Ես դու եմ, ու Արցախը Հայաստան  է
5004 դիտում

Ես դու եմ, ու Արցախը Հայաստան է


-Իմ ինչի՞ն ա պետք ձեր Ղարաբաղը, ինչի՞ս ա պետք։ Դու լավ ղարաբաղցի տեսած կա՞ս, վատն են սաղ, լավը չեն։

16 տարեկան է ասողը։ Ապրում է Երեւանում, իրենց բարձրահարկի վեցերորդ հարկից նայում է աշխարհին ու ասում՝ էդ քո Ղարաբաղն ինձ պետք չի, էդ քո Ղարաբաղը, որ գնացել ես, ինձ պետք չի։ 16 տարեկան է, իմ Դավիթի տարիքին։

Զսպում եմ ներսիս բարկությունը, ամբողջ ուժով.

-Իսկ դու եղե՞լ ես Արցախում, դու արցախցի ընկերներ ունե՞ս, դու ի՞նչ գիտես Արցախի մասին։

-Ես գիտեմ, -համառում է տղան, որ ազգականս է,- ես գիտեմ, լսել եմ։ Դու գիտե՞ս՝ ինչքան վատ են վերաբերվում ընդեղ զինվորներին։ Սաղ ստեղից են գնում իրանց համար ծառայում, իսկ իրանք... իրանք չեն էլ ծառայում։

Խորտակվում եմ։ Չգիտեմ՝ արցախցի քանի զոհված զինվորի մոր հայացք է խեղճ ու լուռ գալիս աչքիս, գալիս, լղոզում պատկերը, ու ես էլի խորտակվում եմ՝ դեպի ներս։

-Իրե՞նց համար։ Արցախը նույն, նույն, նույն Հայաստանն ա, դա քեզ համար ու ինձ համար ա, դա սահման ա, պարզ սահման։ Հորեղբորդ տղան էլ հիմա ինձ ու քեզ ա պաշտպանում, ոչ թե ուղղակի Արցախ։ Դու դեռ պիտի շնորհակալ լինես Արցախին, որ սահմանն իր վրա ա վերցրել, որ դու հիմա հանգիստ ասես քո կյանքի մեծագույն հիմարությունները։

-Ինձ պետք չի,- անվերջ կրկնում է տղան,- լավը չեն, պետք չի...

...Ղազանչեցոցը կորել էր մառախուղի մեջ։ Երեւում էր  ուղիղ կեսը, խաղաղության կեսը։

Մեր ոտքերի տակ հողն էր, որի վրա հայտնվել երազում էինք։ Հողը, որի վրա առաջներում եղել էինք ուրիշ ոտքերով՝ երկու հարյուր տարի առաջ, մի քանի տատ ու պապ առաջ։

-Մեր տերտեր պապերն Արցախա ղոլիցն (կողմից) են եկել, մեր ազգանվան Տեր-Վարդանյանն ու մի «Նարեկ» գրկել ու եկել են Տավուշ՝ Շամշադին,- ասում էր պապս, ու ձեռնափայտն անպայման գետնին նկարում էր կարեւոր մի բան, որ պատմություն անունն ունի։

Հետո, տարիներ հետո կորցրինք մեր ազգանվան Տեր մասնիկը, «Նարեկը»՝ որպես վկա ու մասունք, մնաց։ Ու պապս, որ երբեք չէր եղել Արցախա ղոլերում, մահվանից երկու օր առաջ պապենական «Նարեկը» դրել էր գլխի տակ։ Առաջ կարծում էի՝ որ բուժվի, հիմա գիտեմ, որ անհավատ իր դարի վերջին սուրբ հաղորդությունն էր ստանում Արցախից եկած սուրբ գրքով։

Մեր առաջին այցն էր Արցախ, չհագեցած, կիսաքաղց այց էր։ Նստել էինք Ղազանչեցոցի դիմաց ու չէինք հավատում։ Մթնում էր, իսկ մեր ընկերները Ստեփանակերտում էին։ Մթնում էր, իսկ մեզ համար անսպասելի չէր աշխատում ռոմինգը։ Նստել ու ծիծաղում էինք մտքից, որ  կարող ենք մնալ Շուշիում, կարող են մեզ չգտնել ու գնալ։ Մենք մեզ ներշնչել էինք, որ կորել ենք․ու դա երջանկացնում էր։

Երեկոյան մի ժամի մոտեցանք առաջին պատահած տանը։ Ցածր պատուհաններով ու փոքրիկ բակով տնակ էր, դեղին վարագույրներից ներս դեղին լույս էր։ Տատը, որ բացեց դուռը, գուցե յոթանասուն, գուցե վաթսուն տարեկան էր։ Խնդրեցինք, որ կամ հեռախոս տան զանգելու համար, կամ տաքսու տեղ ասեն, որ հասնենք Ստեփանակերտ։

Տասը րոպեից արցախավարի թեյ էինք խմում՝ գլուխ շաքարով ու տատի եփած ընկույզի մուրաբայով, տատը պատմում էր իրենց տան ու պատերազմում կորցրած որդու մասին, լուսանկարները դրել էր գոգին, ցույց չէր տալիս, գրկել էր ու պատմում էր։ Ու խոշոր էին տատի արցունքները, ու մուրաբայի հատիկներն էին խոշոր ու սեւ։

...Արցախը տատն էր, ով մեզ պահեց իր տանը մինչեւ առավոտ, ու ում էլ երբեք չհանդիպեցի։

...Կըճախաշի հոտն իմ մանկության հոտերից է։ Ու երբ ծանոթիս հայրական տան դուռը բացվեց Ստեփանակերտի թաղերից մեկում, Տավուշի կարոտը էդ հոտի հետ փաթաթվեց քթիս։ Մեծ ու հարմարավետ տան հյուրասենյակի գետնին խնամքով փռվեց սուփրան, վրան նստեց տան թոռնիկներից մեկը, ում ատամհատիկն էր, իսկ մնացածս՝ մենք, որ հյուր էինք, ու մեզ հյուրընկալած բազմազավակ ընտանիքի երեխաներն ու նրանց երեխաները՝ բոլորն էլ դեմքին յուրահատուկ, ընդգծված ըմբոստություն, բոլորվեցինք երեխայի շուրջը։

Ապա, ժպիտն աչքերի շուրջ խնամքով հավաքած, եկավ Ռուզան տատը՝ երիտասարդության գեղեցիկ կնիքը դեմքին, մոխրագույն ու սպիտակ մազերը ժպիտի նման խնամքով հավաքած գլխին։ Տիկին Ռուզանի ձեռքին կլոր թասիկ էր՝ կարոտներիս բույրով լցված թասիկ։

Կըճախաշն էր՝ խաշած եգիպտացորեն, լոբի, ցորեն, հաճար, երբեմն նաեւ սիսեռ, երբեմն՝ ոչ։

Տիկին Ռուզանը մեկ այլ ափսե պահեց փոքրիկի գլխին ու թասիկից կըճախաշը բուռ-բուռ լցրեց օրվա ամենակարեւոր մարդուկի գլխին՝ մեր ծիծաղների, երեխայի զարմացած ու հիացած աչքերի ներքո։ Երբ բարեմաղթանքների ուղեկցությամբ թասիկի պարունակությունը հայտնվեց երեխայի ու սուփրայի վրա, մեզ բաժանեցին մեկական գդալ ու ասացին՝ սկսեք։ Հետո մանկությանս բույրը համ դարձավ, իսկ երեխան հասցրեց սուփրայից վերցնել ինչ ասես․բժիշկ կդառնա, կամ հաշվապահ, կամ էլ գրող, կամ էլ...

Իսկ երբ սեղան նստեց «աշխատավոր մի գերդաստան», սիրտս նախանձի ու երեւի ապագա երջանկության խառնուրդով դողաց․ իմ տունն էլ, հաստատ, Ալբերտ պապի ու Ռուզան տատի տան նման պիտի լինի՝ յոթ որդով ու թոռների շատախոս բազմությամբ։

Հնչած կենացների մեջ թրջվում էին Ալբերտ պապի սեւ, թավ բեղերն, ու ես զարմանում էի՝ արցախցի տղամարդ լինել ու քթիդ տակ հպարտության հետ բազմած բեղ չունենալը հավասար է գյումրեցի լինել ու չեմպիոն չլինելուն։ Հնչած կենացների մեջ թրջվում էին Ալբերտ պապի սեւ, թավ բեղերն ու ոչ մի ավելորդ պաթոս չէր թրջվում։ Խմում էին հողի, մարդու ու մարդու-հողի կենացը։ Ու երեխաների կենացը, ու ապրելու կենացը։ Խմում էին երիտասարդ տատ ու պապի երիտասարդ երեխաները՝ «Անահիտ» հեքիաթից դուրս թռած Սաթենիկը, եվրոպացու նման պարզ ու էլեգանտ Սարինեն ու UWC դպրոցի ուսանող Շուշանիկը, խմում էին տատ ու պապի տղաները՝ դեմքերին համառ հանդարտություն՝ Ղազանչեցոցի կես-խաղաղության նման։ Սեղանի վրա գոլորշի էր տարածում ամբողջ գիշեր թուրունում (Ստեփանակերտի փողոցների նման մաքուր բակում կառուցված կոկիկ թոնիրը)   եփված կուրկուտը։ Ու բազմազավակ ընտանիքից կուրկուտի գոլորշու հետ թանձր ու տաք բարօրություն էր տարածվում։ Թվում էր՝ տարածվում է մինչեւ իմ տուն՝ Տավուշ, որտեղ իմ պապի գերեզմանն է՝ իր պապերի Արցախը երբեք չտեսած։

...Արցախը Սարինեի մեծ ու տաք ընտանիքն է՝ կուրկուտով, կըճախաշով ու ապրելու մասին կենացներով։

...Արցախի պետական համալսարանում քննության եմ։ Արցախցի դասախոսի հետ պայմանավորվել եմ՝ մեկին կեսին պիտի հանդիպենք։ Մեկն անց կես զանգում եմ, դասախոսս խիստ վիրավորված ասում է՝ պայմանավորված ժամին չզանգեցիր, գնացի։ Կարկամում եմ, ախր... Հետո ավելի խիստ ու խորը վիրավորված պատմում եմ սա արցախցի ընկերներիցս մեկին։ Կես ժամ ծիծաղում է ու բացատրում, որ մեկին կեսին Արցախի բարբառում նշանակում է տասներկուսն անց կես։ Նո՜ր միայն հասկանում եմ եղածն, ու երեւի հասկանում եմ Արցախն ավելի լավ...
...Ազգականս, ում այնքան պետք չէր իմ Ղարաբաղը, անձնագիր է ստացել։ Բացում եմ։

-Սա տեսնու՞մ ես,- ցույց եմ տալիս ազգության հատվածը։
-Հա,- արդեն փորձում է պաշտպանվել տղան։
-Իմ Արցախի աշակերտներից Դավիթի անձնագրում էլ է նույնը գրված։

Ասում եմ ու ուզում եմ նա դա հասկանա այնպես, ինչպես ես հասկացա, որ մեկին կեսինն ամենեւին էլ մեկն անց կեսը չէ։

Նարինէ Վարդանեանը լրագրող է, ներկայում դասավանդում է Արցախում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am