Թոմ Հենքսի սարոյանական գրիչը - Mediamax.am

Թոմ Հենքսի սարոյանական գրիչը
2721 դիտում

Թոմ Հենքսի սարոյանական գրիչը


Բնօրինակ. Tom Hanks “Uncommon Type”
Ռուսերեն` Том Хэнкс «Уникальный экземпляр»

Թոմ Հենքսն ունիկալ դերասան է: Հիմա, երբ նրա հասակակից կոլեգաները հարասմենթի մեղադրանքով հայտնվում են սկանդալներում (տեղի-անտեղի, երբեմն` կործանարար, խե՜ղճ Քեւին Սփեյսի), պարոն Հենքսը այդ նույն ժամանակ գիրք է հրատարակում, ոչ ավելի, ոչ պակաս` պատմվածքների հավաքածու` «Ունիկալ էքզեմպլյար. պատմություններ այս ու այն բաների մասին»:

Թոմ Հենքս գրողի գրական դեբյուտն իրո´ք ունիկալ էքզեմպլյար է. պատմվածքները շարադրված են վինտաժային գրամեքենաներով: Պարոն Հենքսը այդպիսիք 50-ն ունի, պատկառելի  հավաքածու է: Ասում են`վերջին երեք տարիների ընթացքում  դերասանը պատմվածքները գրել է ֆիլմերի նկարահանումներին զուգահեռ տարբեր երկրներում` ամեն անգամ իր հետ տանելով մի գրամեքենա: Եվ դա զգացվում է ընթերցելիս: Վինտաժային գրամեքենաների լուսանկարները կարծես  պատմվածքների պրելյուդն են: Դրանցով շրջապատված ու այդպիսի մի գրամեքենայի առաջ նստած էլ դերասան Հենքսը նկարվել է գրող Հենքսի բուքթրեյլերում:



Հիմա եկեք մոռանանք Հոլիվուդի մեգաաստղին իր երկու Օսկարներով հանդերձ: Հատկապես, որ նա գրող դարձել է ո´չ աստղային քմահաճույքից դրդված, գոնե նա այդպես է վտսահեցնում. - «Ամբողջ կյանքում շրջապատված եմ եղել հիանալի պատմիչներով, եւ հիմա ոգեշնչված ուսանողի պես ուզում եմ պատմել սեփական պատմությունս: Բացի այդ բավականաչափ գիտական գրականություն եմ կարդացել, որն իմ ուղեղում դասավորվել է հիմնավոր ու վերաշարադրման կարիք ունի»:



Թոմ Հենքսն ինքն էլ խոստովանում է` սկսնակ գրող է այդ բառի բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Պատմվածքներում երբեմն կուլմինացիոն սրության բացակայությունը խանգարում է: Բայց դա չի խանգարում ասել, որ Հենքսի գրիչը լավն է: Եթե մի պատվածքից պահանջկոտ ընթերցողը կձանձրանա, մյուսից հաստատ գերագույն հաճույք կապրի: Ու, եթե փորձեք Հենքսի տողերում փնտրել հոլիվուդյան դերասանի օրագիր, չեք գտնի: Գուցե հիշեք նրա մասնակցությամբ որեւէ ֆիլմի տեսարան, բայց դա էլ ակամա կստացվի, երեւի անխուսափելի է այս դեպքում մոռանալ հեղինակի ով լինելը:

17 պատմվածք, որոնք տարբեր են ամեն ինչով` ժամանակագրությամբ, ոճով, ասելիքով, Մարսից մինչեւ նացիստական Գերմանիա: Ընթերցելիս տպավորություն է` տարբեր ֆիլմեր ես հերթով նայում: Խորհուրդ կտայի դրանք կարդալ դադարներով, օրինակ` վայելելով կեսօրյա թեյի հետ:   

Հենքսը ստեղծում է ժամանակակից ամերիկյան գրականություն դասականի կանոններով: Գրախոսականներում մասնագետները նրա գրիչը հաճախ նմանեցնում են Սարոյանի ոճին`կենցաղային բարի հումորով, կարեւորի մասին պարզ արտահայտվելու հմտությամբ, տխրությունը մատուցելու նրբությամբ: Հենքսը պետք է, որ կարդացած լինի Սարոյան, գոնե «Մարդկային կատակերգությունը» հաստատ, որի հիման վրա Մեգան Ռայանի հետ նկարել են «Իթաքան»:



Նմա՞ն է Թոմ Հենքսի գրականությունը Սարոյանին, ուզո՞ւմ է Հենքսը նմանվել Սարոյանին, նկատե՞լի է սարոյանական ոճը Հենքսի պատմվածքներում, թե՞ բացարձակապես անհամեմատելի է, դժվարանում եմ ասել: Համենայն դեպս, Թոմ Հենքսը դեռ մեկ գիրք էլ պետք է հրատարակի, որ այդ հարցերին մոտավոր պատասխան գտնվի, գոնե ինձ համար: Իսկ որպես դեբյուտ վատ չէ, առաջադրանքը կատարված է, պարոն Հենքս, 5-ից 4 գնահատականով:

Հ.Գ. Թոմ Հենքսի «Ունիկալ էքզեմպլյարը» կա «Բուկինիստում», գինը` 5600 դրամ, ռուսերեն հրատարակությունը` “Азбука”, Սանկտ-Պետերբուրգ: Նոր գիրք, որն երկու տարի ուշացումով չի հասել երեւանյան գրախանութ: Ինչ խոսք, հուսադրող է: 

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին