Խանջյանը հուշում է՝ ստեղծենք այսօրվա քաղաքի մեր հուշը - Mediamax.am

Խանջյանը հուշում է՝ ստեղծենք այսօրվա քաղաքի մեր հուշը
4360 դիտում

Խանջյանը հուշում է՝ ստեղծենք այսօրվա քաղաքի մեր հուշը


«Անիին, որ խնջույք է ու հմայիչ, մեծ երջանկություն ցանկանալով: Սիրով Գուրգեն Խանջյանից». մակագրությունը հետո եմ կարդում: Ավելի ճիշտ՝ փորձում եմ վերծանել ձեռագիրը (խնջույք բառի պահով դեռ կասկածներ ունեմ), այդ պահին գիրքն ամուր գրկած՝ շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն: «Քեզ եմ շնորհակալ, որ կարդում ես», - պատասխանում է Խանջյանը:

Գիրքը գնեցի Yerevan Book Fest-ի առաջին իսկ օրը: Գրքի փառատոնի կազմակերպչական թիմում էի, երեք օրերի ամեն րոպեին սպասում էի, երբ կգա գրողը՝ մեր օրերի դասականը: «Գալու է, ժամ չի ասել, բայց հաստատ գալու է», - չէր հոգնում կրկնել Արքոն (Արքմենիկ Նիկողոսյանը): Եկավ, ստորագրեց, Գրքի առաջին փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում մրցանակ ստացավ, ու գնաց՝ թողնելով ինձ «պլպլանների» հետ միայնակ՝առանց ասելու «Տուր ձեռքդ, պստլո»:

«Խաբեց, աշխարհը քեզ էլ խաբեց պստլո»

Գրիգն արթանանում է գնացքում: Մենակ է: Կամ էլ մենակ չէ՝ նրա հետ են իր տառականները: Բոլորս էլ ունենք չէ՞ դրանցից: Գրիգի տառականները «պլպլաններն» են՝ չարամիտ, չարագույժ, չարաճճի: Ուր ասես կտանեն, ինչի ասես՝ դրանք  կհանգեցնեն մարդու: Աներես են, անպարկեշտ: Մի խոսքով՝ Գրիգորը, որ գրող է, գնացքով գնում է տունդրան տեսնելու, Հյուսիսափայլի հետքերով: Գուցե այլ նպատակով, եւ իրոք, ինչո՞ւ է Հայաստանից վեր կացել, հասել աստծուց մոռացված այդ սառցե անապատը, հյուրընկալվել Փչակում ապրող ցեղի շամանին:

«… օվկիանոսը, ճերմակ ազատ տարածքներն ու հյուսիսափայլը ունակ են հաշտեցնելու քեզ քո տագնապների հետ»:


Բայց չի օգնի անգամ այդ ցեղի ամենագեղեցիկ կնոջ գուրգուրանքը, ձկան պարը իմացող Էյյան կսիրի նրա ծերացող մարմինն ու անզոր կլինի բուժել վերքերը:

«Վեր կաց, մի 50 գրամ կոնծիր ու հայդա»՝ մի առավոտ բրդբրդելով կարթնացնեն «պլպլանները»: Գրիգը կվերադառնա Մոսկվա, քեռուն կտեսակցի, ինքն էլ չի իմանա թե ինչպես, կհայտնվի երիտասարդ տարիների սիրո՝ Լենայի բնակարանի շեմին, բայց Լենան էլ դավաճան է՝ վաղուց մահացել է: Կշտապի Երեւան: Այստեղ նրան դատարկ տունն ու ծնողների գերեզմաններն են սպասում, մի փոքր թումբ էլ տան բակում կա՝ Խանումինն է՝մարդու էն միակ ամենահավատարիմ բարեկամինը՝ շանը: Գրիգը շնամարտի սիրահար է: Կկանչեն Թիֆլիս, կգնա, այնտեղ իր պիեսն են բեմադրում, Թիֆլիսը իր ծննդավայրն է, մանկության քաղաքը, այստեղ էլ մեռյալներ ունի: Կվերադառնա Երեւան: Երբեմն նրան՝ արդեն պատկառելի տարիքում գտնվող հայտնի գրողին կայցելի ընկերուհին: Սաթենիկը երիտասարդ, սկսնակ լրագրող է, ազատամիտ ու ազատաբարո: Լավ աղջիկ է, տոնի պես լցվում է Գրիգի կյանք, տեւում մի քանի ժամ ու հեռանում՝ առանց պարտավորություններ թողնելով Գրիգին: Հետո Գրիգի տուն է ներխուժում երաժշտությունը՝ դասական, ջազ, ռոք, ըստ տրամադրության, եւ ըստ նրա, թե կյանքի որ հատվածի վերհուշով է ընթերցողին տանում Գրիգը: Մի օր էլ կարթնանա՝ ծանր հիվանդասենյակում, երրորդ անգամ է բուժվում այդ հոգեբուժարանում: «Պլպլանները» նորից անտանելի էին դարձել: Այդ անգամ էլ կհաղթահարի, դուրս կգա, կշարունակի փնտրել ու չգտնել, վերջապես կհամակերպվի, սպասումն օր օրի կմաշվի՝ մոտեցնելով այն կողմի հետ սահմանը:

«Երբ պատրանքները հանում ես միջիցդ, տեղը խաղաղություն է լցվում, ավարտի ընթացքին խաղաղությունը շատ է կարեւոր, խաղաղ հոգով սպասելը դյուրին է, նույնիսկ ինչ-որ տեղ հաճելի»:

Խանջյանի գիրքն իր սերնդի կարոտն է: Նրա հերոսը կարոտում է կյանքից հեռացած ծնողներին, հարազատներին, ընկերներին, սերերին, տերերին, շանը: Գրիգի ձեռքի տակից սպրդում է Երեւանը, որի ամեն փողոցը, անկյունը անգիր գիտի, որը ապրված է:

«Օնիկի սպորտխանութի մոտով թեքվեց Պուշկին, Պուշկինով՝ դեպի Աբովյան, լողում էր տաք ստվերի միջով, «Ժուռնալիստի տան» սրճարանից ձայն տվին, Գարիկն էր, Միկան, Գագոն … «Կոպեկանոց», բացօթյա սրահ, մագլցող բույսերի ստվերում՝ Բաբայան Յուրան, Հովնաթան Ռուբոն,  Սիփան Շիրազը … Շերենցը ակնոցը հանել՝ սեղանին է դրել, չի տեսնում:

…Շողիկ մաման մոտեցավ մի քանի կյանք տեսած մատուցարանը ձեռքին՝ ի՞նչ բերեմ իմ տղին»:

Բայց Խանջյանի վեպը ափսոսանք չէ, հնի փառաբանում, նորի փնովում չէ, ավագ սերնդի փնթփնթոց չէ, «հին երեւանցի» մեծարվելու փորձ չէ: Ուղղակի հուշ է իր սերնդի համար, հուշագրություն՝ մեզ համար: Խանջյանը չի ասում՝ իր Երեւանն ավելի լավն էր, քան մերը: Չի ասում՝ իր սերունդն ավելի լավն էր, քան մենք: Չի բարոյախոսում: Իր Երեւանում էլ, երբ ջահել էին, խմում էին, ծխում, ստեղծում, քանդում, խաբում՝ գցում, օգնում՝ փրկում, սիրում, սեքս անում: Խանջյանը պարզապես հուշում է՝ ստեղծենք այսօրվա քաղաքի մեր հուշը: Չէ՞ որ Գրիգի կարոտից մեզ էլ է սպառնում, մենք էլ մի օր երեւակայելու ենք՝ ինչպես ենք ամռանը Սարյանով Կասկադ իջնում գինետուն, բայց  չէ, գինետուն չի, մենք winery ենք սիրում ասել, գինետունը Խանջյանինն ու նրա ընկերներինն էր, կթվա՝ ինչպես է ամբողջ քաղաքը տեղավորվել է բացօթյա սեղանիկների նեղ արանքում, որովհետեւ ծանոթներիցդ  90%-ին տեսնելու 190% հնարավորություն ունես: Գիտես՝ ուրբաթ երեկոյան ում՝ որ փաբում կարող ես գտնել, որտեղ ինչ մյուզիք կա…

Խանջյանի գիրքը նաեւ երաժշտություն է: Դասականի մեղեդին կընդհատվի մետալ ռոքի աղմուկով, ապա կպատի ջազի թմբիրը: Երաժշտական էնցիկլոպեդիկ էջեր մեկ էլ Խուլիո Կորտասարն ունի: Առհասարակ Խանջյանը լատինամերիկյան կախարդական ռեալիզմի տարրերով է գրում: Լավ է, նույնիսկ շատ լավ: Ջոն Քոլթրեյնը Գրիգի կարոտները լուռ լսողն է:

«Եթե դու անցել ես «Expression» թեստը՝ նա քոնն է այլեւս, դու նրանը, այդպես ապրում ես, գնում ես, գալիս ես, ինչ-որ բաներ ես անում, իսկ նա համբերատար սպասում է , գիտի՝ փախչելու տեղ չունես....»:

Վերջաբանի միտումով

Խանջյանի գիրքը կտավ է քաղաքի համար, իր համար՝ անցյալի ուղեցույց: Գրողը դրանով հետ կգնա իր ծանոթ ժամանակները, կտավը մենք կգրկենք ու կսլանանք առաջ՝ 21-ր դարի ամբողջ ուժով, առանց վախենալու, չէ՞ որ մեր ձեռքը բռնող կա, ճամփեն ցույց տվող կա:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին