Գոյատեւումից` բարգավաճո՞ւմ, թե՞ հավերժ ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ - Mediamax.am

Գոյատեւումից` բարգավաճո՞ւմ, թե՞ հավերժ ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
13376 դիտում

Գոյատեւումից` բարգավաճո՞ւմ, թե՞ հավերժ ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ


Այնպես ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի հետ իմ հարցազրույցը համընկավ շահարկումների հերթական ալիքի հետ, որոնց համաձայն Հայաստանին «ստիպում են ընտրություն կատարել» Մաքսային Միությանը անդամակցելու եւ Եվրոպական Միության հետ մերձեցումը շարունակելու միջեւ:  

Իմանալով այն մասին, թե ինչ հսկայական աշխատանք է տարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, կասկածում եմ, որ իշխանությունները պատրաստ են տապալել այն:  Եվրոպական Միության բազմիցս հստակ ասել են, որ անդամակցությունը Մաքսային միությանը անհնարին կդարձնի Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտում, որը Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է: 

Սակայն այսօր խոսքը դրա մասին չէ: «Բարգավաճման մոդելի» հիմնական սկզբունքը, որին անցնելու անհրաժեշտության մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը, սեփական ուժերի եւ միջոցների վրա հիմնվելն է: Դա, իհարկե, չի բացառում ԵՄ-ի եւ ԱՊՀ շրջանակներում ինտեգրման հնարավորությունը, սակայն սեփական ներուժի ավելի մեծ շեշտադրում է ենթադրում: Այդ կապակցությամբ ցանկանում եմ հիշել մի հետաքրքիր միջոցառման մասին, որի ականատեսը դարձա 8 տարի առաջ:  

2005 թվականի սեպտեմբերին Երեւանի Մարզահամերգային համալիրի հարթակը լի էր մարդկանցով: Նրանք մարզիկներ կամ երաժիշտներ չէին`«սովորական ժողովրդի» շուրջ 500 ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի մասնակցեն քննարկմանը եւ իրենց վերաբերմունքն արտահայտեն երկրի զարգացման հնարավոր ուղիներից մեկի վերաբերյալ:

Այդ քննարկումը հնարավոր դարձավ «Հայաստան 2020» նախագծի շնորհիվ, որը նախաձեռնել էր Ռուբեն Վարդանյանը` իր ընկերների եւ համախոհների հետ միասին: Նախագծի շրջանակներում պատրաստվել էին Հայաստանի զարգացման 4 սցենարներ. «30 տարի նամակագրության իրավունքով» [ներկա իրավիճակի պահպանում], «Հայաստան եւ Եվրոպական Միությունը.վերադարձ տուն» [ամբողջական ինտեգրում եվրոպական կառույցներ], «Ռուսաստանից`սիրով» [Ռուսաստանի հետ սերտ դաշինքի պահպանում] եւ «Գոյատեւումից դեպի բարգավաճում» [զարգացման սեփական ուղի, այսպես կոչված «Սինգապուրյան մոդել»]:

Քննարկումը կազմակերպվել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, յուրաքանչյուր սեղան ուներ իր վարողը եւ քարտուղարը:  Քննարկման վերջում անանուն քվեարկություն անցկացվեց, որի արդյունքներով տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

«Գոյատեւումից դեպի բարգավաճում» [«Սինգապուրյան մոդել»] – 210 ձայն;

«Ռուսաստանից`սիրով»  [Ռուսաստանի հետ սերտ դաշինքի պահպանում] - 136 ձայն;

«Հայաստան եւ Եվրոպական Միությունը.վերադարձ տուն»  [ամբողջական ինտեգրում եվրոպական կառույցներ] - 120 ձայն;

«30 տարի նամակագրության իրավունքով» [ներկա իրավիճակի պահպանում] – 8 ձայն:

Ինչպես տեսնում ենք, 8 տարի առաջ քննարկմանը մասնակցած մարդկանց մեծամասնությունը նախընտրել են գնալ «սեփական ճանապարհով» եւ ոչ թե «ռուսամետ» կամ «եվրոպամետ» դիրքորոշում պահպանել:

Իհարկե, այդ 500 մարդու կարծիքները Հայաստանի հասարակական կարծիքի «բարոմետր» չի կարելի համարել, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանք արտահայտվել են գրեթե մեկ տասնամյակ առաջ: Բայց, նախ, այդ կենդանի կարծիքներն ինձ ավելի շար վստահություն են ներշնչում, քան այսօր Հայաստանում անցկացվող սոցհարցումներից շատերը: Երկրորդը, կարծում եմ, որ տեխնոլոգիական առաջընթացը, ինտերնետի եւ սոցիալական ցանցերի տարածումը պետք է միայն ամրապնդեին «Գոյատեւումից դեպի բարգավաճում» մոդելի կողմնակիցների տեսակետները: Թեեւ, իհարկե, չի կարելի բացառել, որ այդ մոդելի օգտին իրենց ձայնը տված 210 մարդկանցից շատերը լքել են Հայաստանը վերջին 8 տարիների ընթացքում...

Իսկ ի՞նչ էր գրված «Գոյատեւումից դեպի բարգավաճում» մոդելի սցենարում: Ահա դրա հիմնական դրույթները. օրենքի գերակայության ապահովում` որոշակի քաղաքական ազատությունների հնարավոր սահմանափակման պայմաններում; արտադրողականության կտրուկ աճ ռազմավարական ծրագրերի մշակման եւ իրականացման շնորհիվ; էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում; կոռուպցիայի դեմ պայքար: Սցենարի վերջանական նպատակը մինչեւ 2020 թվականը բնակչության մեկ հոգու համար ՀՆԱ-ի տարեկան $ 11.200 ցուցանիշ ապահովելն էր: 

«Հայաստան 2020» ծրագրի տնօրեն Արտաշես Ղազախեցյանը դեռ այն ժամանակ ասում էր, որ արդեն շատ ժամանակ ենք կորցրել, ու եթե անգամ պատկերացնենք, որ իշխանությունները անհապաղ կանեն այն ամենը, ինչը գրված է «Գոյատեւումից դեպի բարգավաճում» սցենարում, ապա 2020 թ. Հայաստանը կհասնի զարգացման այն մակարդակին, որն Էստոնիան ուներ արդեն 2008 թվականին...

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին