Բաղրամյանի «պաշարումը» ինքնանպատակ է դառնում - Mediamax.am

Բաղրամյանի «պաշարումը» ինքնանպատակ է դառնում
25486 դիտում

Բաղրամյանի «պաշարումը» ինքնանպատակ է դառնում


Հովհաննես Բաղրամյանի կյանքը մի քանի անգամ մազից է կախված եղել: Առաջին անգամ 1930-ական թվականներին, երբ ոմանք փորձում էին հիշել նրա «բուրժուական հայկական բանակում» ծառայելը: Ասում են, որ այն ժամանակ նրան փրկեց Անաստաս Միկոյանը:

Երկրորդ անգամ՝ 1942 թվականի ամռանը, երբ Ստալինն ասաց, որ Բաղրամյանն է Խարկովի հարձակողական օպերացիայի տապալման հիմնական մեղավորը: Պատմաբանները գրում են, որ տրիբունալից Բաղրամյանին փրկեց Ժուկովը:

Պատերազմի հետագա տարիներին Բաղրամյանին հիմնականում ուղեկցում էին հաջողությունները եւ նա պատմության մեջ մտավ որպես Մեծ Հայրենականի ամենահմուտ զորավարներից մեկը:

Ինչո՞ւ եմ հիշում այս փաստերի մասին: Այն պատճառով, որ Բաղրամյան պողոտայում վերջին օրերի իրադարձությունների առավել ակտիվ մասնակիցները (որոնք ամեն կերպ խուսափում են իրենց «լիդեր» համարել) պետք է վերջապես հասկանան, որ կյանքը բաղկացած է վերելքներից ու վայրէջքներից, պարտություններից եւ հաղթանակներից: Սակայն վայրէջքից վերելք ընկած ճանապարհը հաղթահարելու համար պետք է ձեւակերպված նպատակ ունենալ: Այլապես պայքարդ դառնում է ինքնանպատակ, որը ստեղծագործ ներուժ չունի:

Ես չեմ հասկանում, թե ո՞րն է այսօր Բաղրամյան պողոտան փակ պահող մարդկանց նպատակը: Իշխանությունն իր քայլն արել է՝ առաջարկելով աուդիտ անցկացնել եւ մինչեւ դրա ավարտը սուբսիդավորել 7 դրամը: Այլ հարց է, որ իշխանությունն սուբսիդավորման աղբյուրն այնքան գաղտնի է պահում, որ դրա մասին տեղյակ չէ անգամ էներգետիկայի նախարարը:

Ամեն դեպքում, քայլն արված է, սակայն «բարիկադի այն կողմից» հստակ պատասխան չկա: Նախ, պարզ չէ, թե ով պետք է տա այդ պատասխանը: Հասկանալի չէ նաեւ, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել այդ առաջարկը վիճարկելու դեպքում:

ՀՀ նախագահը իր ելույթում պատրաստակամություն էր հայտնել աուդիտի աշխատանքներում ներգրավվել «բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին»: Ո՞վքեր են այդ «տղաները»: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամնե՞րն են, թե՞ նոր մարդիկ են: Ամեն դեպքում, այդ առաջարկը պետք է կամ ընդունել, կամ հստակ մերժել, այն օդում թողնելը վկայում է միայն շարժման թուլության մասին: Մերժման դեպքում էլ հետագա պայքարի ու քայլերի հստակ օրակարգ ձեւակերպել:

Պետք է հասկանալ, ո՞րն է Բաղրամյանից չհեռացող մարդկանց վերջնական նպատակը: Իշխանության հետ (անկախ նրա որակներից) կարելի է վերջնագրերի լեզվով խոսել միայն այն դեպքում, երբ ուժեղ ես: Երբ պնդում ես, որ մենք «լիդեր չունենք», ինչի՞ հիման վրա ես ասում՝ «չեղարկում եւ վերջ, ուրիշ խոսալու բան չունենք»:

Բոլոր նրանք, ովքեր իրենց պատասխանատու են համարում այս շարժման համար, պետք է հնարավորինս արագ պատասխանեն ոչ միայն իշխանությանը, այլեւ մեզ բոլորիս: Չէ՞ որ մենք գնում ենք Բաղրամյան ոչ միայն ֆուտբոլ խաղալու, ազգային-ազատագրական երգեր լսելու ու «Բերդ» պարելու համար:

Մի քանի օր առաջ մի գրառում կարդացի, որի հեղինակն առաջարկում էր վերանվանել Բաղրամյանի պողոտան, քանի որ «քաղաքի կենտրոնական պողոտան չպետք է կրի ստալինյան մարշալի անունը»: Որքան երկար տեւի այսօրվա անորոշությունը, այդքան շատանալու են նման «օրիգինալ» գրառումները, որոնց հիմքում ընկած է իրական նպատակի բացակայությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին