«Բաց մի թող ինձ»՝ կլոնավորում ըստ Իսիգուրոյի
1320 դիտում

«Բաց մի թող ինձ»՝ կլոնավորում ըստ Իսիգուրոյի


Քեթին, Թոմին ու Ռութը Հեյլշեմի «շրջանավարտներ» են: Նրանց բախտը բերել է` մեծացել են մի ինտերնատում, որի մասին կերազեին հարյուրավոր նրանց «նմանները»: Նրանք կլոն են: Ստեղծվել ու ապրում եմ միայն նրա համար, որպեսզի դոնոր հանդիսանան:

20-րդ դարի 50-ականներին մարդկության պատմության մեջ հեղափոխական բացահայտում է տեղի ունենում. ի հայտ են գալիս կլոնները, որոնց առաքելությունն է փրկել մարդկանց անբուժելի հիվանդություններից: Հեյլշեմը հակաուտոպիական Բրիտանիայում 1990-ականներին գործող տասնյակ դոնորական ինտերնատներից մեկն է: Բայց այն սովորական չէ: Այստեղ «սաներին» տալիս են լավ կրթություն, դաստիարակություն, գիտելիք ու արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործելու հմտություն: Նման «մարդկային» պայմաններ չունեն մյուս դոնորները:

Քեթին, Թոմին ու Ռութը եւ հարյուրավոր նրանց «նմանները» գիտեն` ովքե´ր են, ո´րն է նրանց գոյություն ունենալու իմաստը: Գիտեն ու ողջ գիտակցական կյանքում պատրաստվում են դրան: Ինտերնատն ավարտելուց հետո դոնորները դառնում են օգնական-խնամակալներ ու ապրում քոթեջներում` մինչեւ կգա օրգանները տալու իրենց հերթը:

Թոմն ու Ռութը զույգ են, հանդիպում են դեռ ինտերնատի տարիներից: Քեթին նրանց մտերիմ ընկերուհին է: Բայց Քեթին է, որ ավելի լավ է հասկանում Թոմին, Քեթիի հետ է, որ Թոմն ավելի լավ է զգում իրեն: Ռութն այդ մասին շատ լավ գիտի: Եռանկյունին բաժանվում է, երբ երիտասարդ դոնորներին ուղարկում են անգլիական տարբեր հոսպիթալներ, տարբեր քաղաքներ` իրենց «առաքելությունն» իրագործելու: Իսկ օդում պտտվում է ասեկոսեն, թե այն դոնորական զույգին, որ կապացուցի` իսկապես  Սիրում են, տալիս են միասին լինելու մի քանի տարվա հնարավորություն` հետաձգում են օրգանները հանձնելու պրոցեսը:

«Համոզվա՞ծ եք: Դու ասում եք` համոզվա՞ծ եք: Համոզված եք, որ սիրո՞ւմ եք իրար: Բայց ինչպես կարո՞ղ եք իմանալ: Դուք կարծում եք, որ սերն այդքան պա՞րզ բան է»: 

Սյուժեի ամբողջ դրամատիզմը ներկայացվում է Քեթիի անունից զարմանալիորեն հանգիստ տոնով: «Բաց մի թող ինձ» (“Never let mi go”) գիրքը ծայրից ծայր զգացմունքների ու զգացողությունների հիշողություն է: Բայց, կարծես, բժշկական կամ ոստիկանական անկետայի հաշվետվություն լինի` չոր տեքստ, մանրամասնային նկարագրություն: Ճապոնական ծագմամբ բրիտանացի Կաձուո Իսիգուրոն, որը 2017-ին արժանացավ Նոբելյան մրցանակի, հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իրեն հետաքրքիր է միայն այն պեյզաժը, որը մարդու գլխում է:

Իրադարձությունների հենց այդ պեյզաժային նկարագրությունը, որ դիտավորյալ գրողը զրկել է էմոցիոնալ տարրից, ստիպում է զգալ ամենասուր էմոցիաները:

Երբ գրական քննադատները «Բաց մի թող ինձ» վեպը անվանեցին սարսափելի ֆուտուրոլոգիական կանխատեսում, Իսիգուրոն իրեն հատուկ հանգիստ տոնով պատասխանեց` ո´չ մի նման բան, մարդկային կյանքն է այդպիսին` այն չի ենթադրում ազատություն:

«Ես տեսնում էի սրընթաց վեր խոյացող նոր աշխարհ: Այո, ավելի տեխնոլոգիական, այո, ավելի արդյունավետ: Հին հիվանդությունները բուժելու նոր լուծումներ: Հիանալի է: Բայց նոր աշխարհ, այդ ամենով հանդերձ, ավելի դաժան, անխիղճ: Ու ես տեսնում էի պրպտող հայացքով աղջնակի`կրծքին սեղմած ավելի բարի հին աշխարհը, որի մասին նա հոգու խորքում գիտեր` չի կարող մնալ, եւ աղջնակը բռնել էր նրան ու խնդրում էր բաց չթողնել իրեն»:

Ովքե՞ր են դոնորները, ի՞նչ արարածներ են, ինչո՞ւ են համարյա մարդ, կամ գուցե ավելի՞ն են, քան մարդ: Ինչպե՞ս կարող են նրանք այդպես հանդարտ համակերպվել դատապարտված լինելու մտքի հետ, ինչո՞ւ չեն ըմբոստանում, ինչո՞ւ չեն պայքարում: Ի վերջո, ինչպե՞ս կարող է մարդը ստեղծել նման հակամարդկային իրականություն: Իսկ մենք` մարդիկ պայքարո՞ւմ ենք, ըմբոստանո՞ւմ ենք, փոխո՞ւմ ենք ինչ-որ բան մեր իրականությունում: Բայց ուզո՞ւմ ենք փոփոխություն:

ՀԳ. Կաձուո Իսիգուրոն «Բաց մի թող ինձ» վեպը գրել է 2005-ին: Գիրքն արժանացել է Բուքերյան մրցանակի, ընդգրկվել է «Թայմի» կազմած անգլալեզու լավագույն 100 գրքերի ցանկում: 2010-ին ռեժիսոր Մարկ Ռոմանեկը էկրանավորել է «Բաց մի թող ինձ» համանուն ֆիլմը Քիրա Նայթլիի մասնակցությամբ:

«Զանգակ» հրատարակչությունը պատրաստում է նոբելյան մրցանակակիր Կաձուո Իսիգուրոյի «Բաց մի թող ինձ» վեպի հայերեն թարգմանությունը, թարգմանիչ` Արթուր Մեսրոպյան: Գրքի ռուսերեն տարբերակը առկա է գրախանութներում եւ արժե 2600 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am