Ճիշտ ինքնակենսագրականի «գաղտնիքները» - Mediamax.am

Ճիշտ ինքնակենսագրականի «գաղտնիքները»
28647 դիտում

Ճիշտ ինքնակենսագրականի «գաղտնիքները»


Երբ «Այբ» դպրոցը հերթական հայտարարությունն է տեղադրում թափուր աշխատատեղի մասին, ստանում ենք հարյուրավոր արձագանքներ։ Նախկինում, զբաղվածության պատճառով, դրանց նախնական մշակման աշխատանքը թողնում էի դպրոցի աշխատակիցներին, սակայն վերջերս որոշեցի անձամբ կարդալ ուղարկված բոլոր ինքնակենսագրականները։ Եւ ապշելու չափ զարմացա, ինչից հետո էլ որոշեցի գրել այս հոդվածը։

Ասեմ, որ տարբեր երկրներում մարդկանց աշխատանքի ընդունելու մեծ փորձ ունեմ։ Երկար տարիներ աշխատելով միջազգային ընկերությունում որպես ղեկավար` կարդացել եմ բազմաթիվ ինքնակենսագրականներ (որոնք կոչվում են նաեւ CV կամ ռեզյումե) եւ անցկացրել եմ հարցազրույցներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ անգամ` Չինաստանում։

Բոլոր իմ տեսած ինքնակենսագրականներից Ամերիկայում ընդունվածները հատկապես առանձնանում են ճոխությամբ. դրանց հեղինակները բառեր չեն խնայում իրենց դրական հատկանիշներն ամենագունեղ կերպով ներկայացնելու համար։ Այդ ինքնագովազդն անսովոր է մեզ համար եւ զարմանք է առաջացնում, սակայն խոր իմաստ ունի։ Որքան էլ կասկածամիտ չլինես, ինչ-որ չափով հավատում ես, որ եզակի մարդկային որակի թեկնածուների հետ գործ ունես։ Այդպիսի հավատով մարդկանց աշխատանքի ընդունելիս պատրաստ ես ներդրում անել նրանց աճեցնելու մեջ։ Արդյունքում՝ ընկերությունները հավաքական առումով իսկապես մեծ ներդրումներ են անում մարկային կապիտալի մեջ, ինչը դրական է անդրադառնում տնտեսության վրա։

Մեր դեպքում ինձ զարմացրեց ինքնակենսագրականների հիմնական մասի տակավին տկարությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ ամեն բան անում են, որպեսզի իրենց չընտրեն։ Համեստությունը լավ հատկանիշ է, բայց հազվագյուտ է հանդիպում թեկնածուներին ներկայացված պահանջների ցանկում։ Ես չեմ ասում, որ կարիք կա ընդօրինակել ամերիկացիներին, սակայն հակառակ ծայրահեղությունը եւս ընդունելի չէ։

Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմել ինքնակենսագրական։ Չեմ կրկնի դրանք, բայց կանդրադառնամ մեզ մոտ ամենահաճախակի հանդիպող թերություններին` հուսով, որ գոնե «Այբ» դպրոց ուղարկած հայտերն հաջորդ անգամ ավելի որակյալ կլինեն։

1. Միշտ պետք է նախօրոք ծանոթանալ այն կազմակերպությանը, որին դիմում եք: Այդպես ավելի լավ կկանխատեսեք, թե ինչի մասին կարող եք գրել ինքնակենսագրականում, որպեսզի ուշադրություն գրավեք եւ արժանանաք հարցազրույցի։ Բոլոր մարդիկ էլ ունեն անուն եւ ազգանուն, ծնվել են ինչ-որ ժամանակ, ինչ-որ դպրոցում վաղուց սովորել են, այնպես որ այդ տվյալների հիման վրա վերջնական որոշում հազվագյուտ է կայացվում։ Պետք են հետաքրքիր փաստեր, որոնք կառանձնացնեն ձեզ բոլորից եւ հնարավորինս կհամապատասխանեն գործատուի ակնկալիքներին։ Էլ չեմ ասում, որ կազմակերպության հետ ծանոթ լինելը շատ կօգնի հարցազրույցի ժամանակ։

2. Ամեն մարդ իր մասին տարբեր բաներ կարող է ասել, եւ այն, թե դուք ինչի վրա եք ուշադրություն դարձնում ձեր մասին խոսելիս, շատ բան է ասում գործատուին։ Եթե իր կարծիքը ճիշտ արժանիքների մասին համընկնում է ձեր կարծիքի հետ, դուք միանշանակ ուշադրության կարժանանաք։ Ուրեմն՝ պետք չէ խուսափել ինքնաբնութագրությունից։ Բայց ազնիվ եղեք եւ իսկապես գրեք այն, ինչը ձեզանում կարեւորում եք, քանի որ դա կդարձնի ապագա հարցազրույցն ավելի անկաշկանդ եւ արդյունավետ, եւ ամենագլխավորը՝ դուք կգտնեք ձեզ հարմար գործատուին, որը կգնահատի ձեզ։

3. Տեղադրեք լուսանկար։ Ոչ մի դեպքում մի օգտագործեք անձնագրի կամ այլ փաստաթղթի համար արված լուսանկարները։ Որեւէ մեկին պետք չէ ձեր տխուր եւ ոչինչ չասող դեմքը։ Գտեք լուսանկար, որում դուք անմիջական եք եւ որը հնարավորինս բացահայտում է ձեր անձի լավագույն կողմերը։ Նաեւ համոզվեք, որ ձեր դեմքը լավ տեսանելի է։

4. Մի թաքցրեք ձեր տարիքը՝ այն, միեւնույնն է, կարելի է հաշվել` ըստ ուսման տարիների։ Սակայն հաշվելու կարիքը ձեր դեմ է տրամադրում այն աշխատողին, որը դեռ պիտի տասնյակ նման փաստաթղթեր ուսումնասիրի եւ շատ ժամանակ չունի ամեն փաստաթղթին հատկացնելու համար։ Այդ սակավ ժամանակը հաշվարկների վրա վատնելու փոխարեն` ժամանակ տվեք նրան ձեր արժանիքների վրա կենտրոնանալու համար։

5. Անփութություն թույլ մի տվեք, մեկ կամ ծայրահեղ դեպքում՝ երկու տառատեսակ օգտագործեք, ժամանակ ծախսեք, որպեսզի ինքնակենսագրականի տեսքը լինի կոկիկ եւ հաճելի` աչքի համար։ Մարդիկ բնազդաբար ավելի մեծ հաճույքով են ընթերցում նման փաստաթուղթը եւ ավելի լավ են ընկալում։ Էլ չեմ ասում, որ ձեր մասին տվյալների սակավության պայմաններում ցանկացած անփութություն կամ տառասխալ հաստատ ձեր օգտին չէ։

6. Մի օգտագործեք պատրաստի կաղապարներ։ Դրանք կաշկանդում են, սահմանափակում եւ խոսում ինքնուրույն փաստաթուղթ կազմելու ձեր անզորության մասին։ Էլ չեմ ասում, որ նույն այդ կաղապարը կօգտագործեն բազմաթիվ այլ մարդիկ, եւ դուք կհայտնվեք իրարից առաջին հայացքից չտարբերվող թեկնածուների երկար շարքում։

7. Հետեւեք, որ ստացված փաստաթուղթը չլինի շատ հակիրճ եւ միաժամանակ՝ չլինի շատ երկար։ Երկու, ամենաշատը երեք էջ՝ դա այն չափն է, որից հետո ոչ ոք ոչինչ չի կարդա։ Ընդգծեք ամենակարեւոր տվյալները թավ տառատեսակով, որպեսզի հպանցիկ ընթերցելիս դրանք նկատվեն։

8. Եվ մի քանի մանր, սակայն շատ կարեւոր տեխնիկական հարց։ Առաջինը՝ համոզվեք, որ հայերեն եւ այլ ոչ լատինատառ տեքստերը գրված են Unicode տառատեսակով։ Եթե չգիտեք, թե դա ինչ է, խորհուրդ հարցրեք բանիմաց ընկերներից։ Սա շատ կարեւոր է, այլապես մեծ հավանականություն կա, որ փաստաթուղթն ընթեռնելի չի լինի եւ հավելյալ գործողություններ կպահանջի գործատուից։ Այդ պարագայում հաջորդ թեկնածուին անցնելը շատ ավելի հեշտ կլինի, քան ձեր ստեղծած խոչընդոտը հաղթահարելը։ Հետեւեք նաեւ, որ ստացված ֆայլի չափը մեծ չլինի, քանի որ դա բոլոր գործողությունները դանդաղեցնում է։

9. Եվ վերջինը՝ ցույց տվեք ինքնակենսագրականը հնարավորինս շատ մարդկանց եւ հարցրեք նրանց տպավորությունները։ Փորձեք այն վերամշակել, որպեսզի դրական արձագանքների թիվը շատանա։ Բայց միշտ հիշեք, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, եւ ամեն դիմումի համար այն կարիք կլինի լրամշակելու, որպեսզի լավագույնս համապատասխանեցվի առաջարկվող տեղին եւ դրված պահանջներին։

Եթե այս պարզ խորհուրդներին հետեւեք, ապա ձեր` աշխատանքի ընդունվելու հավանականությունը զգալիորեն կմեծանա, իսկ եթե դրանց հետեւեն շատերը, ապա մեծ հույս կա, որ ամերիկյան մոդելը մեզ մոտ էլ կաշխատի, որի շնորհիվ էլ գործազրկությունը երկրում գնալով կնվազի։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին