7,5 տարեկան Գեւը, ամոթը, սերն ու ազատությունը - Mediamax.am

7,5 տարեկան Գեւը, ամոթը, սերն ու ազատությունը
6298 դիտում

7,5 տարեկան Գեւը, ամոթը, սերն ու ազատությունը


7 տարի անց իմացա, որ փոքրիկի ենք սպասում՝ երկրորդին: Երկրորդն ուրիշ զգացողություն է՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր խոստովանում են, որ առաջինի ժամանակ նվազ գիտակից են եղել. ուրիշ են  ուրախանալու արտահայտչաձեւերը,  վախերն ու անհանգստությունները, սպասման ու հոգնության դրսեւորումն ու եւս մեկին սեր տալու արվեստը: Բայց դա ուրիշ պատմություն է: Իսկ այս պատմությունը սկսվեց այն պահից, երբ Գեւը մի օր ընտանեկան ժողով հրավիրեց ու հայտարարեց, որ ինքն իրեն մենակ է զգում: Եվ դա արեց ծանրակշիռ հիմնավորմամբ՝ «ես ուզում եմ սենյակում մենակ չլինել»: Երեւի հենց այդ արտահայտությունը հեղափոխություն արեց մեր կյանքի պլաններում:

Գեւը մեծ տղաս է՝ յոթ ու կես տարեկան: Գեւորգ է անունը, բայց չի սիրում, որ ես իրեն «Գեւորգ» եմ ասում: Գիտի՝ ուրեմն բարկացած եմ: Սիրում է կանաչն ու կարմիրը: Կանաչը՝ նաեւ ի համերաշխություն մամայի. ասում է՝ քո սիրած գույնը նաեւ իմ սիրածն է: Լսում է Nicklback, Havana, System of a Down: Շատ է սիրում Tuesday՚s gone, Beleiver ու Thunder երգերը:  Փողոցում քայլում է եզրաքարերի վրայով, բղավում է, երբ օդանավ է տեսնում, քրքջում է, երբ խանութների անունները կարդալիս ուրիշ բան է ստացվում, իսկ խանութ մտնելիս դուռը բացում է, որ ես առաջինն անցնեմ, այգիներում միշտ գտնում է ինձ համար ծաղկած ծաղիկը:

Դպրոցի օրերին միշտ դժգոհելով է արթնանում: Անկողնուց վեր չի կենում, քանի դեռ 7 անգամ չենք հիշեցրել, որ ուշանում է:  Շապիկը թարս է հագնում, կոշիկի քուղերը միշտ արձակված են, դպրոցից տուն է գալիս՝ ձեռքերին ու հագուստին նկարած, գլխարկը, սպորտային համազգեստը կամ գրչատուփը մի տեղ մոռացած: Թե որտեղ, երբեք չի հիշում ու առանձնապես չի էլ նեղվում դրանից, քանի դեռ ես չեմ նեղվել: Գրում է անփույթ, կարդում է խանդավառությամբ: Դասերն անում է սեղանի տակ, վրա, արանքում, բազմոցին`գլխիվայր: Բողոքում է, որ մանկապարտեզ չի գնում. ասում է՝ Յանային ու Անյուտային կարոտել եմ, Յանային, որովհետեւ ինքն ինձ էր սիրում, Անյուտային, որովհետեւ ես եմ Անյուտային սիրում: Ընկեր Կարինեին էլ է կարոտում. ասում է՝ թողնում էր խաղանք ոնց ուզում ենք ու չէր ստիպում քնել: Սիրում է, երբ իրեն սիրուն ու բազմազան նախաճաշ են մատուցում: Ուտելուց հետո միշտ շնորհակալություն է ասում, ափսեն էլ՝ դնում լվացարանում:  Հմայվում է, երբ ես տոնական հագուստով եմ: Չի սիրում, որ շրթներկով համբուրում եմ իրեն:  Սիրում է շարֆիցս հոտ քաշել: Օծանելիքի բույրը 100 մետրից զգում է: Ինձ մամա է ասում, պապային՝ հայրիկ: Քթի տակ ժպտում է, երբ հայրիկը գրկում է ինձ:

Ազատ մարդ է Գեւը: Երբ իմացավ, որ եղբայր է ունենալու, հարցրեց՝ «հղի՞ ես, մամ»: Մի տեսակ խառնվեցի. հասկացա, որ ես երբեք «հղի» բառը չեմ օգտագործել ծնողներիս ներկայությամբ: Ամաչել եմ: Ամաչել եմ անգամ ծնողներիս ուրիշի ներկայությամբ համբուրել: Խոսքը մեր մեջ, առանձին լինելիս էլ մեծ չէր տարբերությունը: Այն ժամանակ ամեն ինչ ամոթ էր: Ամոթ էր խոսելը, ամոթ էր լռելը, ամոթ էր ուտելը, ամոթ էր չուտելը, ամոթ էր ուրախանալը, ամոթ էր տխրելը, ամոթ էր սիրելը, ամոթ էր չսիրելը: Մի խոսքով՝ ամոթն էր հասարակության շարժիչ ուժը: Իսկ Գեւը չի ամաչում: Չի ամաչում  խոսել կամ լռել,  ուտել կամ չուտել, ուրախանալ կամ տխրել, սիրել կամ չսիրել: Գեւը սիրում է ցույց տալ սերը: Գեւը չի վախենում սիրելուց: Իսկ անվախ ու սիրել իմացող մարդը կարողանում է տեսնել կյանքի գույները, խաղալ դրանցով, փոխել ներկապնակը, կամ ստեղծել նորը՝ նոր երանգներով:  

Երբ նոր տուն էինք փոխադրվում, ամեն ինչ փոշու մեջ կորած, իրերը խառնված՝ նստել էի հյուրասենյակում ու անճարությունից լաց էի լինում: Գեւը մոտեցավ ինձ, թե՝ «մամ, ինչի՞ ես լացում, հո տուն չի՞ քանդվել, տուն ա սարքվել, չէ՞: Փոշին կմաքրենք, ես էլ քեզ կօգնեմ: Դե ուրախացի, մամ»: Ու ես ամաչեցի Գեւից: Ու դա ամոթ էր այն ամոթի համար, որով սնվելով՝ մենք մեծացել ենք: Մեծացել ենք՝ չկարողանալով գտնել կարեւորի ու անկարեւորի այն նուրբ սահմանը, որը գտնում ես, երբ ունես այն փնտրելու ազատությունը:

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին