Սոչիում՝ առանց գաղափարների - Mediamax.am

Սոչիում՝ առանց գաղափարների
6814 դիտում

Սոչիում՝ առանց գաղափարների


Օգոստոսի 10-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Սոչիում հրավիրել էր եռակողմ հանդիպում՝ իր, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:

Հանդիպման անցկացման առաջնային նպատակը հաջողված է թվում: Այն միտված էր մեղմացնելու լարվածությունը եւ դադարեցնելու բախումները Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին, որոնց հետեւանքով անցած երկու շաբաթների ընթացքում մի քանի տասնյակ զինվորներ զոհվեցին:  

Բայց ապշեցուցիչ էր, թե որքան լղոզված էին հանդիպումից հետո արված հայտարարությունները: Ալիեւն ու Սարգսյանը «տանտիրոջը» գոհացնելու համար ասացին, որ սատարում են հակամարտության խաղաղ կարգավորումը, միաժամանակ պատմական փաստերի վերաբերյալ մի քանի խայթոցներ փոխանակեցին:

Նրանք, այնուամենայնիվ, ոչ մի էական բան չասացին:

Ոչ մի հայտարարություն չեղավ 1994 թ.-ին կնքված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին, ինչը թույլ կտար կանխել տասնյակ երիտասարդների մահը շփման գծում: Միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը բանակցությունների սեղանին է 2011 թ.-ից, սակայն այն մինչեւ օրս չի իրականացվել:

Ոչ մի խոստում չտրվեց Հիմնարար սկզբունքների հիման վրա փաստաթղթի շուրջ բանակցությունների վերսկսման կամ, ինչպես Ադրբեջանն էր ակնարկում, այդ քննարկումից խուսափելու եւ համապարփակ խաղաղ բանակցություններին անցնելու մասին:

Մինչ Սոչիի հանդիպումը սոցիալական ցանցերում բազմաթիվ շահարկումներ էին շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանը հակամարտության լուծման հարցում որպես «խամաճիկների վարպետ» է հանդես գալիս: Դավադրության տեսության ջատագովներն էլ պնդում էին, որ հենց Ռուսաստանն է հրահրել բախումները, որպեսզի այնուհետեւ միջամտի եւ վերահսկողություն ստանձնի:

Իհարկե, Պուտինը, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվելով, վայելում էր խաղաղարարի դերում հանդես գալու պահը: Իսկ Ռուսաստանը վերջին մեկ տարում բավական օգուտ է քաղել այս ձգձգված հակամարտությունից՝ երկու կողմերին զենք վաճառելով:   

Սոչիի հանդիպումը վերահաստատեց կարծես հիմնական ճշմարտությունը  Ղարաբաղյան հակամարտության մասին ՝ խնդիրը չլուծված է մնում ներքին, այլ ոչ թե արտաքին գործոնների պատճառով: Կողմերից եւ ոչ մեկը թույլ չի տա Ռուսաստանին թելադրել իր կամքն այս հարցում, որը հիմնարար նշանակություն ունի երկու ժողովուրդների անվտանգության եւ ինքնության տեսանկյունից: Անգամ Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը թույլ չի տա դա: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո ժամանակ գտավ հեռուստատեսային հարցազրույցի համար, որպեսզի հերքի պնդումներն այն մասին, որ ռուս խաղաղապահները պատրաստվում են տեղակայվել տարածաշրջանում:

Ադրբեջանը ցուցադրում է իր մկանները եւ ավելի քան երբեւէ ռազմատենչ է հնչում: Նախքան Սոչի մեկնելը նախագահ Իլհամ Ալիեւն ապշեցուցիչ քանակի գրառումներ կատարեց Twitter միկրոբլոգում (57 գրառում)՝ հայտարարելով, թե «մենք վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի դրոշը ծածանվելու է գրավյալ տարածքներում, այդ թվում` Շուշայում եւ Խանքենդիում»:

Սա ավելի շուտ թատերական մի փոքր ներկայացում էր, քան պատերազմի վերսկսման  իրական ցուցանիշ: Բայց ագրեսիայի ուժգնացումը իրական զոհեր է ծնում: Շփման գծում զոհերի մասին տեղեկություններին զուգահեռ մտահոգիչ լուրեր տարածվեցին այն մասին, որ անզեն հայ գյուղացի Կարեն Պետրոսյանը, ով օգոստոսի 7-ին անհասկանալի հանգամանքներում հատել էր սահմանը, ավելի ուշ սպանվել էր ադրբեջանցի գերեւարողների կողմից:  

Սոչիից հետո Սարգսյանը պատասխանեց մաչոյին բնորոշ ոճով: Նա ասաց, որ իր երկիրն ունի 300 կմ հեռավորության վրա գործող բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են Ադրբեջանի քաղաքները վերածել «Աղդամի»՝ հիշեցնելով Ղարաբաղից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական քաղաքի մասին:   

Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես եւ այլոք, գաղափարներ չունեն հակամարտության կարգավորման մասին: Ռուսները կփորձեն շահել առավելագույնը ստատուս քվոյից՝ ջանալով թույլ չտալ նոր պատերազմի մեկնարկը: Աշնանը Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպել եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ալիեւին եւ Սարգսյանին կհրավիրի Փարիզ: Այդ ընթացքում Պուտինը կվերադառնա Ուկրայինայի խնդրին: Հիմքեր չկան կարծելու, որ նա տեսանելի ապագայում Ղարաբաղի վերաբերյալ նոր բարձրաստիճան հանդիպում կնախաձեռնի:

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին