Ավելորդ գնահատականները - Mediamax.am

Ավելորդ գնահատականները
7229 դիտում

Ավելորդ գնահատականները


Ի՞նչ նպատակով են կիրառվում գնահատականները դպրոցում. այս հարցը ես ինձ տալիս էի դպրոցական տարիքից։ Լավ հիշում եմ, որ ինստիտուտն ավարտելուց հետո դեռ երկար տարիներ բավական հաճախ նույն երազն էի տեսնում՝ իբր դասախոսն ինձ պատրաստվում է «բավարար» գնահատական դնել, որի հետեւանքով զրկվում եմ կրթաթոշակից (այդպիսին էին ուսման պայմանները Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտում)։ Արթնանում էի սառը քրտինքի մեջ, հիշում էի, որ դիպլոմը պահարանում է, ուրեմն՝ ինստիտուտը ավարտել եմ, եւ բացի այդ, ընդհանրապես «բավարար» գնահատականներ չեմ ունեցել, եւ դարձյալ հանգիստ քնում էի։

Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե ընկերություններում ամեն օր թվանշաններ դնեին աշխատանքի համար եւ անգամ դրանք գրանցելու հատուկ մատյան ունենային։ Աշխատանքը կվերածվեր խեղկատակության։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք համարում, որ մեր երեխաների համար թվանշաններ ստանալը պիտի բնական մի բան լինի, առանց որի նրանք չեն աշխատի։

Գնահատումը մարդկանց «մաղելու» համար նախատեսված գործիք է։ Այն հարկավոր է, երբ դու մեծ ընտրանի ունես եւ պետք է պիտանի մասը պահես, իսկ մնացածը՝ թափոնի վերածես։ Նախկին ինդուստրիալ տնտեսության պայմաններում այդ մոտեցումը միգուցե արդարացված էր։ «Կրթական թափոնը» իշխանությունների պատկերացմամբ պիտի ներգրավվեր զանգվածային աշխատանքների մեջ, իսկ «ընտրյալները», որոնք կհաջողեին անցնել այդ մաղով՝ պիտի դառնային գիտնականներ, ճարտարագետներ, տարբեր մակարդակի գործիչներ։ Մաղի սկզբունքը դաժան էր եւ կիրառվում էր ոչ միայն կրթության ոլորտում, այլեւ սպորտի, արվեստի եւ քաղաքականության։ Սակայն ներկայում, երբ ապրում ենք գիտելիքների տնտեսության շրջանում, մենք իրավունք չունենք նման «թափոն» ունենալ, քանի որ այն այլեւս կիրառում չունի։

Հետաքրքիր է, որ խորհրդային տարիներին (իսկ Ռուսաստանում՝ մինչ այսօր) օգտագործվում էր հինգբալանոց սանդղակը, որից միայն երեքն էին իմաստավորված՝ վատ, լավ եւ գերազանց։ Առաջին երկուսն ընդամենը պատժամիջոց էին։ Անգամ մեկ սխալի դեպքում չորս էին դնում, եւ միայն բացարձակ անսխալ աշխատանքը գնահատվում էր հինգով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ էր պետք այդ «գերազանց» գնահատականը։ Ընդհանրապես, ինչո՞ւ աշակերտին հանձնարարել աշխատանք, որում նա սխալ չի գործի։ Ի՞նչ է դա սովորեցնում աշակերտին, բացի պարծենկոտ եւ ինքնագոհ լինելուց։ Ոչինչ։

Ժամանակները վաղուց փոխվել են, սակայն այդ նույն համակարգը կիրառվում է դպրոցներում գրեթե ամենուրեք։ Վաղուց ի վեր ապացուցված է, որ գնահատումը որեւէ կերպ չի խթանում ուսումը, ընդհակառակը՝ խոչընդոտներ է հարուցում։ Աշակերտի աշխատանքը վերածվում է միապաղաղ եւ դժգույն, անվերջ կրկնվող գործընթացի՝ «տանջվեցի, գնահատվեցի, մոռացա»։ Հետո՝ ընդունելության քննություններից առաջ այդ շղթան արհավիրքային ծավալների է հասնում, բայց իր բնույթով նույնն է մնում։ Ցավն այն է, որ առանց այլ անձի գնահատման՝ այդ շղթան չի աշխատում, եւ դրա հետեւանքով նախկին ուսանողների ճնշող մեծամասնությունն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո անկարող է դառնում ինքնուրույն շարունակել իր կրթությունը։ Ավելին՝ շատերի մոտ կրթության մասին միտքն անգամ հակակրանք է առաջացնում։

Արդյունքում մենք ստեղծել ենք հասարակություն, որտեղ համատարած ինքնակրթությունն աներեւակայելի մի բան է թվում։ Սովորել չսիրելով՝ մարդիկ հետ են ընկնում ժամանակի պահանջներից, եւ մնում են առանց աշխատանքի, իսկ ընկերությունները տառապում են առանց ունակ աշխատողների։

Այս իրավիճակն ապագայում փոխելու համար ընդամենը պետք է դադարել թվանշան դնել ամեն քայլափոխի եւ դրա փոխարեն կենտրոնանալ աշակերտի աշխատանքի վրա եւ նրան սովորեցնել ինքնուրույն ուսանել։ Չեմ ասում, որ հնարավոր է ընդհանրապես հրաժարվել գնահատականներից՝ ժամանակ առ ժամանակ պետք է չափել մնացորդային գիտելիքները, և, երեւի թե, մեր կյանքում քննություններն անխուսափելի են։ Սակայն շատ կարեւոր է, որ մենք աճեցնենք սերունդ, որը սիրում է սովորել, որովհետեւ դպրոցում աշխատել է ոչ թե գնահատական ստանալու, այլ նոր գիտելիքների ձեռքբերման բնական ձգտումը բավարարելու եւ ուսումից հաճույք ստանալու համար։ Նման սերունդը շատ ավելի զարգացած հասարակություն կկարողանա կառուցել։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին