրը շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, շատերն իրենց հիասթափված զգացին, ինչը բնական է: Անբնականը չարախնդությունն է, որով միանգամից լցվեցին շատերը ու սկսեցին «կատակներ» անել «անթեւ ժիլետի» կամ էլ խորիմաստորեն պնդել՝ «մենք էն գլխից ասում էինք, որ սենց է լինելու»:

 

Առիթներ ունեցել եմ անդրադառնալ Կարեն Կարապետյանի գործունեությանը եւ իմ սպասելիքներին: Շարունակում եմ պնդել, որ նա չի ցանկանում, կամ չի կարողանում քաղաքական գործիչ դառնալ: Ու, երեւի, բնական է, որ քաղաքական գործիչ չլինելով` չես կարող «առաջին դեմք» լինել: Գրել եմ նաեւ այն մասին, որ եթե կառավարության ղեկավարն՝ իր ծանր տեղը թեթեւ անելով, հրապարակավ խոսում է օդանավակայանի «անթրաշ թաքսիստների» մասին, պարտավոր է այդ խնդիրը լուծել: Այնինչ բոլորս գիտենք, որ այդ խնդիրը լուծված չէ:

 

Չարվածի կամ կիսատ արվածի ցանկը կարելի է շարունակել: Բայց հերքել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը լավագույնն էր վերջին 10 տարիների ընթացքում, նշանակում է սպիտակին սեւ ասել: Խոսքը միայն տնտեսական ցուցանիշների մասին չէ, չնայած դրանք շատ կարեւոր են: Կառավարությունը, բոլոր վերապահումներով հանդերձ, իսկապես սկսեց թիմի տպավորություն թողնել, ինչը նախկինում չկար: 

 

Վարչապետը կարողացավ իր էներգիայով վարակել ոչ միայն նախարարներին, այլեւ մարզային եւ համայնքային ղեկավարներից շատերին: Կարող է՝ ինքս ինձ հակասում եմ, բայց, երեւի, Կարեն Կարապետյանի հաջողության գրավականներից մեկն իր քաղաքական գործիչ չլինելն է, ինչի շնորհիվ կարողանում է մարդկանց հետ խոսել պարզ ու հասկանալի՝ առանց մտքում արվող բարդ ենթատեքստային հաշվարկների:

 

Ուզում եմ մի պարզ հարց տալ՝ «անթեւ ժիլետի» մասին «սրամտություններ» անելով՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում: Ուզում ենք Կարեն Կարապետյանի ինքնասիրությունը՞ խոցել: Ասենք՝ խոցեցինք (չնայած՝ քիչ հավանական է): Ի՞նչ է դրանից փոխվելու մեր կյանքում: 

 

Հաճախ մոռանում ենք այն դասական ճշմարտությունը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Երբ Կարեն Կարապետյանը նշանակվում էր վարչապետ, մենք գիտեինք, որ նա «Միխայիլ Սահակաշվիլին» չէ: Գիտեինք, որ իշխող համակարգի ներկայացուցիչներից շատ տարբերվելով հանդերձ՝ Կարեն Կարապետյանն այդ համակարգի հետ կապված է բազմաթիվ թելերով ու չէր կարող անկաշկանդ լինել:

 

Կուզե՞ի, որ Կարեն Կարապետյանի գալուց հետո չլինեին ծախու դատավորներ, իշխանության հետ միաձուլված գործարարներ, պետական բյուջեից գողացող չինովնիկներ եւ այլն: Իհարկե, կուզեի: Բոլորը կուզեին: Բայց եթե մարդն իր էությամբ հեղափոխական չէ, մեր հեղափոխական ակնկալիքները իրեն այդպիսին չեն դարձնում:

 

Ինձ թվում է, որ քննադատներից շատերը վերջին 1.5 տարվա ընթացքում ցանկանում էին ոչ թե Հայաստանում իրավիճակի բարելավում տեսնել, այլ «կռվացնել» Կարեն Կարապետյանին եւ Սերժ Սարգսյանին: Եկեք անկեղծ լինենք՝ մեզանից շատերը հաճախ են ընկերական կամ այլ շրջապատում քննարկել՝ «Կարեն Կարապետյանն այդքան կա՞, որ Սերժ Սարգսյանի դեմ հելնի»: Այսինքն, շատերը «գլադիատորական մարտի» սպասումներ ունեին, ընդ որում, հետաքրքրում էր այդ հիպոթետիկ մարտի ընթացքը եւ ոչ թե այն, թե ինչ կլինի հետո:

 

Կարեն Կարապետյանը ապացուցել է իր արդյունավետությունը, երկրում տրամադրություն փոխելու կարողությունը: Եթե նա պատրաստ է աշխատել նույն ոգով՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, դրան դեմ լինելը, իմ կարծիքով, առնվազն տարօրինակ է: Մենք կարծես ավելի շատ ենք մտահոգվում Կարեն Կարապետյանի ինքնասիրության համար, քան ինքը: Այս պարագայում վատ չէր լինի, եթե «անթեւ ժիլետ»-ի մասին սրամտողները հիշեին անպոչ գդալի մասին ասացվածքը:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին