Երեխան կամակոր է՞, փնտրե՛ք սխալը ձեր մեջ - Mediamax.am

Երեխան կամակոր է՞, փնտրե՛ք սխալը ձեր մեջ
14210 դիտում

Երեխան կամակոր է՞, փնտրե՛ք սխալը ձեր մեջ


                                                                      Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                             սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Մի անգամ 3 տարեկան աղջկաս հետ խանութում էի, ինչ-որ բան ուզեց, չլսեցի ինչ ասաց, նորից հարցրի՝ Ի՞նչ ես ուզում: Ինքն էլ ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ընկավ հատակին, սկսեց ոտքերով հարվածել գետնին եւ հիստերիկ լացել: Տեսարանին ականատես եղավ մի «բանիմաց» կին եւ առանց հապաղելու արձագանքեց՝ «Վա՜յ, էս ինչ կամակոր երեխա է» ու գլուխը տմբտմբացնելով կշտամբանքով ոտից գլուխ չափեց ինձ՝ «Այս ին՞չ մայր ես, այս ի՞նչ երեխա ես դաստիարակել» հայացքով: Այս միջադեպը ինձ մտածելու տեղիք տվեց եւ ահա արդյունքում ծնվեց այս հոդվածը:

Երեխաները ծնվո՞ւմ են կամակոր, թե՞ դառնում ես այդպիսին՝ այս հարցի շուրջ կարելի է երկար բանավիճել, բայց կարծում եմ ավելի ճիշտ է հարցադրումը վերաձեւակերպել եւ կունենանք ավելի արդյունավետ պատասխան: Ենթադրենք, թե երեխան ծնվել է կամակոր, ապա ինչպե՞ս հաղթահարել կամակորությունը, եւ ենթադրենք, թե երեխան չի ծնվել կամակոր, ապա ինչպե՞ս անել, որ կամակոր չդառնա:

Ահա մի քանի կանոն, որոնց հետեւելով՝ կհասնեք հաջողության:

Կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է անում ձեր երեխան, այլ թե ինչպես եք դուք արձագանքում նրա վարքագծին

Ցանկացած երեխա ցանկացած տարիքում կարող է դրսեւորել անկանխատեսելի վարք: Այս նախադասությունն անգիր արեք եւ ձեր երեխաներից սպասեք անսպասելին: Կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է արել երեխան, այլ այն, թե ինչպես եք դուք դրան արձագանքում: Ձեր արձագանքով, վարքով եւ խոսքով դուք կերտում եք երեխայի բնավորությունը:

Եթե երեխան կամակորություն է անում եւ դուք նրան ասում եք «Ինչ կամակոր ես», «Դու կամակոր ես, քեզ խաղալիք չեմ գնի», վրդովվում եք, նեղանում, բարկանում եւ այլն, ապա այսպիսով ամրապնդում եք հետագայում երեխայի կամակոր վարքի դրսեւորումները:

Եթե դուք դրան վերաբերվում եք հանգիստ, տեղի չեք տալիս զգացմունքներին եւ հետեւողականորեն ակնկալում եք նրանից ադեկվատ պահվածք (տվյալ դեպքում ոչ կամակոր վարք), դուք ամրապնդում եք երեխայի  հավատը իր ուժերի նկատմամբ:

Այդ պատճառով երեխայի արարքին արձագանե՛ք՝ ելնելով հետեւյալ սկզբունքից՝ դրանով երեխան ստուգում է «կարելի»-ի եւ «չի կարելի»-ի սահմանները եւ աստիճանաբար սկսում է ճանաչել, թե ինչ կանոններով է շրջակա աշխարհը կառուցված: Կամակորության ցանկացած դրսեւորմանը ճիշտ արձագանքելով՝ դուք այդ միջադեպը երեխայի համար դարձնում եք կյանքի փորձության դաս:

Երեխաները  ծնվում են աշխարհը ճանաչելու բնատուր հետաքրքրասիրությամբ

Երեխայի աշխարհաճանաչողության բարդ գործընթացի մեջ է մտնում նաեւ հասկանալը, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի: Ծնողի դերն է նախանշել այդ սահմանները: Իրականում սա շատ բարդ է, քանի որ մի փոքր շեղում ոսկե միջինից՝ սահմանները շատ նեղ կամ շատ լայն ստացվեցին, ապա թե դուք, թե երեխան կկանգնեք լուրջ խնդրի առաջ: Այս գործընթացը դինամիկ է, եւ սահմանները ձեւավորվում են երեխայի ողջ մանկության ընթացքում մինչեւ հասունանալը (խոսքը գնում է հոգեբանորեն հասունանալու մասին, որը տարիքով չի պայմանավորված):

Ցանկացած տարիքում ցանկացած երեխա կարող է դրսեւորել կամայական վարք, այդ թվում՝ կամակորություն անել՝ սա կարող է լինել ոչ թե նրա բնավորության դրսեւորում, այլ սահմանների ճկունությունը ստուգելու փորձ: Այդ պատճառով, եթե երեխան կամակորություն է անում, ապա առաջին հերթին դիտարկեք դա որպես աշխարհը ճանաչելու փորձ, ոչ թե «եսասիրության» կամ «կամակոր երեխա ծնված լինելու» դրսեւորում:

Մշտապես պահպանե՛ք հանգստություն

Երեխաների կամակորությունը հաղթահարելու ամենահզոր զենքը համբերությունն է: Ամեն գնով պահպանե՛ք ձեր հանգստությունը եւ մի՛ տրվեք ավելորդ հուզումների: Եթե բարկանաք, նյարդայնանաք, հապճեպ պատժամիջոցներ կիրառեք, սպառնաք կամ ստիպված լինեք ամոթի ու ստեղծված իրավիճակից հեշտ  դուրս գալու պատճառով տեղի տալ երեխայի կամակորությանը, ոչ մի լավ բանի չեք հասնի: Խոր շունչ քաշեք, հանդարտվեք եւ արդեն սթափ վիճակում անցեք հաջորդ քայլին:

Խուսափե՛ք երեխայի վարքը գնահատելուց

Երբեք չի կարելի երեխային պիտակել, անուններ տալ՝ «Վայ, էս ինչ կամակոր ես», «Էս ո՞նց ես քեզ պահում», «Բա քեզ սազում է»,«Քեզ լավ չես պահում», «Արդեն կամակորություն ես անում»: Այս ամենը ոչ թե դրդում է երեխային շտկել իր վարքը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում է բացասական կարծիքը սեփական անձի եւ վարքի հանդեպ: Այդ պատճառով առհասարակ զե՛րծ մնացեք երեխայի վարքը գնահատելուց: Վերջիվերջո, եթե չգիտեք ինչ ասել կամ ինչպես վարվել ավելի լավ է լուռ մնալ եւ առհասարակ չարձագանքել: Կարող եք միջադեպին անդրադառնալ հետո:

Շեշտը դրեք այն վարքի վրա, որը սպասում եք երեխայից

Եթե կողքից ուշադիր լսեք, թե ինչպես են ծնողները երեխաների հետ խոսում, շատ հաճախ կնկատեք, որ ծնողը բարձրաձայնում է այն ամենը, ինչ անում է երեխան, ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլի մեկնաբանն է խոսում խաղի մասին: Երեխայի վարքը ֆուտբոլի խաղ չէ եւ դուք էլ հաղորդավար չեք, խուսափեք նման արտահայտություններից:

Առանց անդրադառնալու այն վարքին, որը երեխան դրսեւորում է՝ հետեւողականորեն եւ հանգիստ տոնով ասեք, թե դուք ինչ եք սպասում/ուզում երեխայից, օրինակ՝ «Հանգստացիր եւ ասա ինչ էիր ասում», «Կանգնիր, շորերդ ուղղիր, ասա ինչն է քեզ անհանգստացնում» եւ այլն: Ձեր խոսքերը պետք է հստակ արտացոլեն այն, ինչ դուք ակնկալում եք երեխայից, այլ ոչ թե այն անցանկալի վարքը, որը երեխան արդեն իսկ դրսեւորում է:

Ձեզանից կպահանջվի որոշ ժամանակ եւ ջանքեր, որպեսզի հրաժարվեք արդեն ավտոմատ դարձած արտահայտություններից, բայց որքան շուտ աշխատեք ձեր խոսքի վրա, այնքան շուտ կբարելավվեն ձեր հարաբերությունները երեխաների հետ:

Հաճախ՝ սկզբնական շրջանում, դուք առանց ցանկության կբարձրաձայնեք ոչ ցանկալի արտահայտություններ, օրինակ՝ ձեր երեխան հրաժարվում է բաժանվել իր ընկերոջից եւ լացում է, ձեր արձագանքը հնարավոր է լինի՝ «Այս ինչ կամակորություն ես անում», բայց անմիջապես դրանից հետո անհրաժեշտ է, որ ինքներդ ձեզ ուղղեք, օրինակ՝ «Խնդրում եմ, հանգիստ հրաժեշտ տուր ընկերներիդ»: Եվ այսպես ամեն անգամ, մինչեւ երեխայի գիտակցության մեջ ամրապնդվի, որ ընկերներին հրաժեշտ են տալիս հանգիստ:

Կամակորություն անող երեխայի հետ բանակցությունների մեջ մի մտեք

Մեկ այլ հաճախ հանդիպող սխալ է կամակորություն անող երեխայի հետ պարզաբանումների եւ բանակցությունների մեջ մտնելը: Այսինքն, չի կարելի հենց կամակորություն անելու ժամանակ երեխայի հետ բանակցություններ վարել:

Օրինակ՝ ձեր երեխան խանութում ցանկանում է նոր խաղալիք, իսկ դուք հրաժարվում եք այն գնել: Նա սկսում է հիստերիկ լացել եւ բարձրաձայն ամբողջ խանութով մեկ գոռալով խաղալիքը պահանջել: Դուք սիրով եւ հաստատակամորեն բացատրում եք, որ այսօր խանութ դրա համար չեք եկել եւ չեք կարող նրա համար այդ խաղալիքը գնել: Նա շարունակում է լացել եւ գոռգոռալ, հետո հանկարծ տեսնում է մի այլ փոքրիկ խաղալիք եւ լացակումած ու թախծոտ հայացքով նայելով ձեր աչքերի մեջ ասում է՝ «Դե լավ, իսկ կլինի՞ սա գնենք»: Միեւնույնն է, այս դեպքում էլ, դուք հաստատակամորեն շեշտում եք, որ իր համար խաղալիք գնել չեք կարող: Եթե ձեր նպատակն է, որ ապագայում նման հիստերիկ տեսարանները չկրկնվեն, ձեր երեխան իր ցանկությունների մասին հանգիստ արտահայտվի եւ դրանց իրականացումը/չիրականացումը թեթեւ տանի, ապա ոչ մի դեպքում տեղի չտաք, քանի որ հակառակ դեպքում դուք երեխայի մոտ կամրապնդեք ձեզ համար անընդունելի եւ անցանկալի վարքը: Դատեք երեխայի տեսանկյունից, եթե նա կամակոր պահվածքով կարող է հասնել թեկուզեւ փոքրիկ ձեռքբերման, ապա ինչո՞ւ պիտի թողնի այդ վարվելաոճը: Իսկ եթե կամակորությունից, այսպես ասած, ոչ մի օգուտ չի ստանում, ապա վաղ թե ուշ կդադարի իրեն այդպես պահել, քանի որ դա կդառնա անիմաստ:

Եթե այս ամենից հետո, միեւնույնն է, հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ ձեր երեխան պարբերաբար դրեւորում է կամակոր վարք, եւ դուք ոչ մի կերպ չեք կարողանում այդ իրավիճակից դուրս գալ, ապա ցանկալի է դիմել մասնագետի՝ հոգեբանի կամ մանկավարժի, որպեսզի խնդիրը արագ լուծեք՝ կանխելով հետագա բարդացումները եւ սրացումը:

Միայն հազվադեպ դեպքերում սա կարող է լինել առավել լուրջ առողջական կամ հոգեբանական խնդրի հետեւանք:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին