Վեց Մուհամեդ, երեք Ալի, երկու Ահմեդ - Mediamax.am

Վեց Մուհամեդ, երեք Ալի, երկու Ահմեդ
24699 դիտում

Վեց Մուհամեդ, երեք Ալի, երկու Ահմեդ


-Ռաֆա՛թ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ուշադիր չես։

-Գիշերը չեմ քնել:

-Ինչո՞ւ։

-Կարոտում եմ, հասկանում եք, մտքերս ինձ հանգիստ չեն տալիս, կարոտում եմ, - նվաղած ձայնով, անորոշ ու տխուր հայացքով, կոտրված անգլերենի ու արաբերենի խառնուրդով ասաց ու ինձ մոտեցավ ավելի քան 30 փախստական երեխաներով լեցուն դասասենյակում։

- Միայնակ եմ Սիրիայից Գերմանիա հասել: Այստեղ հորեղբայր ունեմ, բայց նա ուրիշ քաղաքում է ապրում: Եղբայրներս, քույրերս, հայրս ու մայրս Սիրիայում են մնացել… Կարոտում եմ… Նայեք, սա իմ երեք ամսական քույրիկն է…,- սկսեց հեռախոսում պահպանված նկարները թերթել ու ցույց տալ: 

Աչքերի արեւները կորան։ Տասնչորս տարեկան պատանին ընդամենը երկու ամիս առաջ է հայտնվել իր համար լիովին անծանոթ աշխարհում: Նա մեկն է շատերից:

Կիզակետում՝ ակամա

Ես էլ այստեղ եմ՝ ինձ համար ծանոթ-անծանոթ Գերմանիայի գեղեցիկ, փոքր քաղաքներից մեկում: Ինչպե՞ս պատահեց։ Ինքս էլ չգիտեմ, պարզապես ստացվեց…

Այստեղ եմ՝ առանց փախստականի կարգավիճակի, հատուկ հրավերով եւ դրանից բխող առավելություններով, սակայն օտար լինելու զգացողությամբ։ Գերմաներենի ուսուցիչ աշխատելու առաջարկ ստացա. Գերմանիան համապատասխան մասնագետների պակաս ունի։ Թռիչքիս րոպեներ են մնացել։ Մարմինս սիրտ է դարձել։ Արդյոք ճի՞շտ եմ անում։ Ինչեւէ…

Աշակերտներս Սիրիայի պատերազմից փախած-փրկված երեխաներ են։ Ակամա հայտնվեցի կիզակետում ու մի պահ հասկացա, որ դեռ հարյուր տարի առաջ համարյա նույն իրավիճակում է եղել իմ ազգը՝տատերս ու պապերս…

Փախուստի կոշիկներ

Խաղաղ ու ապահով քաղաք, խաղաղ ու ժպտուն մարդիկ, բարեկեցություն… Ինձ սպասվող առաջին հանդիպումը Սիրիայից փախած աշակերտներիս եւ նրանց ծնողների հետ, ինչպես ընկերներիցս մեկը նշեց թռիչքիցս մեկ օր առաջ՝ պոտենցիալ բռնաբարողներիս հետ: Դեռ Հայաստանում էի, երբ հաղորդում էին Քյոլնում հարյուրավոր եվրոպացի կանանց բռնաբարությունների եւ փախստական բռնաբարիչների մասին։ Ընկերներս ասում էին՝ զգույշ կլինես, հարմար կոշիկներ կհագնես, որ վտանգի դեպքում կարողանաս արագ վազել…

Դպրոցի մուտքի մոտ ինձ դիմավորեց բարեհամբույր ու ջերմ դեմքով մի կին, որը, ինչպես պարզվեց, տնօրենն էր՝ տիկին դի Դիոն: Դպրոցում մեկ պտույտ անելուց հետո լուր բերեցին երեխաների եւ ծնողների ժամանելու մասին։ Շտապեցինք նրանց ընդունել։ Միակ բանը, որ տիկին դի Դիոն ինձ ասաց.

-Մի՛ վախեցիր, չես կարող սխալվել, ինչ էլ անես լավ է լինելու, ճիշտ ես լինելու, ազատ ես դասավանդման մեջ…

Երեսուն երեխա՝ իրենց ծնողների հետ, ոմանք էլ՝ առանց ծնողների... Սիրիայից, Աֆղանստանից, Հնդկաստանից....

Ու պարզվեց, որ կարիքը չկա փախուստի կոշիկների. չկա վտանգի որեւէ նշույլ…

Մարդիկ երջանիկ են, որ փրկվել են պատերազմից, ուրախ են, որ իրենց երեխաները կմեծանան ապահով երկրում։ Ինձ տեսնելուն պես կարծեցին, թե ես էլ իրենցից մեկն եմ՝ մուգ աչք-ունքով համապատասխանում եմ։ Սկսեցին հարցուփորձ անել՝ ո՞վ եմ, որտեղի՞ց եմ: Լսելով, որ Հայաստանից եմ, պատմեցին Սիրիայի հայերի մասին.

- Մենք ձեր պատմությունը գիտենք։ Դուք էլ փախուստ ու ջարդեր տեսած ազգ եք, մեզ լավ կհասկանաք...

Սրտի լեզուն

Առաջին օրը գերմանացի ուսուցիչներից մեկի հետ, որը դասավանդում է փախստականների մյուս դասարանում, ստուգեցինք լեզվի իմացության մակարդակը, ըստ որի էլ կազմեցինք դասարաններ:

Զանգը հնչեց։ Պետք է սկսել դասը: Վախը, հիացումը, մարդն ու մասնագետը խառնվել, խճճվել են:

- Շոկոլա՞,– երեխաներից մեկն էր, մոտեցավ ու ժպիտով ինձ պարզեց իր շոկոլադե սալիկը։

Սկսվեց նոր էջ։ Անկախ նրանից, որ իրենք ինձ չեն հասկանում, ես՝ իրենց, անկախ նրանից, որ Սիրայից եկած երեխաները չեն հասկանում Աֆղանստանից եկածներին եւ հակառակը, միեւնույն է, բոլորս գիտենք ու հասկանում ենք սրտի լեզուն։

Այսպիսով դարձա ուսուցչուհի՝ Ֆռաու Պետրոսյան: Շատ սիրեցի գերմանական դպրոցների դասակազմակերպման հնարավորությունները: Եթե հոգնածությունը եզրագծին է հասել, կարող ես երեխաների հետ զբոսանքի գնալ, ֆիլմ դիտել, խաղեր կազմակերպել եւ այլն: Ամեն օր հինգ եւ ավել ժամ մեկ առարկա. գերմաներեն ուսուցանելու դեպքում դժվար չէ հաճախ հասնել եզրագծին:

Այսպիսով դուրս եկանք զբոսնելու, քաղաքը վայելելու: Թեպետ ցուրտ, բայց արեւոտ օր էր: Երկարատեւ ձմռանից հետո քաղաքն արթնացել էր արեւից ու արթնացրել մարդկանց: Ոմանք ժպտում էին մեզ, ոմանք՝ խուսափում։

Պատկերացումս նորից տեղափոխեց ինձ 1915թ. Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ… Կարծում եմ՝ շատերի համար այն ժամանակ էլ հայերն են նույն զգացողությունը առաջացրել: Ցավալի իրողություն է: Բայց մենք էլ հետ գնալու տեղ չենք ունեցել: Անասելի կարոտում եմ Հայաստանը, բայց մտածում՝որոշ ժամանակ անց վերադառնալու եմ։

Դասարանում ունեմ վեց Մուհամեդ, երեք Ալի, երկու Ահմեդ, մեկ Իզրա… 

Վստահ եմ՝ մի օր նրանք կտիրապետեն գերմաներենին, բայց կպարպե՞ն հայրենիքի, ծննդավայրի կարոտը։

Իզրան հարմար պահ է գտել ու ցույց է տալիս Սիրիայի իրենց կանգուն տան լուսանկարները:

- Նայեք, Ֆռաու Պետրոսյան, իսկ սա հիմա է: Ավերակ է: Էլ ոչինչ չկա....

Անուշ Պետրոսյանը Մեդիամաքսի նախկին աշխատակից է, ներկայում դասավանդում է փախստական դպրոցականներին Գերմանիայում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին