ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը նույնքան մեղավոր են - Mediamax.am

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը նույնքան մեղավոր են
15606 դիտում

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը նույնքան մեղավոր են


Այսօր բոլորը քննարկում են, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հակամարտությունը: Բոլորը փորձում են հասկանալ` ո՞վ է ճիշտ եւ ո՞վ է մեղավոր: Բնականաբար, ավելի լսելի են նրանց ձայները, ովքեր մեղադրում են իշխանություններին եւ գործող նախագահին:

Բայց կան նաեւ այլ ձայներ:

ՀԱԿ-ի պաշտոնաթերթի փաստացի դերը ստանձնած «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրեթե ամեն օր «քլնգում է» Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան տարբեր մեղադրանքներ ներկայացնելով: Ու ոչ մեկ չի ասում` լավ, եթե Րաֆֆին «ճիշտ» ընդդիմադիր չէ, ինչո՞ւ ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել ընտրություններին:

Վերջին օրերին հատկապես ակտիվացել է ԲՀԿ-ն` նրա անդամները մի քանի «հարձակում» գործեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Եվ նորից ոչ ոք չի հարցնում` պարոն Ծառուկյան, ինչո՞ւ չմասնակցեցիք փետրվարի 18-ի ընտրություններին:

Միթե՞ պարզ չէ, որ եթե ՀԱԿ ու ԲՀԿ առաջնորդները, կամ գոնե նրանցից մեկը մասնակցեր ընտրությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք ու երբեք չէր ստանա ձայների մոտ 40 տոկոսը ու չէր ստանձնի իշխանության միակ այլընտրանքի դերը:

ՀԱԿ-ի պարագայում գոնե հիմնավորում տրվեց` Լեւոն Տեր-Պետրոսյանը վկայակոչեց իր տարիքը: Այլ հարց է, թե որքան համոզիչ էր այդ բացատրությունը: ԲՀԿ դեպքում դա էլ չեղավ: Հայաստանի թվով երկրորդ քաղաքական ուժը, ավելի ճիշտ` նրա առաջնորդը, որոշեց, որ ոչ միայն չի մասնակցի ընտրությանը, այլեւ որեւէ դիրքորոշում չի հայտնի: Ու ԲՀԿ-ում չգտնվեց գոնե մեկը, ով կասեր, որ դա ճանապարհ է դեպի քաղաքական ինքնասպանություն:

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը երեկ երեկոյան հաղորդագրություն տարածեց` ափսոսանք հայտնելով, որ իրեն հնարավորություն չեն տվել ԱԺ-ում հարց ուղղել վարչապետին:

«Պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է եւ´ լրատվամիջոցների, եւ´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ մութ պատմությունների ու վարչապետի կամ իր մերձավորների՝ Մասիսի տարածաշրջանի ջրատար խողովակների տարհանման ու վարչապետի ու իր մերձավորների` 16,6 միլիոն դոլար կարտոֆիլի մասին դասախոսությունների վրա իբր ծախսելու ու վարչապետի կամ իր մերձավորների կապի մասին», - գրում է Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնեմ, որ 2012թ. դեկտեմբերին` այցելելով Բրյուսել, հանդիպումներից մեկի ժամանակ Գագիկ Ծառուկյանը կարծիք էր հայտնել, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:

Լավ, բա ինչպե՞ս եղավ, որ դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում մոռացաք «հիմնական կոռումպացված անձանց» մասին, իսկ հիմա նորից հիշեցիք:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա արդեն պարզ է, որ Ազգային Ժողովում Կոնգրեսի խմբակցության տրոհումը բացառապես ժամանակի հարց է: Միգուցե արժե՞ մտածել դրա պատճառների մասին ու ոչ թե ամեն օր սարկաստիկ հրապարակումներ անել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:

Այսօրվա իրավիճակի համար պատասխանատու են ոչ միայն Սերժ Սարգսյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Հրաժարվելով պայքարից, ՀԱԿ եւ ԲՀԿ առաջնորդները ոչ միայն հուսախաբ արեցին իրենց ընտրողներին, այլեւ նպաստեցին քաղաքական դաշտի աղճատմանը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին