«Փոքրիկ կյանքը» Երեւանում - Mediamax.am

«Փոքրիկ կյանքը» Երեւանում
11105 դիտում

«Փոքրիկ կյանքը» Երեւանում


Վերջին մի քանի տարվա ընթացքում ամառային Երեւանի մասին մի քանի սյունակ եմ գրել.

Երբ ամառն արդեն Երեւանում է

Մոգական Գոյկոէչեան ամառային Երեւանում

Երեւան, ամառ, կյանք

Ամեն անգամ թվում է, որ ամառային Երեւանի մասին դժվար ինչ-որ նոր բան գրեմ: Բայց գալիս է նոր ամառը, դուրս եմ գալիս փողոց ու հասկանում, որ տեսնելու, ապրելու, պատմելու դեռ այնքան բան կա:

Ամառային Երեւանում գերմանուհի մի կին փողոցում դիմում է երիտասարդ աղջկա՝ հարցնելով, արդյո՞ք խոսում է անգլերեն: Դրական պատասխան ստանալով, հարցնում է, թե ինչպես գնալ Թումանյան փողոցի վրա գտնվող իրանական բանկը:

Պարզվում է, որ աղջիկն անգլերեն այնքան էլ լավ չի խոսում, բայց աչքերում օգնելու այնքան պատրաստակամություն կա, որ չեմ կարող չմոտենալ ու չմիանալ նրանց զրույցին: Վերջում շնորհակալություն են հայտնում, բայց երեւանցի աղջիկը դա անում է այնքան ոգեւորված՝ չտապալեց օգնելու իր առաքելությունը:

Վաղ առավոտյան քայլում եմ Բաղրամյան պողոտայով, Զարոբյան եւ Ջրաշատ փողոցներից կանչում են աքլորները ու գիտեմ, որ քիչ հետո կհանդիպեմ վազող աղջկան, ում անունը չգիտեմ, բայց նրան այնքան հաճախ եմ տեսնում, որ կարծես հին ծանոթ լինի:

Հիշում եմ, որ մոտ 30 տարի առաջ բակի տղաներով ու աղջիկներով գնացել էիք «Նաիրի» կինոթատրոն՝ Это безумный, безумный, безумный, безумный мир ֆիլմը դիտելու: Ու չնայած տանից կինոթատրոն պետք էր քայլել ընդամենը հինգ րոպե, դա կարծես աշխարհի ամենաերկար ու խորհրդավոր ճանապարհորդությունը լիներ:

Ամառային Երեւանի տաք քամին տանում-բերում է մանկական ու պատանեկան հիշողությունները, խառնում է դրանք այսօրվա կյանքի հետ, շնչում եմ այդ տաքն օդն, հետո լվացվում ցայտաղբյուրի ջրով, մտքում ասելով, որ «երբ փոքր էինք, պուլպուլակի ջուրն ավելի սառն էր»: Հետո մի պահ ժպտում եմ ու ինքս ինձ ասում՝ «քիչ փնթփթա, երբ փոքր էինք, ամեն ինչն էլ ավելի գունավոր, համով ու անհոգ էր»:

Ամառային Երեւանում հեշտ չէ ընտրություն կատարել նոստալգիայի եւ իրականության միջեւ: Հոգիդ ուզում է տրվել առաջինին, միտքդ էլ պնդում է՝ երկրորդից շատ չկտրվել: Եթե ամառը «փոքրիկ կյանք է», ապա երեւանյան ամառն իր մեջ կարող է մի ամբողջ դար տեղավորել՝ պարզապես այս քաղաքում պետք է սիրելով ապրել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին