Էս անգամ էլ կկրենք, ապեր - Mediamax.am

Էս անգամ էլ կկրենք, ապեր
7067 դիտում

Էս անգամ էլ կկրենք, ապեր


-Մարի, պատերազմ ա Արցախում: Դավոն չի զանգել, քեռիդ անհանգիստ ա: Մի հատ կարո՞ղ ես իմանալ՝ ի՞նչ վիճակ ա:

-Հա մամա գիտեմ, հանգիստ եղիր: Դավոն վտանգավոր հատվածում չի: Ջրականում (Ջաբրայիլ) կռիվ չկա, հանգիստ ա: Երեք ամիս ա, որ ծառայում ա, դիրքեր չեն տանի համ էլ:

Մամային «ստելու» չափից դուրս հանգիստ տոնիցս ինքնագոհ մտնում եմ սենյակ ու բացում Արցախի պաշտպանության նախարարության կայքը: Կռիվ է, գիշերվանից սկսած: Բայց դեռ երեք ամիս առաջ եմ սկսել մամային ստել, որ մորեղբորս տղան ապահով զորամաս է գնացել: Հիմա պիտի մինչեւ վերջ տանեմ սուտս: Սենյակից դուրս չեմ գալիս արդեն մեկ ժամ է: Մամայի աչքերի մեջ ո՞նց նայեմ: Չեմ սիրում մամային ստել: Շաբաթ օր է, փախչելու տեղ չունեմ, էնպես որ գոնե ժամը մեկ ստիպված եմ սենյակումս նստած հնարել ու մամային հանգստացնելու համար հերթական «սուտը փչել»:

- Քեռակինդ զանգեց: Ասում ա` քեռիդ առավոտից մենակ անհանգիստ քայլում ա, ծխում: Երեխուց լուր չունեն: Զորամասում ծանոթ չունե՞ս, զանգիր տես՝ ի՞նչ վիճակ է:

-Մամ ջան, նորմալ է, Արցախում միշտ էլ կրակում են: Մի անհանգստացիր:

Հերթական մի ժամն է անցնում: Մաման էլի բացում է սենյակիս դուռը: Արդեն ուրախ, բայց դեմքի բարկությունը միանգամից եմ նկատում:

-Զանգել ա Դավոն: Լավ ա: Ապահով:

-Բա ինչո՞ւ ես բարկացած:

-Որովհետեւ էս նեղ պահին, որ պատերազմ ա սկսել, զանգել ա, թե ամեն ինչ լավ ա, ուղղակի ծխախոտ չունեմ:

Ծիծաղում եմ: Միանգամից գլխի եմ ընկնում Դավոյի սկսած խաղի մասին: Միանգամից պատկերացնում եմ` ոնց է իր գերհանգիստ ու կամաց ձայնով ասել, որ խաղաղ նստած են զորամասում, իսկ միակ մտածելու բանը ծխախոտ չունենալն է: Հիմա պարտավոր եմ ես շարունակել:

-Մամ, տեսնո՞ւմ ես: Որ վիճակն էդքան վատ լիներ, Դավոյի միակ մտածելու բանը ծխախոտը չէր լինի:

***

Կիրակին սկսում է ռազմաճակատից եկող ավելի վատ լուրերով: Էլի տնից փախչելու տեղ չունեմ: Ամբողջ օրը համակարգչի առաջից չեմ պոկվել: Մկաններս քարանում են ամեն հաղորդագրությունից: Զոհերի մասին արդեն գիտեմ: Բայց ես թուլանալու իրավունք չունեմ: Տանը միայն ինձ են անվերապահորեն հավատում: Եթե մի փոքր անհանգստություն տեսնեն դեմքիս, կորած ենք` ես էլ, Դավոն էլ: Երկուսով ենք սկսել, պիտի պահեմ ու չմատնեմ մեզ:

***

Քեռիենք գյուղում են ապրում: Դավոն ուսանող էր, մեր տանն էր մնում մինչեւ բանակ զորակոչվելը: Միասին ենք մեծացել, հետո էլ արդեն միասին էինք ապրում: Դավոն փոքր եղբորս տարիքին է: Միշտ մամայություն էի անում իրենց: Երբ նոր էր ծնվել, 7 տարեկան էի, երկար համոզելուց հետո թույլ տվեցին Դավոյին գրկել ու դուրս գալ զբոսնելու: Աշխարհն իմն էր, էդ շիկահեր պստոյին, պսպղուն աչքերով, սեղմել էի կրծքիս ու երջանկությանս չափ չկար: Ոտքերիս տակ չէի նայում, աչքերի մեջ էի նայում: Չհասկացա էլ ոնց սայթաքեցի, Դավոն ընկավ: Լալիս էր, մեղավոր էի ինձ զգում: Ախր ես մեծ եմ, ոնց կարող էի այդքան անզգույշ լինել ու ընկնել: Հետո մի քանի օր վախենում էր ինձնից, մոտս չէր գալիս: 

…Մենակ թե չընկնես, մենակ թե հիմա էլ չընկնես, պուճուրս, անդադար կրկնում եմ մտքումս:

***

Անցած տարի այս օրերին խնդիրներ ունեի: Տանը մենակ էինք: Սենյակում պառկած լալիս էի: Դավոն պատահաբար բացեց դուռն ու տեսավ լալիս եմ: Խառնվեց: Շուտ փակեց դուռն ու առանց մի բառ ասելու դուրս եկավ: Ամաչեցի, որ տեսավ արցունքներս: Տասը րոպե հետո Դավոն մտավ սենյակ` ծխախոտը ձեռքին (թաքուն էր ծխում):

-Ծխենք:

Ծիծաղեցի: Գրկեց:

-Ապեր չմտածես, էս անգամ էլ կկրենք:

-Հա, Դավ կկրենք, լավ ա լինելու…

***

Երկուշաբթի առավոտ շուտ եմ դուրս գալիս տնից: Մամայի աչքերի մեջ չեմ նայում: Օրը թռնում է չգիտեմ էլ՝ ինչպես: Դավոյի մասին չեմ էլ մտածում: Արդեն զոհերի թիվ են նշում: Հետեւում ենք ասուլիսին, Պաշտպանության բանակից հայտնում են, որ տղերքից 20-ը ընկել են, 26-ի մասին ոչինչ հայտնի չէ: Չեմ էլ նկատում, թե ոնց է ավարտվում աշխատանքային օրը: Գիշերը մտնում եմ տուն, առանց հաց ուտելու անցնում սենյակ: Տղերքից մեկը իր ջոկատին հետ է ուղարկել, մենակ շարունակել կռիվը: Մենակ է ընկել: Իմ տարիքի է:

***

Հայրս միշտ բարկանում է, երբ ասում են խմենք մահացած մարդկանց կենդանի կենացը: Ասում է` էդ մարդկանց շարունակությունը իրենց երեխաներ են, իրենք ողջ են, իրենց երեխաների մեջ են ապրում: Ի՞նչ կենդանի կենաց, երեխեքի կենացը խմեք:

…Ուսերիս արդեն 20 կյանք կա ծանրացած: Կիսատ մնացած 20 եւ անհայտ կորած 26 երազանք: Բա էս տղերքից մեծ մասի կենդանի կենացը ո՞նց են խմելու: Չէ հայրիկ, կներես, էս անգամ երեւի պիտի բարկացնեմ քեզ… կամ չէ:

Պիտի շարունակենք էդ 20 կյանքը: Ամենքի փոխարեն գոնե մի-մի երեխա պիտի ունենալ, պիտի նոր երազանքներ ունենալ ու հասնել դրանց: Չպիտի կորցնենք մեզ…

***

Ապրիլի 5-ին էլի ուշ եմ մտնում տուն: Արդեն 29 զոհ ունենք: Էն 26-ից էլ դեռ լուր չկա… Մաման վերջին երկու օրերին ինձնից «ձեռ է քաշել»: Էլ հարցրեր չի տալիս: Պառկում եմ քնելու ու լսում, թե ոնց են դրսում երեխեքը խաղում: Նյարդայնանում եմ աղմուկից, նեղվում: Մտածում եմ` երբ են գնալու տուն, վերջապես մի քիչ լռություն կլինի: Հետո լսում եմ, թե ոնց է մոտ 13 տարեկան տղան կոպտացած ձայնով երգում.

-Վեր կաց եղբայր իմ, տանեմ քեզ սարերով, ցույց տամ Մասիսը մեր ...

Ժպտում եմ ու չեմ էլ նկատում, թե ոնց քնեցի:

***

Առավոտյան շտապ հավաքվում եմ, որ դուրս գամ տնից: Արագ մտնում եմ մամայի սենյակ, որ բան վերցնեմ: Հայելու վրա Դավոյի նկարն է փակցրած: Երկու ամիս առաջ, երբ նկարն ուղարկեցին, մաման մոտ մեկ շաբաթ ասում էր, որ տպեմ: Դժգոհում էի` ախր հիմա ով է նկար տպում, համակարգչի մեջ կա, երբ ուզում ես, բացի նայի: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր ուզում:

Նկարից Դավոն ժպտում է իրեն հատուկ համեստությամբ: Ու ո՞նց է ստացվել, որ արդեն երկու ամիս է` նկարն էստեղ է, ես չեմ տեսել մամայի սենյակ շտապ մտնելու ու միշտ վազքով տնից դուրս գալու արանքում:

-Մարի, Դավոյին երեկ տարել են դիրքեր: Հեռուստացույցով լսել եմ, պատերազմը Ջաբրայիլում ա:

Մամային չեմ կարողանում պատասխանել: Ու հանկարծ հայտնաբերում եմ, որ արդեն երկու օր է` Դավոյի մասին առանձնահատուկ չեմ անհանգստացել, առանձնահատուկ չեմ մտածել, չեմ առանձնացրել իրեն սահմանին կանգնած մյուս տղերքից: Ինձ մեղավոր եմ զգում թե Դավոյի, թե մամայի առաջ…

-Կներես, Դավ: Կներես, մամ:

Նայում եմ էլի նկարին, Դավոն ժպտում է: Պատասխան ժպտում եմ փոքր եղբորս.

-Դավ, չեմ մտածում, էս անգամ էլ կկրենք, ապեր…

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին