Ուկրաինական ճգնաժամը եւ Հայաստանի հնարավոր կորուստները - Mediamax.am

Ուկրաինական ճգնաժամը եւ Հայաստանի հնարավոր կորուստները
16488 դիտում

Ուկրաինական ճգնաժամը եւ Հայաստանի հնարավոր կորուստները


15 տարի առաջ` 1999թ. դեկտեմբերին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր Երեւանում.

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակասություններն այսօր սրված են, ինչպես երբեւէ: Հարաբերությունների նոր լարման դեպքում մենք ստիպված կլինենք ակամա հրաժարվել կոմպլեմենտարության սկզբունքից եւ ընտրություն կատարել ԱՄՆ ու Ռուսաստանի միջեւ»: 

Այսօր պաշտոնական Երեւանի ներկայացուցիչներն այդպիսի հրապարակային հայտարարություններ չեն անում, թեեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններն այսօր շատ ավելի սրված են, քան 15 տարի առաջ: Եվ պարադոքսն այն է, որ ՀՀ նախագահի սեպտեմբերյան որոշումից հետո [Մաքսային միությանն անդամակցելու մասին] նման հայտարարության փաստն անգամ կարող է սխալ մեկնաբանվել. Մոսկվայում վստահաբար կարծում են, թե Հայաստանն իր ընտրությունը կատարել է դեռ կես տարի առաջ:  

Անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա ուկրաինական ճգնաժամը եւ ինչ կլինի Ղրիմում, Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները երբեք նախկինը չեն լինի: Օրինակ, Վլադիմիր Պուտինը երբեք չի մոռանա նախորդ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած «Նախագահ Պուտինի հնարքները. 10 կեղծ հայտարարություն Ուկրաինայի իրավիճակի մասին» փաստաթուղթը:

Ճակատագրի հեգնանքով վերջին 10-15 տարիների ընթացքում հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր համարվում այն գործոնը, որը Ռուսաստանին ու ԱՄՆ-ին թույլ էր տալիս շարունակել համագործակցությունը նույնիսկ այն պահերին, երբ լարվածությունը նրանց հարաբերություններում հասնում էր գագաթնակետին:

Ջորջ Բուշի իշխանության գալու սկզբնական ժամանակահատվածում թվում էր, թե ռուս-ամերիկյան հարաբերություններն անդունդն են գլորվում, բայց շատ դիտորդներ նշում էին, որ 2001թ. ապրիլին Քի Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած ղարաբաղյան կարգավորման բանակցությունները դարձան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման կատալիզատորը:      
 
Մասնավորապես, The Washington Post-ը իր խմբագրական մեկնաբանության մեջ գրում էր.

«Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Բուշի եւ Պուտինի կառավարություններին հնարավորություն ընձեռեցին համատեղ աշխատել հարաբերությունների բարդացումից հետո` պայմանավորված լրտեսական սկանդալներով եւ զենքի արտահանման հարցի շուրջ տարաձայնություններով»: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսն ասում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ Միացյալ Նահանգների համագործակցության շատ լավ օրինակ է»: 

Այսօր Մոսկվան ու Վաշինգտոնը չեն անում հայտարարություններ, որոնք կարող են ստվեր նետել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում նրանց փոխգործակցության վրա: Ցավոք, չի կարելի բացառել, որ Ղրիմում իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել համանախագահության ինստիտուտի խաթարմանը: Շատ հավանական է, որ Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի բանակցություններում այսուհետ հանդես գալ միակ միջնորդի դերում: Իհարկե, դա դժվար թե դուր գա Իլհամ Ալիեւին: Մանեւրելու նրա հնարավորություններն, իհարկե, շատ ավելին են, քան նրա հայաստանյան գործընկերոջը, բայց հազիվ թե դրանք բավարար լինեն Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման համար:    

Բացի դրանից, առայժմ հասկանալի չէ, թե ինչպես են Ռուսաստանն ու Արեւմուտքը մեկնաբանելու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` Ղրիմը Ուկրաինայից անջատելու ու Ռուսաստանին միացնելու պարագայում:

Հաշվի առնելով, որ Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները գտնվում են անորոշության փուլում եւ տեսանելի հեռանկարում չեն վերադառնա այն մակարդակին, որի վրա գտնվում էին մինչ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշումը, այդ ուղղությամբ Երեւանին լուրջ կորուստներ չեն սպառնում:

Ավելի մեծ մտավախություն է առաջացնում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ապագան, ինչպես նաեւ երկկողմ ռազմական ծրագրերը ԱՄՆ-ի հետ: Մարտի սկզբին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էի, եւ դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց.  

«Մեզ, իհարկե, չուրախացրեց այն, ինչը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին: Սակայն դուք շարունակում եք աշխատել այն շրջանակներում, որոնք սահմանել եք ինքներդ ձեզ համար, եւ այդ իմաստով Մաքսային միության վերաբերյալ որոշումը չանդրադարձավ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա»: 

Սակայն այս իրավիճակը մշտական չէ: Շատ հավանական է, որ հարաբերությունների հետագա լարման ու Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի աշխատանքների սառեցման դեպքում Մոսկվան Հայաստանին «կառաջարկի» հետեւել իր օրինակին: Ցավոք, Երեւանի մոտ չեն մնացել ռեսուրսներ, որոնք թույլ կտան «ոչ» ասել: 

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հնարավոր սառեցումը ոչ միայն վերջնականապես կամրապնդի Երեւանի աշխարհաքաղաքական «ընտրությունը», այլեւ մեր Զինված ուժերին կզրկի պաշտպանական բարեփոխումների անցկացման, ռազմական կրթության արդիականացման, խաղաղապահ ունակությունների զարգացման առավելություններից օգտվելու հնարավորություններից, որոնք հայկական բանակը դարձնում են ավելի ժամանակակից ու մրցունակ: 

Հոռետեսական կանխատեսումներ չեմ անում, պարզապես փորձում եմ դիտարկել իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: Աստված տա, որպեսզի դրանք չիրականանան, բայց ուզում եմ հուսալ, որ Հայաստանի ղեկավարները հաշվարկում են հնարավոր բոլոր սցենարները:

Արտաքին անորոշության պայմաններում հասարակական ներքին համախմբման գործոնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Բայց այդ համախմբման համար անհրաժեշտ է իրական ժողովրդավարացում, օրենքի գերակայություն, անողոք պայքար կոռուպցիայի դեմ, երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում: Որքան շատ մենք հապաղենք, այնքան մեծ կլինի ամենաանբարենպաստ արտաքին քաղաքական սցենարների իրականանալու հավանականությունը:   

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին