Պիցցա Մոսկվայի կենտրոնում՝ Գորիսի տղերքի համար - Mediamax.am

Պիցցա Մոսկվայի կենտրոնում՝ Գորիսի տղերքի համար
23420 դիտում

Պիցցա Մոսկվայի կենտրոնում՝ Գորիսի տղերքի համար


Այս պատմությունն ինձ պատմել է ընկերուհիս, ում հետ 30 տարի առաջ ֆուտբոլ եւ բասկետբոլ էինք խաղում Ստեփանավանի հանգստյան տանը: Որոշեցի վերապատմել այն ձեզ, քանի որ հավատում եմ, որ նման պատմությունները հույս են ներշնչում եւ ապացուցում, որ երբեմն մեր արած փոքր բարի գործը կարող է մեծ հրաշք դառնալ:

Մոսկվայի կենտրոնը ծայրից ծայր փորել էին դեռ գարնանը: Ամենուրեք  շինարարական մեքենաներ են: A կետից B կետ ոտքով հասնելու համար պետք էր ոչ թե սովորական 200-մետրանոց ուղիղ ճանապարհ անցնել, այլ մի լավ պտույտ կատարել՝ խույս տալով սալահատակներ տեղափոխող բեռնիչներից:

Շտապում եմ հանդիպման՝ սպասելով, թե երբ հերթական բեռնիչը կազատի ճանապարհը, եւ ականջի ծայրով հայերեն խոսք որսացի: Կենտրոնացա: Սկսեցի ականջ դնել:
 
- Ապեր, հեսա, վերջին 100 ռուբլին: 100-ն էլ դու դիր, 2 հատ բատոն մի հատ էլ կոնսեռվա ձկից առ պերեռիվ անենք՝ պտի որ հերիքի: Էսօր մի ձեւ ձգենք, վաղը՝ Աստված ողորմած ա: Տղերքից պարտք կանենք: Էն Սաշան ասեց, երկուշաբթի փողը կտա:

-Լսի, Արմեն, բա վաղը ի՞նչ ենք ուտելու: Հլա պտի տուն հասնենք: Բա որ տղերքը չունենան…

- Ինչ ասեմ, վաղը մի բան կմոգոնենք:

Լսում եմ, սիրտս կծկվում է, բայց չգիտեմ՝ ինչ անել: Հետս ունեմ ընդամենը 1000 ռուբլի կանխիկ գումար, բայց չեմ կարող մոտենալ եւ հայ տղամարդկանց առաջարկել գումար վերցնել: Բացի այդ, հանդիպման եմ ուշանում:

Մտա մետրո, դուրս եկա անհրաժեշտ կայարանում, կարծես թե հասցնում եմ: Այդ պահին ընկերուհիս, ում պետք է հանդիպեի, ինձ գրում է, որ խցանման մեջ է եւ կհասնի լավագույն դեպքում կես ժամից:

Իսկ մեր սոված տղաները մտքիցս չեն գնում: Տեսնում եմ մոտակայքում պիցցերիա՝ «առաքում» գրվածքով:

Ներս եմ վազում, պատվիրում եմ 4 պիցցա, մի մեծ բաժին հավի թեւիկներ, հյութ եւ շոկոլադե տորթ: Գրում եմ առաքման մոտավոր հասցեն. «Անունը՝ Արմեն, խոսում են հայերեն, շինարարներ են»: Թողնում եմ հեռախոսահամարս առաքիչի համար, հավելավճար եմ թողնում, որպեսզի զանգի ինձ, եթե հանկարծ չգտնի: Առանձին թղթի վրա գրում եմ հայերեն.

«Ողջույն, Հայաստանից: Անուշ արեք, տղաներ ջան» եւ խնդրում եմ դնել թուղթը պատվերի մեջ:

Մոտ 40 րոպե անց զանգահարում է առաքիչն ու հայտնում, որ պատվերը հանձնել է Արմենին, ամեն ինչ լավ է:

Անցնում է մոտ մեկ ամիս: Անծանոթ համարից զանգահարում է մի տղամարդ: Հարցնում է, արդյոք ե՞ս էի ուտելիք պատվիրել կենտրոնում աշխատող հայ շինարարների համար: Հաստատում եմ: Հարցնում է՝ խոսո՞ւմ եմ հայերեն: Կրկին հաստատում եմ: Անցնում է հայերենի:

Պարզվում է՝ այն պիցցերիայի տնօրենն է: Հայ է: Եվ առաքիչը, որը հասցրել է պատվերը, նույնպես հայ է՝ նրա ազգականն է: Երբ առաքիչը գտել է շինարարներին եւ նրանք միասին կարդացել են երկտողը, շատ են զարմացել:

Առաքիչը վերցրել է նրանց հեռախոսահամարները եւ պատմել ամեն ինչ տնօրենին:

Պարզվեց, շինարարները Գորիսից են: Մեկը հիվանդ քույր եւ տարեց ծնողներ ունի, մյուսն էլ ՝ կին եւ երկու փոքր երեխա: Նրանց քիչ եւ անկանոն են վարձատրում, իսկ պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսին:

Պիցցերիայի տնօրենը վերցրեց նրանց աշխատանքի: Պարզվեց, որ Արմենը ժամանակին Գորիսում աշխատել է հացի փռում եւ գործից հասկանում է: Ընկերոջն էլ որպես բանվոր են վերցրել: Ճաշի ընդմիջումը հաստատության հաշվին է, աշխատավարձը մի քանի անգամ բարձր է, քան շինարարության վայրում: Այժմ տնօրենը ձեւակերպում է նրանց պաշտոնական աշխատանքային փաստաթղթերը:

Եկե՛ք բարի գործեր անենք, ընկերներ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին