Թուրքական հասարակությունը քվեարկեց փոփոխությունների օգտին - Mediamax.am

Թուրքական հասարակությունը քվեարկեց փոփոխությունների օգտին
2344 դիտում

Թուրքական հասարակությունը քվեարկեց փոփոխությունների օգտին


Բազմակուսակցական համակարգին անցնելուց ի վեր Թուրքիայում անցկացված բոլոր խորհրդարանական ընտրությունները բնութագրվել են որպես «ամենակարեւորը հանրապետության գոյության ընթացքում»։ Բացառություն չէին նաեւ հունիսի 7-ի ընտրությունները, որոնք հավակնում են լինել առնվազն շրջադարձային։ Ընտրությունների հետեւանքների մասին դեռ երկար է խոսվելու, սակայն այս պահին արդեն կարելի է որոշ եզրակացություններ կատարել։

Հունիսի 7-ի ընտրություններով ավարտվեց 2014 թվականից ի վեր շարունակվող եռափուլ ընտրական մրցավազքը։ Օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքներով 13 տարի շարունակ միայնակ կառավարող ԱԶԿ-ի կառավարման ժամանակահատվածը ավարտվեց։

Թեեւ ընտրություններում Էրդողանը ապրեց վերջին 13 տարվա իր ամենամեծ հիասթափությունը, իսկ նրա քաղաքական հավակնությունները լուրջ հարված ստացան, ԱԶԿ-ն կշարունակի առանցքային դեր կատարել առնվազն մինչեւ 2019 թ․ համապետական երեք ընտրությունները։ ԱԶԿ-ն տիրապետում է կարեւոր քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական ու սոցիալական լծակների, որոնք ԱԶԿ-ն առավել շատ կօգտագործի իր հետագա քաղաքական պայքարում ։

Որո՞նք են ԱԶԿ-ի անհաջողության պատճառները։ Նախեւառաջ, Էրդողանի «Նոր Թուրքիա» կառուցելու ծրագիրը անհասկանալի էր Թուրքիայի ընտրողների շուրջ 27 միլիոնի համար։  Էրդողանի դավանած «Նոր Թուրքիա» հիմնված էր բեւեռացման, սահմանափակումների, սադրանքների ու ամբողջատիրության սկզբունքների վրա։ Անհաջող էր նաեւ Էրդողանի քաղաքական էքսպերիմենտը․ հեռացնել ԱԶԿ-ի հնաբնակներին եւ ներդնել նոր կադրեր, որոնց մեծ մասը կապված էին Էրդողանի հետ բիզնես, ընտանեկան ու անձնական հավատարմության կապերով։ 2014 թվականին Էրդողանը կրկնեց Թուրգութ Օզալի սխալը․ վերջինս 1989 թ․ ընտրվեց նախագահ, իսկ իր «Մայր հայրենիք» կուսակցությունը էապես թուլացավ եւ ստիպված էր գոյակցել կոալիցիոն կառավարությունների հետ։ Անհեռատես քայլ էր նաեւ Դավութօղլուի վրա այդպիսի մեծ պատասխանատվություն դնելը։ Վարչապետ Դավութօղլուի քարոզարշավը հեռու էր Էրդողանի քարոզարշավների հետ աղերսներ ունենալուց, նրա նախընտրական հանդիպումները հիշեցնում էին ձանձրալի դասախոսություններ՝ համեմված քաղաքական անհաջող տեխնոլոգիաներով։ Արդյունքում, գործադրելով հանդերձ հսկայածավալ վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, իշխող կուսակցությունը 2011 թ․ ստացած քվեների համեմատ կորցրեց շուրջ 9 % կամ 3,5 մլն․ քվե, որն էլ պարզ մեծամասնությունից զրկվելու պատճառ դարձավ։

Ընտրությունների թիվ մեկ անակնկալն անշուշտ քրդամետ կուսակցության մուտքն էր խորհրդարան, որն էապես փոխեց քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Մյուսների համեմատ այն թեեւ արձանագրեց համեստ արդյունքներ, սակայն լուծեց իր առջեւ դրված հիմնական խնդիրը՝ հաղթահարել 10 %-ի ընտրաշեմը։ Արդյունքում խնդիրը գերակատարվեց 3 %-ով՝ ընդհանուր առմամբ ստանալով շուրջ 6 մլն․ քվե։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կիրառած նորարար քաղաքական տեխնոլոգիաները անարդյունք չմնացին։ Նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, ԺԴԿ-ի համանախագահ Դեմիրթաշը մեկ տարվա ընթացքում դարձավ Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ։ Ընտրարշավի ընթացքում հնչած այն հարցին, թե «Ո՞րն է Ձեր «Պլան Բ-ն», եթե 10 %-ի ընտրաշեմը չհաղթահարեք», Դեմիրթաշը պատասխանել էր, «Մենք «Պլան Բ» չունենք, մենք 10 %-ը կհաղթահարենք»։ Դեմիրթաշը կշարունակի առանցքային դերակատարում ունենալ Թուրքիայի քաղաքական համակարգում։ Նրան հաջողվեց ավելի քան կրկնապատկել կուսակցության պատգամավորների թիվը։ Ի հեճուկս փոքրաթիվ լինելուն՝ ԺԴԿ-ն կարող է կարեւոր դերակատար դառնալ քաղաքական համակարգում, բարձրաձայնել հարցեր, որոնց մասին քչերը կխոսեն։ Դավանելով ձախակողմյան եւ ազատական գաղափարներ՝ ԺԴԿ-ն կփորձի ընդլայնել իր քաղաքական հենարանը, առավել մեծ դերակատարման հույսով։ Ուշագրավ է նաեւ, որ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան 14 նահանգներում, այդ թվում նաեւ Հայաստանին հարակից երեք նահանգներում, ԺԴԿ-ն առաջինն էր։

Նախընտրական պայքարում փոխվել էին նաեւ հիմնական ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մոտեցումները եւ շեշտադրումները։ Այդուհանդերձ, այդ կուսակցության ստացած աջակցությունը մնաց գրեթե նույն մակարդակին, ինչ չորս տարի առաջ էր։ Թերագնահատվել էր նաեւ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ներուժը, որի արձանագրված բավական բարձր ցուցանիշը ոչ պակաս ուշագրավ էր ընդհանուր համապատկերում։

Եթե անակնկալներ տեղի չունենան, վեց տասնամյակ դադարից հետո Թուրքիայի խորհրդարանում կհայտնվեն երեք հայազգի պատգամավորներ։ Նրանց անունները շրջանառության մեջ դնելուց ի վեր սկսվեց շրջանառվել այն թեզը, որ հարկավոր չէ առանձնահատուկ իմաստ փնտրել, քանի որ այդ թեկնածուները ծառայելու են այն երեք քաղաքական ուժերին, որոնց կողմից նրանք առաջադրվել են։ Դա ակնհայտ իրականություն է, սակայն միեւնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ այս պատգամավորների ներկայությունը կարող է ծառայել որպես խողովակ։ Նրանք ծառայելով հանդերձ Թուրքիային եւ իրենց սատարող կուսակցություններին՝ կարող են նաեւ խորհրդարանում օգտակար հարցեր բարձրացնել եւ դրանով հանդերձ նպաստել այդ հարցերի շուրջ քննարկումների կազմակերպմանը։

Ամբողջ ընտրարշավի ընթացքում ԱԶԿ-ն զգուշացնում էր ընտրողներին հեռու մնալ 1990-ական թթ․ կոալիցիոն կառավարություններին վերադառնալու հեռանկարից։ Սակայն ակնհայտ է, որ Թուրքիայի 63-րդ կառավարությունը լինելու է կամ կոալիցիոն, կամ փոքրամասնության։ Վերջին անգամ եռակուսակցական կոալիցիոն կառավարություն ձեւավորվել էր 1999 թ․ ապրիլի 18-ի ընտրություններից հետո։ 1990-ական թթ․ Թուրքիայում բնութագրվում են որպես «կորսված ու անկայունության տասնամյակ», քանի որ կոալիցիոն կառավարությունները փոխարինում էին մեկը մյուսին։ Դժվար է ասել, թե ինչպես կընթանան կառավարություն կազմելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները։ Թուրքիայի օրենսդրության համաձայն երկրի նախագահը կառավարություն կազմելը կպատվիրակի առավել շատ քվեներ ստացած կուսակցության ղեկավարին՝ Դավութօղլուին։ Վերջինիս սպասվում են բարդ բանակցություններ։ Գաղափարական ու քաղաքական տեսակետների առումով, նախընտրական արշավի ընթացքում հնչած կարծիքների համադրության տեսակետից առավել հավանական է թվում է ԱԶԿ-ի եւ ԱՇԿ-ի միջեւ հնարավոր համաձայնությունը։ Վերջինս եւս դեմ չէ վերադառնալ իշխանության 13-ամյա դադարից հետո, սակայն մի շարք հարցերում Բահչելիի դիրքորոշումը բավական սկզբունքային է։ Եթե Դավութօղլուին չհաջողվի համաձայնության հասնել, ապա այդ հանձնարարականը կտրվի հաջորդ առավել շատ քվեներ ստացած կուսակցության ղեկավարին։ Բացառված չեն նաեւ անհավանական այլ համադրություններ նույնպես։ Ամեն դեպքում նոր կառավարությունը պետք է կազմվի 45-օրվա ընթացքում, հակառակ պարագայում նախագահը կարող է նոր ընտրություններ նշանակել։

Թուրքիայում սկսվում է մի ժամանակահատված, երբ Էրդողանը պետք է հավատարիմ մնա օրենսդրությամբ սահմանված խաղի կանոններին եւ կատարի պետության գլխի իր պարտականությունները, որոնք ենթադրում են անկողմնակալ մոտեցում քաղաքական գործընթացներին։

Թուրքական ամառը կշարունակի թեժ մնալ։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին