100-րդ տարելիցը որպես նոր հանգրվան - Mediamax.am

100-րդ տարելիցը որպես նոր հանգրվան
13879 դիտում

100-րդ տարելիցը որպես նոր հանգրվան


Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մնում է գրեթե երեք ամիս: Ակնհայտ է, որ ապրիլի 24-ից հետո էլ 100-ամյակի թեման շարունակելու է գերիշխող տեղ զբաղեցնել Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում: Տարվա ընթացքում տարբեր ծրագրեր ու միջոցառումներ կլինեն. ոմանք դրանք հաջողված կհամարեն, ոմանք էլ, ինչպես միշտ, կքննադատեն:

Սակայն, կարծում եմ, քչերն են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ընկալում որպես առիթ՝ մեր անցյալի, ներկայի եւ ապագայի մասին խորհելու համար: Արդյոք 100-ամյակը կարո՞ղ է խորհրդանշական «նոր սկիզբ» դառնալ հայերիս համար: Արդյոք կարո՞ղ ենք այս տարելիցը դիտարկել որպես մի հանգրվան, որից սկսվելու է մեր ազգի «երկրորդ շանսը»: Գիտե՞նք, թե ով ենք մենք եւ ուր ենք գնում փորձություններով լի աշխարհում:

Այս եւ այլ հարցերի շուրջ քննարկումներ գրեթե չկան: Եղած բանավեճերը խիստ անձնավորված են, եւ դրանց մասնակիցները հաճախ նախընտրում են հարաբերություններ պարզել, քան քննարկել Հայաստանի զարգացման տեսլականները:

Ինչ վերաբերում է բուն Ցեղասպանության խնդրին, այստեղ եւս բազմաթիվ բաց հարցեր կան: Վերջին շրջանում ակնհայտորեն առաջին պլան է մղվում այն թեզը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ զուգահեռ պետք է բարձրացնենք հատուցման խնդիրը: Բայց արդյոք գիտե՞նք, թե ինչպիսի հատուցում ենք պահանջում: Խոսում ենք պահանջատիրության մասին՝ բավական աղոտ պատկերացում ունենալով դրա առարկայացման եղանակների մասին:

Մեկ այլ հարց. արդյոք հաշվարկե՞լ ենք ապրիլի 24-ին Էրդողանին Երեւան հրավիրելու բոլոր ռիսկերը: Ի՞նչ ենք անելու, եթե Էրդողանը հանկարծ գա Երեւան ու այստեղ սկսի զարգացնել «ընդհանուր ցավի» հայտնի հայեցակարգը: Աշխարհի մամուլը կգրի այն մասին, որ «խաղաղասեր» Էրդողանը եկավ Երեւան՝ հայերի հետ  «ընդհանուր լեզու» գտնելու համար, մեզ էլ կմեղադրի, որ կառչում ենք «G բառից»:

Այնուամենայնիվ, վստահ եմ, որ Հայաստանում եւ սփյուռքում կան մտավորականներ (intellectuals), որոնք կարող են խոսել մեր անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Մեզ իսկապես հարկավոր է գաղափարների բախումը, որը թույլ կտա վերլուծել անցյալի սխալները, առաջարկել ներկա իրավիճակից դուրս գալու ուղիները եւ բյուրեղացնել պատկերացումները ապագայի մասին:

Այսօրվանից Մեդիամաքս-ը սկսում է զրույցների շարքը Հայաստանի եւ սփյուռքի մտավորականների հետ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն մեր հասարակության եւ քաղաքական ուժերի համար: Առաջին հարցազրույցն արդեն սպասում է իր ընթերցողին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին