Աշխարհը փոխվում է՝ դուրս մղելով «դեմոսը» - Mediamax.am

Աշխարհը փոխվում է՝ դուրս մղելով «դեմոսը»
4409 դիտում

Աշխարհը փոխվում է՝ դուրս մղելով «դեմոսը»


The world is changed. I feel it in the water. I feel it in the earth. I smell it in the air.

                                                     Galadriel, from “The Lord of the Rings” movie.

(Աշխարհը փոխվել է։ Ես զգում եմ դա ջրի մեջ։ Ես զգում եմ դա երկրի մեջ։ Ես առնում եմ դրա հոտը օդում։
                                              Գալադրիել, «Մատանիների Տիրակալը» ֆիլմից)

Աշխարհը փոխվում է՝ կապիտալիզմը նահանջ է ապրում, եւ նրան փոխարինելու է գալիս նոր հասարակարգը։ Եվ դա կատարվում է այսօր ապրող երիտասարդ սերնդի կյանքի ընթացքում։ Ի՞նչ է մեզ սպասում։

Եկեք վերհիշենք, որ հասարակարգերի փոփոխությունը նախկինում հիմնականում կատարվել է արյան գնով։ Պատճառը պարզ է՝ միշտ այդ փոփոխության ընթացքում փոխվել են էլիտաները, այսինքն՝ գերիշխող տնտեսական ուժերը։ Եղած ուժերը հիմնականում կառչել են իրենց համար սովորական դարձած տնտեսական իրողությունից, պատրաստ չեն եղել հեշտությամբ իշխանությունը հանձնել, իսկ նոր ուժերը ցանկացել են ամեն բան եւ միանգամից, քանի որ դա բխել է իրենց տնտեսական շահերից։ Առաջացած կտրուկ ընդհարման մեջ երկու կողմերն էլ ներգրավել են իրենցից տնտեսական կախում ունեցող հասարակության շերտերը, ինչն անխուսափելիորեն բերել է ընդհարումների, հեղափոխությունների եւ քաղաքացիական պատերազմների։ Ցավոք, այդ դեպքերում ոչ միշտ է հաղթել տնտեսապես առաջադեմ ուժը՝ շատ հաճախ իշխանությունը զավթել են ծայրահեղականները, ինչը վատթարացրել է վիճակը եւ ետ է գցել հասարակությունը։

Այս անգամ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Պատմաբանությունը արդեն այնքան հստակ է դուրս բերել նախկինի քաղաքական արհավիրքների բանաձեւը, որ դժվար թե գտնվի տնտեսական ուժ, որը կուզի վերստին դիմել հին գործիքներին։ Նաեւ մարդկությունը շատ առումներով մոտեցել է երկրի ռեսուրսների սպառման եզրին, աշխարհը դարձել է շատ փխրուն եւ փոխկապակցված, եւ գերիշխող քաղաքական ուժերը դա լավ գիտակցում են։ Եվս մեկ կարեւոր պահ՝ նոր հասարակարգի տնտեսական կառուցվածքը, ի տարբերություն նախկինների, ոչ թե մարդկանց շահագործման նոր մեխանիզմ է առաջ բերում, այլ հակառակը՝ կտրուկ նվազեցնում է մարդկանց կարիքը տնտեսության մեջ։ Ինչ-որ իմաստով մենք թեւակոխում ենք «կոմունիզմի» դար, որը հեռու է Մարքսի պատկերացրած իրողությունից, քանի որ ամբողջապես այլ պատճառներով է գոյանում, սակայն իր տնտեսական բնույթով շատ չի տարբերվում՝ բոլորը ստանում են այնքան, որքանի իրական կարիքն ունեն, եւ պիտի փորձեն իմաստավորել իրենց գոյությունը առանց տնտեսության, եւ, հետեւաբար, քաղաքականության մեջ ներգրավված լինելու։

Սա արդեն գլոբալ մարտահրավեր է մարդկությանը, եւ եթե դրա լուծումը չստանձնեն ներկայիս քաղաքական եւ տնտեսական էլիտաները, մարդկությանը մեծ վտանգներ են սպառնում։

Կան նախանշաններ, որ խնդիրը գիտակցվում է հիմնական քաղաքական ուժերի կողմից։ Ամփոփելով՝ փորձենք գուշակել, թե ինչ է լինելու մոտակա տասնամյակի ընթացքում։

Ամենուրեք կվերանայվի դեմոկրատիայի գործիքաշարը։ Փաստացի՝ վերջին ընտրությունները Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ցույց են տալիս, որ դեմոկրատական կառավարման մեխանիզմները հնացել են եւ գնալով պիտի կազմալուծվեն: Դրանք համահունչ էին կապիտալիզմի մայրամուտն ապրող դարին եւ բխում էին այդ դարի էլիտաների շահերից։ Քանի որ «դեմոսը» գնալով դուրս է մղվելու տնտեսական շահերի դաշտից, այն այլեւս չի տեսնի իր դերը նաեւ քաղաքական որոշումների մեջ։

Որոշ գիտնականներ պնդում են, որ ավտոմատացման շնորհիվ տնտեսական մեխանիզմները այնքան սրընթաց են դարձել, որ դրանք այլեւս հնարավոր չէ կառավարել առկա պետական կառույցների միջոցով։ Արդյունքում մեզ համար սովորական դարձած դեմոկրատիան, հավանաբար, կվերանա։ Թե ինչ կգա դրա փոխարեն, դեռեւս դժվար է պատկերացնել։

Հեղափոխություններից խուսափելու համար ներկայիս էլիտաները կփորձեն ամեն կերպ իրենց դերը ամրագրել ապագայի բարիքների բաշխման համակարգի մեջ։ Ի տարբերություն անցյալի, նրանք այսօր բավականին խելամիտ են եւ գիտակցում են, որ կազմալուծվող տնտեսական համակարգից կառչելն անիմաստ է։ Իրենց նպատակը իրագործելու համար իշխող ուժերը կփորձեն ակտիվ մասնակցություն ունենալ նոր հասարակարգի մեխանիզմների կառուցման մեջ։ Այդ աշխատանքը արդեն ընթանում է՝ մեծ ներդրումներ են արվում հետազոտությունների եւ գործնական փորձարկումների մեջ։

Գնալով խստանալու է վերահսկողությունը մարդկանց եւ տեղեկատվության նկատմամբ։ Օգտագործվելու են տարբեր գործիքներ, որպեսզի մարդիկ զրկվեն պետության դեմ որեւէ խմբային գործողություն կատարելու հնարավորությունից։ Դա անհրաժեշտ է, որպեսզի տնտեսական շահերի վերաբաշխման ընթացքում ըմբոստություններ չլինեն եւ հեղափոխական միտումներ չառաջանան։ Արդեն քննարկվում են տարբեր միջոցներ՝ ընդհուպ միջեւ բոլորի պարտադիր «չիպավորում», որպեսզի հնարավոր լինի վերահսկել մարդկանց տեղաշարժը։

Հավանաբար, կզսպվեն լայնածավալ պատերազմները, քանի որ դրանք կբարդացնեն առանց այն էլ սուր իրավիճակը։ Համապատասխան տնտեսական փոփոխություններից հետո ընդհարումների հավանականությունը կախված կլինի շատ գործոններից, բայց առաջին հերթին՝ նորաստեղծ բաշխման համակարգերի սկզբունքներից։ Եթե նոր ձեւավորված էլիտաները դրանց շուրջ ամուր եւ փոխշահավետ պայմանավորվածության չգան, բարիքների վերաբաշխման համար նախաձեռնվող պատերազմները կարող են համատարած դառնալ, եւ դա լավ ավարտ չի ունենա՝ հաշվի առնելով ռազմական տեխնոլոգիաների արագ զարգացումը։

Մի խոսքով, մեզ սպասում են անազատ, լարված, անորոշ եւ փոփոխական անցողիկ տարիներ։ Անորոշությունը խորացվում է նաեւ տեխնոլոգիաների զարգացումների անկանխատեսելիությամբ։

Հայաստանի համար սա մարտահրավեր է, սակայն եւ լավ հնարավորություն իր ուրույն տեղը գտնել նոր ձեւավորվող համակարգում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին