Ժանիքները ցույց տալու ժամանակն է - Mediamax.am

Ժանիքները ցույց տալու ժամանակն է
14875 դիտում

Ժանիքները ցույց տալու ժամանակն է


Վերջերս նախագահ Իլհամ Ալիեւն՝ ելույթ ունենալով կուսակիցների առջեւ, հայտարարեց, որ Երեւան քաղաքը եւ Սյունիքի մարզն Ադրբեջանի պատմական տարածքներն են: Ավելին, նա ընդգծեց, որ այդ հողերի վերադարձն իր պետության ռազմավարական նպատակն է: Շատ հայ եւ ռուսաստանյան փորձագետներ այդ ելույթը բնութագրեցին որպես պոպուլիստական՝ ուղղված որոշակի ընտրական խնդիրների լուծմանը՝ երկրում գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Նման տեսակետն ամրապնդվում է նրանով, որ Ալիեւն առաջին անգամը չէ, որ Արեւելյան Հայաստանն անվանում է Ադրբեջանի պատմական մաս, եւ, հետևաբար, դրան պետք չէ լուրջ վերաբերել: Սակայն, նման տեսակետը, ըստ իս, պարզեցված է: Ինչու՞ պետք է Ալիեւի ելույթն ընդունվի չափազանց լուրջ եւ ինչպե՞ս է պետք պատասխանել նման հանգամանքներում:

Սառը պատերազմի ավարտով փլուզվեց նաեւ միջազգային հարաբերությունների այն համակարգը, որը ձեւավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով: Համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը կառուցված է այնպես, որ խաղի գործող կանոնների չեղարկումը պետք է բերի նորերի մշակմանը: Սակայն այս անգամ այդ տրամաբանությունը խախտվեց, եւ աշխարհը ստացավ հեգեմոնին՝ ի դեմս Միացյալ Նահանգների, որը միջազգային քաղաքականությունը դիտարկում է ժողովրդավարական աշխարհի տեսության լույսի ներքո: Աշխարհակարգի համակարգվածության վակուումը ժամանակի ընթացքում լցվեց պոպուլիզմով: Քաղաքական տարածքը, որտեղ նախկինում գործում էին վարքագծի որոշակի կանոններ, սկսեց լղոզվել եւ վերածվեց մի հսկայական դաշտի, որտեղ տեղի է ունենում պայմանական «գիշատիչների» եւ «խոտակերների» բախումը: Երկրները, ժողովուրդները, պետությունները եւ քաղաքական գործիչները ստիպված են հարմարվել ձեւավորված իրողություններին եւ ամեն օր գոյատեւման կռիվ տալ համար այդ աշխարհաքաղաքական ջունգլիներում:

Ադրբեջանն իր համար ընտրել է «գիշատչի» դերը, որի ախորժակը մեծանում է օրեցօր: Բազմաքանակ խոշոր դիվերսիաներն Արցախի ուղղությամբ, Հայաստանի տարածքների գնդակոծությունները եւ 2016թ. ապրիլյան մասշտաբային էսկալացիան ցույց տվեցին, որ նրանք չեն պատրաստվում սահմանափակվել հռետորաբանությամբ: Ալիեւի՝ մեզ զառանցանք թվացող պոպուլիզմը Բաքվում կտրուկ վերափոխվում է իրական գնդակոծությունների եւ դիվերսիաների, որոնց համար մենք ստիպված ենք վճարել հայ զինվորների եւ սպաների արյամբ: Խոսքերը ստանում են իրական ուրվագծեր, երբ հրապարակվում է վիճակագրություն այն մասին, որ Ադրբեջանն այլեւս առաջատար է դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ եւ Վրաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով: Աշխարհագրությունը եւ 90-ականների մեր սխալները Վրաստանը դարձրել են հայկական քաղաքականության կարեւոր գործոն:

Առանձնակի ակտիվություն է նկատվում ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում: Բաքվի գիշատիչն՝ իր ավագ դաշնակից Թուրքիայի, ինչպես նաեւ իր խոշոր գործընկեր Իսրայելի աջակցությամբ, ամրապնդում է դիրքերը պայքարի արեւմտյան ճակատներում: Այսօր Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ում ազդեցություն գնելու վրա՝ հետաքրքրություն ցուցաբերելով ոչ միայն մեծ քաղաքականության, այլեւ այդ երկրի խոշոր տեղեկատվական ռեսուրսների եւ ազդեցիկ ուղեղային կենտրոնների նկատմամբ: Եվ սա միայն սկիզբն է, չմոռանանք, որ Ադրբեջանը պատմական չափորոշիչներով բավականին երիտասարդ գիշատիչ է (հենց այդ տիպն է համարվում առավել վտանգավոր):

Այսօր մենք տեղերով կտրուկ փոխվել ենք: 90-ականներին հայկական կողմն հաղթեց մարտի դատում, իսկ խոշոր լոբբիստներն Ամերիկայում եւ Եվրոպայում ամրապնդեցին այդ հաղթանակը քաղաքականապես (Ազատության աջակցման ակտի 907-րդ բաժինը, ԼՂՀ ընդգրկումը ԱՄՆ-ի կառավարական օգնության ցուցակում եւ այլն): Հայկական աշխարհի տարբեր մասերը ոգեւորված էին անկախ պետության ի հայտ գալով եւ Մեծ Հայաստանի մասերից մեկի ազատագրմամբ: Մի պահ մեզ մեկ ամբողջություն զգացինք, եւ մեր էներգետիկ հզորությունը քաղաքական հրաշքներ գործեց, որոնք փորձեցին վերլուծել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Զբիգնեւ Բժեզինսկին եւ Հենրի Քիսինջերը: Շուտով մեծ կայսերական ազգի վերածնման մասին երազանքները սկսեցին տարրալուծվել երկրի ներքին խնդիրների եռացող կաթսաներում՝ կոռուպցիա, բնակչության արտահոսք, գիտության եւ կրթության անկում եւ այլն:

Կորցնելով որոշ չափաբաժիններով անհրաժեշտ «քաղաքական խենթությունը» եւ կոշտ պոպուլիզմը՝ մենք կանգնեցինք մի շարք կարեւոր հոգեբանական շտկումներ կատարելու անհրաժեշտության առջեւ: Ազատագրված Արցախը զրկվել է սուբյեկտի կարգավիճակից, ավելին՝ չի մասնակցում բանակցություններին, հայ սպա Գուրգեն Մարգարյանին գլխատած հանցագործն ազատ շրջում է տարբեր մայրաքաղաքներում, իսկ պաշտոնական Բաքուն, որը ոչ վաղ անցյալում խորը ռազմա-քաղաքական նոկաուտում էր, գործում է ագրեսիայի մեկ ակտը մյուսի հետեւից (այդ թվում՝ օգտագործելով զենք, որը գնել է ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից): Մենք արդեն չենք խոսում մեր պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին, որը ոչնչացվում է հարեւան երկրներում, եւ չենք դնում ենք Բաքու եւ Նախիջեւան վերադառնալու հսկայական ռազմավարական խնդիրներ (պոպուլիզմի առկա իրողությունների պայմաններում գոնե կենսապես կարեւորի մակարդակում):

Ամեն ինչ լրիվ հակառակն է՝ մեր հարեւաններն իրենց ազգային ինքնությունը կառուցում են այն ժառանգության վրա, որ հազարամյակների ընթացքում ստեղծել են մեր նախնիները: Հնարավոր է, որ մենք դա հիմա չենք գիտակցում, բայց ցանկացած հակահայկական պոպուլիզմ Ադրբեջանի, Թուրքիայի կամ Վրաստանի կողմից լուրջ սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ շահերի համար: Նման պայմաններում մենք պետք է համապատասխան կերպով արձագանքենք՝ ինչպես գիշատիչներ՝ պատրաստ ամեն րոպե հարձակվելու հակառակորդի վրա: Ժամանակակից միջազգային հարաբերություններում պատշաճության կանոնների բացակայության պայմաններում մենք չպետք է մեր հայացքն ուղղենք այլ խոշոր գիշատիչներին՝ Մոսկվային, Բրյուսելին, Վաշինգտոնին կամ Պեկինին: Պատմությունը պետք է մեզ սովորեցրած լիներ, որ գերտերությունները շահագրգռված չեն քաղաքական խնդիրների լուծմամբ՝ հիմնվելով տրամաբանության եւ արդարության սկզբունքների վրա: ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներից ինչ-որ մեկը արձագանքե՞լ է Ալիեւի հայտարարությանը: Միգուցե այդ հարցն ակտիվ քննարկու՞մ են Ռուսաստանում, Ամերիկայում կամ Եվրոպայում: Կամ ՄԱԿ-ը պատրաստվու՞մ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, որը սպառնում է ինքնիշխան Հայաստանին: Դժվար թե, չէ՞ որ «գիշատիչներն» ընդհանրապես չեն սիրում ընկերանալ խաղաղ «խոտակերների» հետ: Նրանք միայն իրենց նմանների լեզուն են հասկանում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին