Երեւանը, որ ապրում եմ շաբաթ օրերին - Mediamax.am

Երեւանը, որ ապրում եմ շաբաթ օրերին
5190 դիտում

Երեւանը, որ ապրում եմ շաբաթ օրերին


Ես ապրում եմ շաբաթ օրերին, նախորդողներում կյանքն է ապրում ինձ: Կիրակին պատուհան է այդ ապրումների միջեւ: Շաբաթ օրերի Երեւանի մեջ ինչ-որ մոգական բան կա՝ այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվող գեղեցկություն եւ ժամանակի օրենքներին դեմ գնացող ռիթմ:

Տան դուռը փակվում է, ես կանգնում եմ ինքս ինձ հետ տարվող ամենօրյա բանակցությունների առաջ՝ ոտքո՞վ, թե՞ մետրոյով գնալ աշխատանքի: Հաղթանակը մետրոն սիրող աղջիկն է տոնում՝ համոզելով, թե վերադարձը կարելի է անել ոտքով, երբ շտապելու կարիք չի լինի:

Հա, վերադարձները պետք է անշտապ լինեն, ոտքով, ոտքերի տակ գետինը հստակ զգալով:  

Մետրոն շաբաթ օրերին կիսադատարկ է, կարելի է սահել շարժասանդուղքի վրայով կամ ուղղակի հանգիստ կանգնել ու վայելել դիմացի դատարկությունը:

Վագոնի դռները հենց քթիս տակ են շրխկում: Այս ուշացումը միշտ մի քանի րոպեով թեւաթափ է անում ինձ: Հետո ձեռքերս այնքան ծանր են կախվում ուսերիցս, թվում է՝ եղունգներիս փոխարեն քարեր են կախված: Չեմ սիրում ուշանալ:

Շարժասանդուղքի վերջին աստիճաններին հասնելուն պես քամին ողջույն է տալիս այտերիս՝ թոքերս լցնելով մետրոյի խոնավ եւ դրսից եկող թարմ բույրերի խառնուրդով:

Ականջակալներումս երաժշտությունն այնքան դանդաղ է, որ թվում է քաղաքը մի քանի անգամ դանդաղեցված կյանքով է ապրում: Սովորական ռիթմին եմ վերադառնում, երբ փողոցն անցնելիս մեքենան գրեթե քսվելով արագ կտրում է ճանապարհս: Կտրուկ կանգնում եմ ու ծիծաղում ինքս ինձ վրա. էս անգամ էլ խուսափեցի մեքենայի տակ փռվելուց:

Խաչմերուկն անցնելուց հետո հեռվից նկատում եմ տղային, ով ռեստորանի ցուցանակն է փորձում կախել: Ձեռքերն իջեցնում է ու արագ շրջվում, որ մտնի ներս:

-Թարս կախեցիք ցուցանակը: Համ էլ՝ բարի լույս,- ժպիտս չեմ կարողանում զսպել:

-Վայ, շնորհակալություն,- ծիծաղում է եւ ուղղում ցուցանակը:

Աշխատանքից հետո շաբաթ օրվա Երեւանը վայելելու իմ ամենասիրելի պահն է գալիս: Կեսօրի արեւը թույլ ծակում է մեջքս: Հասնում եմ սրճարանին, որտեղ հաճախ եմ ընդմիջում անում: Մատուցողը, ով կանգնած է պատուհանի մոտ, նկատում է ինձ, ժպտում ենք իրար:

Մի օր, երբ ընդմիջման էի գնացել, սպասքը բերելուց հետո դժգոհեցի, որ իմ սիրած բաժակը չի դրել: Քիչ անց վերադարձավ՝ բաժակը ձեռքին: Մոտ մեկ ամիս առաջ, երբ նորից իմ սիրած բաժակը չէր բերել, ինքը կանխեց բողոքս.

-Ձեր սիրած բաժակներից էլ չունենք: Կոտրվել են:

-Ինչ արած, պիտի համակերպվեմ:

Ազատության հրապարակում ինձ մտքերիցս կտրում է ոստիկանի ձայնը: Երկու զինվոր են քայլում դիմացից, ոստիկաններն էլ նրանց ընդառաջ են գալիս:

-Գոտիդ կապի, ախպեր, ռազմականը տեսնի՝ խնդիր ես ունենալու, ոստիկանի ձայնը լսում եմ, երբ արդեն թիկունքիս հետեւում եմ թողել նրանց: Շրջվում եմ՝ զինվորներից մեկն ամուր բռնել է ընկերոջ զգեստը, նա էլ գոտին է ամրացնում:

Բաղրամյանը, կարծես, հատուկ ինձ համար դատարկված լինի: Միայն հեռվից նկատվող տարեց տղամարդն է փողոցում, ում մոտենալիս տեսնում եմ, որ աղբարկղն է փորփրում:

Սիրահարների այգում եւս հատուկենտ մարդիկ են: Տատիկը՝ ոտքերը խաչաձեւ նստած, թոռան սայլակն է օրորում: Շեկ կատուն ալարկոտ քայլում է նրանց մոտ՝ պոչը քսմսելով կնոջ շրջազգեստին։ Ես, ինչպես միշտ, նստում եմ քարե աստիճանների վրա. այս անկյունից այգու մեծ մասը տեսանելի եւ կարելի է հերթով ուսումնասիրել մարդկանց: Մի քանի նստարաններ ճռռում են դատարկությունից։ Հեռվում աղջիկ ու տղա են գրկված-կանգնած։

Ցուցադրական անշտապողականությունս պարտվում է, երբ զգում եմ, որ դժվարությամբ եմ շարժում մատներս։ Իսկ ձմռանը Երեւանում մատները տաքացնելու ամենալավ ձեւը փոքրիկ սրճարաններում կարելի է գտնել՝ սուրճի կամ թեյի բաժակով։

Ոտքերս տանում են Դեմիրճյան փողոց։ Փոքրիկ սրճարանը Էսկոբարի տունն է հիշեցնում։ Աղջիկը, ով հասցրել է ինձ ճանաչել տուն գնալու ճանապարհին արագ մտնելու եւ մեկ բաժակ սուրճ վերցնելուս ընթացքում, առանց հարցնելու, սկսում է իմ սիրելի սուրճը պատրաստել։ Մի քանի րոպե անց քայլերս ուղղում եմ դեպի Պռոշյան փողոց՝ ձեռքերումս սեղմած սուրճի բաժակը։ Փողոցում տարածվում է սուրճի ու բանանի բույրը։ Սրճարանում աշխատող աղջիկն ասում է, որ բանանի բույրով սուրճը երջանկության զգացողություն է առաջացնում։ Չի ստել, ես երջանիկ սավառնում եմ փողոցներով։

Շաբաթ օրերի այս արարողակարգի վերջին ակորդը Ամերիկյան համալսարանի աստիճաններին՝ վերեւում նստած մեքենաների հոսքին հետեւելն է։ Ու հետո արդեն տուն տանող ճանապարհը, որը հնարավորինս ձգում եմ։

Շաբաթ օրերին Երեւանը կարելի է լիաթոք ապրել, եթե անգամ ոչինչ առանձնահատուկ չի կատարվում։ Բավարար է չափչփել սիրելի փողոցները, այգում նստած հետեւել մարդկանց ու բնության շարժին, սիրելի սրճարանում մատները տաքացնել մեկ բաժակ սուրճով ու երջանկության քո չափաբաժինը վերցրած գնալ տուն։ Շաբաթ օրերի Երեւանն ապրելու համար բավարար է պարզապես շուտ արթնանալ ու դուրս գալ փողոց, որպեսզի քաղաքը լցվի քեզանով ու տարածվի քո մեջ:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին