«Թանգյանի էֆեկտը» ու մենք - Mediamax.am

«Թանգյանի էֆեկտը» ու մենք
19273 դիտում

«Թանգյանի էֆեկտը» ու մենք


Երկրորդ օրն է համացանցում Սերժ Թանգյանի մասին խոսում են ավելի շատ, քան Րաֆֆի Հովհաննիսյանի: Բնական է, եթե ընտրությունները չլինեին ու դրանցում Րաֆֆի Հովհաննիսյանը չստանար ձայների մոտ 40 %-ը ու չպնդեր, որ իրականում ինքն է հաղթել, չէին լինի նաեւ Սերժ Թանգյանի նամակները ՀՀ նախագահին:

Վստահ եմ, շատ-շատերը նրանցից, ում ոգեւորել են Սերժ Թանգյանի նամակները, ամենեւին System of a Down խմբի երկրպագուներ չեն, մի մասն էլ Սերժ Թանգյանի մասին լսում է առաջին անգամ: Այդ դեպքում ո՞րն է «գաղտնիքը»: Ինչպե՞ս պատահեց, որ երեկ գրեթե բոլոր հեռուստաալիքները զգալի հատվածներ ներկայացրեցին Սերժ Թանգյանի առաջին քննադատական նամակից:

Կարծում եմ, «Թանգյանի էֆեկտը» կայանում է նրանում, որ նա ասում է այն, ինչի մասին մտածում ենք բոլորս, սակայն տարբեր պատճառներով չենք բարձրաձայնում: «Մենք» ասելով, ի նկատի ունեմ այն բոլոր նորմալ մարդկանց, որոնք բազմաթիվ դժգոհություններ ունեն, սակայն ակտիվ քաղաքական ու քաղաքացիական պայքարին չեն մասնակցում:

Չենք մասնակցում, որովհետեւ վախենում ենք: Չենք մասնակցում, որովհետեւ զբաղված ենք: Չենք մասնակցում, որովհետեւ ապրում ենք փոքր երկրում, որտեղ գրեթե բոլորը միմյանց ճանաչում են: Չենք մասնակցում, որովհետեւ ամենքս մեր ոլորտում հասել ենք հաջողության որոշակի աստիճանի ու հասկանալով, որ մեծ փոփոխությունների հասնել չենք կարող, «մեր աջը քաշում ենք» ու փորձում ենք զարգացնել հաջողությունը` ամենքս մեր ոլորտում:

Եթե խոսքը գնում է լրագրողների մասին (խոսքը նրանց մասին չէ, ովքեր աշխատում են ընդգծված ընդդիմադիր ԶԼՄ-ներում), ապա ազնիվ լինենք ինքներս մեզ հետ ու ընդունենք, որ կարող ենք քննադատել ում ասես, սակայն ՀՀ նախագահին քննադատելիս տասը անգամ կմտածենք: Փաստ է: Ու Թանգյանի նամակներում մարդկանց գրավում է հենց դա` հայտնվել է մեկը, ով ՀՀ նախագահին պարզ ասում է` «թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին»: Երբեւէ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկը նման բան ասի ՀՀ նախագահին: Ու հարցն այն չէ, թե որքանով հիմնավոր է Թանգյանի պնդումը: Հարցն այն է, որ նա իրեն թույլ է տալիս նման հարցադրում անել: Անում է այն, ինչ մենք հաճախ ենք ցանկանում անել, բայց չենք անում:

Իհարկե, Հայաստանի քաղաքական մշակույթի պայմաններում Թանգյանի նամակների ոճը կարող է անքաղաքավարի հնչել, սակայն այն միանգամայն ընդունելի է արեւմտյան մշակույթի պարագայում, եւ սա եւս պետք է հաշվի առնել: Վստահ եմ, որ նա ՀՀ նախագահին վիրավորելու նպատակ չունի:

Կարծում եմ, որ այս նամակներից հետո Սերժ Թանգյանն առնվազն պետք է դիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Առանց այդ քայլի իր բոլոր հորդորդները եւ խորհուրդները կարժեզրկվեն: Հասկանալի է, որ Թանգյանը չի թողնելու երաժշտությունը ու Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվելու, սակայն այսուհետ մեր խնդիրների մասին խոսելու համար նա պետք է ունենա մեր անձնագրից: Այդպես իսկապես ազնիվ կլինի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին