Քարոզչության մասին՝ քարոզչության լեզվով - Mediamax.am

Քարոզչության մասին՝ քարոզչության լեզվով
2719 դիտում

Քարոզչության մասին՝ քարոզչության լեզվով


Վաղուց անցել են ժամանակները, երբ լրատվությունը միայն լրատվություն էր: “Եթե երկնքում աստղեր են վառվում, ուրեմն դա ինչ-որ մեկին հարկավոր է”,- այս արտահայտությունը վերաբերում է լրագրությանը նույնքան, որքան ցանկացած այլ ասպարեզի: Սակայն լրագրության պարագայում արտահայտությունը ստանում է խիստ խորհրդավոր, երբեմն նաեւ՝ չար երանգավորում: Այսօր լրատվամիջոցը ոչ միայն տեղեկացնում է, այլեւ կարծիք ձեւավորում, զվարճացնում, ուղղորդում, ճաշակ դաստիարակում եւ… բնականաբար, քարոզում: Իսկ նա, ով տիրում է լրատվական դաշտին, կարող է նաեւ մտքերի տիրակալ համարվել: Այդ դաշտին տիրանալու համար են մղվում ժամանակի խոշորագույն տեղեկատվական պատերազմները…

Ռուս-ուկրաինական տեղեկատվական պատերազմը նույնքան թեժ է, որքան Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ընթացած եւ ընթացող մարտերը: Երկու ռազմաճակատում էլ ծանր զենք է կիրառվում, եւ եթե արյունահեղության հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվում եւ վիրավորվում, ապա տեղեկատվական պատերազմի հետեւանքը խորացող ատելությունն է երկու եղբայր ժողովուրդների միջեւ: Համոզված եմ, կպահանջվեն տասնյակ տարիներ այդ ատելությունը, ռազմական հռետորաբանությունը հաղթահարելու համար: Մինչդեռ միջազգային կազմակերպությունները արդեն այսօր փորձում են փոքրիկ քայլերով կամուրջներ հաստատել երկու երկրների հասարակությունների միջեւ՝ օգտագործելով այդ նպատակի համար լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների ներուժը: Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ երկխոսության ցանկացած փորձ առայժմ բերում է միայն նոր փոխադարձ մեղադրանքների եւ վիրավորանքների:

Օրերս կայացավ հերթական նման ապարդյուն փորձը: ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության ներկայացուցիչը Վիեննայում էր հավաքել կազմակերպության անդամ երկրների լրագրողական համայնքի կարկառուն դեմքերին: Ավելորդ է ասել, որ 300 մասնակիցների մոտ կեսը Ռուսաստանից եւ Ուկրաինայից էր: Ճիշտ է, ֆորումի թեմա էր հռչակված լրագրողների անվտանգությունը, մեդիաների ազատությունը եւ բազմակարծությունը, սակայն ծրագրի հպանցիկ ուսումնասիրությունն էլ բավական էր հասկանալու, որ որպես գլխավոր թեմա կարմիր թելով անցնում է ռուս-ուկրաինական տեղեկատվական հակամարտությունը: Եվ դա երեւի թե բնական է, քանզի այդ հակամարտության գոտում լրագրողների հանդեպ բռնությունները, խոսքի ազատության սահմանափակումը, բազմակարծության ճնշումը համատարած բնույթ են կրում: Կարող էր խնդիրների մասին անկեղծ զրույց ստացվել, սակայն, ինչպես միշտ, ստացվեցին փոխադարձ մեղադրանքներով լի ելույթներ: Ակնհայտորեն, կողմերը առայժմ պատրաստ չեն երկխոսել: Ի դեպ, ուկրաինական կողմին ակտիվորեն աջակցում էին նաեւ եվրոպական երկներից ժամանած մասնակիցները, իսկ ռուսաստանցիներին ոչ ոք չէր աջակցում, բայց նրանք այնքան ագրեսիվ էին, որ աջակցության կարիք կարծես չունեին:

Թվում էր՝ ոչինչ չի կարող շեղել ֆորումի մասնակիցներին գլխավոր թեմայից: Բայց ոչ: Կա այդպիսի մի երկիր, որը ցանկացած միջոցառման, ցանկացած միջավայրում անգիր արած բառեր է արտասանում: Ինչպես կռահեցիք, այդ երկիրը Ադրբեջանն է, իսկ խոսքը “20% գրավյալ տարածքների” մասին է: Վերջին 10 տարիներին բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել, եւ միշտ, անկախ նրանից, թե դրանք ինչին էին նվիրված, դրա համար ամենաանհարմար պահին խոսք է ուզել Ադրբեջանի ներկայացուցիչը եւ արտաբերել միեւնույն, կարծես պատճենած նախադասությունները՝ դառնալով մյուս մասնակիցների քմծիծաղի, իսկ հետո նաեւ ծաղրի առարկան: Տրամաբանությունը հուշում է, որ, երբ քո երկրում կա մի քանի տասնյակ բանտարկյալ լրագրող, ավելի լավ է լռես եւ այնպես թաքնվես, որ քո մասին ոչ ոք չհիշի: Բայց, ինչպես հայտնի է, Ադրբեջանը տրամաբանության հետ ընկերություն չի անում եւ ինքն է հրահրում իր հասցեին քննադատությունը:

Որո՞նք էին ֆորումից իմ անձնական հետեւությունները:

1.    Ռուսաստանում Ուկրաինայի հանդեպ ատելությունը նույնքան մեծ է, որքան Ուկրաինայում՝ Ռուսաստանի, եւ մեդիաների բացասական դերը այստեղ հսկայական է:

2.    Խաղաղության կոչերը, որ հնչում են եզակի անձանց եւ ԶԼՄ-ների կողմից, “խեղդվում են” պատերազմական հռետորաբանության օվկիանոսում, դրան նպաստում է հատկապես երկու կողմերի պետական քարոզչությունը:


3.    Ուկրաինան առայժմ պարտվում է տեղեկատվական պատերազմում, հակամարտության սկզբում այդ երկիրը չուներ թե մարտունակ բանակ, թե տեղեկատվության հետ աշխատելու ներուժ: Սակայն ուկրաինացիները արագ են սովորում, եւ նրանց այդ հարցում օգնում են Եվրոպան եւ Ամերիկան:

4.    Լրագրության եւ քարոզչության սահմանագիծը գնալով ավելի թափանցիկ է դառնում, եւ հանրությանը դժվար է դրանք տարբերելը: Հաճախ, քարոզչության դեմ արտահայտվելիս, մասնագետները հենց քարոզչական կլիշեներ են օգտագործում:

5.    Զարգացած աշխարհը հսկայական քայլեր է կատարում զինված հակամարտությունների ընթացքում լրագրողների իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության ուղղությամբ, մինչդեռ Հայաստանում լրագրողները այդ մասին նույնիսկ չեն լսել: 

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տեղեկատվական պատերազմների եւ Նոր մեդիաների դասախոս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին