Ձեզ սպանելով, մեզ էլ մի սպանեք - Mediamax.am

Ձեզ սպանելով, մեզ էլ մի սպանեք
12056 դիտում

Ձեզ սպանելով, մեզ էլ մի սպանեք


Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից: Թեեւ անցել է 22 տարի, շատ եմ կարոտում նրան: Առավել քան վստահ եմ, որ եթե հայրս մոլի ծխող չլիներ, այսօր կլիներ իմ եւ իր թոռնիկի կողքին:

172 երկրների շարքում քաղցկեղի տեսակների մեծ մասից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջատար է: «Քաղցկեղի բոլոր տեսակները» սյունակում Հայաստանն առաջին տեղում է: «Թոքերի քաղցկեղ» կատեգորիայում Հայաստանը երկրորդ տեղում է:

Այս պարագայում հրաժարվում եմ հասկանալ այն հիստերիան, որը բարձրանում է ծխելու դեմ կառավարության ձեռնարկած քայլերի դեմ:

Ծխողները փաստացի բռնել են ինքնաոչնչացման ճանապարհը եւ պատրաստ են թշնամի հռչակել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կանգնեցնել իրենց:

Երբ ասում են, թե «ավելի լավ է, թող վարչապետը նոր աշխատատեղեր ստեղծի, այդ դեպքում մարդիկ դարդից քիչ կծխեն», ես լուրջ կասկածներ ունեմ, որ նման մարդիկ կարող են հասարակության բանական անդամ լինել: Անգամ եթե ընդունենք, որ վարչապետը, ծխելու դեմ պայքարից բացի, ուրիշ ոչինչ չի անում, ես պատրաստ եմ կանգնել նրա կողքին, եթե այդ պայքարը բերելու է նրան, որ մենք ավելի քիչ կհանդիպենք սգո սրահներում ու գերեզմաններում եւ բաժակներ կբարձրացնենք մեր կենդանի բարեկամների ու ընկերների համար եւ ոչ թե նրանց հիշատակին:

Եթե ցանկանում եք ծխել, դա ձեր իրավունքն է, որը կարող եք իրացնել տանը կամ այն մարդկանց շրջապատում, ում դա հաճելի է: Եթե դուք իմ եւ իմ ընտանիքի հետ գտնվում եք նույն հասարակական վայրում, ձեր իրավունքը չի կարող գերիշխել իմ՝ ձեր ծուխը չշնչելու իրավունքի վրա: Սա պարզից էլ պարզ է, եւ եթե փորձում եք ապացուցել հակառակը, դեմագոգիայով եք զբաղվում:

Ես չեմ ծխում արդեն 15 տարի: Մինչ այդ ծխել եմ 10 տարի՝ վերջին շրջանում օրական երկու տուփ: Թողեցի ծխելը, երբ մի օր առավոտյան 11-ին հայտնաբերեցի, որ մոտ երկու ժամ առաջ գնված տուփից հանում եմ վերջին գլանակը: Վախեցա ու միաժամանակ շատ հստակ հասկացա, որ այն, ինչ ես անում եմ, ինձ սպանելու է, հնարավոր է՝ շատ շուտ: Այդ օրվանից հետո չեմ ծխել եւ ոչ մի գլանակ: Եթե ես կարողացել եմ դա անել, կարող եք նաեւ դուք: Հավատացեք, կյանքը ծխելը թողնելուց հետո միանգամայն փոխվում է:

Ծխելը թողնելուց մի քանի ամիս հետո գնացել էի մամուլի ասուլիսի: Նստած էի սրահում, երբ կողքս նստեց գործընկերներիցս մեկը, ով հենց նոր էր հանգցրել ծխախոտը: Մինչեւ հիմա հիշում եմ այն շոկը, որն ապրեցի ոչ այնքան այն ահավոր տհաճ հոտից, որը գալիս է նոր ծխած մարդուց (երբ ինքդ ծխող ես, չես զգում), որքան նրանից, որ տարիներ շարունակ շատ մարդիկ այդ հոտն առել են ինձանից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին