Պատրիարքի վերջին աշունը, կամ պետք է գնալ Երուսաղեմ - Mediamax.am

Պատրիարքի վերջին աշունը, կամ պետք է գնալ Երուսաղեմ
16354 դիտում

Պատրիարքի վերջին աշունը, կամ պետք է գնալ Երուսաղեմ


2000թ. հունվարին մի արտասովոր տեսարանի ականատեսը դարձա: Բեթղեհեմի Ծննդյան տաճարում էինք: Բեթղեհեմյան աստղի մոտ լուռ կանգնած էին երեք մարդիկ` Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆատը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ինձ համար դա մեր` գլոբալ ազգ լինելու լավագույն ու պատկերավոր ապացույցներից մեկն էր:

Մի քանի օրից, հոկտեմբերի 22-ին, կկայանա Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկյանի հուղարկավորությունը: Տպավորություն կա, որ մեր պետության եւ եկեղեցու ղեկավարները որոշել են սահմանափակվել միայն ցավակցական հեռագրերով: Համենայնդեպս, մինչ այս պահը որեւէ հաղորդագրություն չի տարածվել այն մասին, որ Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցելու համար Երուսաղեմ են մեկնելու բարձրաստիճան պետական ու եկեղեցական այրեր:

Սիրիայում իրավիճակի սրումից հետո մեզանում չեն դադարում բանավեճերն այն մասին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը հայ համայնքներին աջակցելու համար, երբ դրանք հայտնվում են դժվարին իրավիճակներում: Սա այն դեպքն է, երբ Երուսաղեմի հայ համայնքին աջակցելու համար շատ բան անել պետք չէ. պետության եւ եկեղեցու ղեկավարներին պետք է ինքնաթիռ նստել ու մի քանի ժամով մեկնել այնտեղ:

Երբ 2000 թվականին կայացավ ՀՀ նախագահի այցը Իսրայել եւ Պաղեստին, Երեւանում չէին թաքցնում, որ հիմնական նպատակներից մեկը հայ համայնքին քաջալերելն էր: Մասնավորապես, այն ժամանակ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասում էր, որ Երուսաղեմի կարգավիճակի խնդիրը վերաբերում է բոլոր հայերին, քանի որ այնտեղ կուտակված հոգեւոր եւ նյութական արժեքները պատկանում են ողջ հայությանը:

Իրականում, սակայն, այդ այցից հետո շատ բան չարվեց, իսկ Երուսաղեմի հայկական համայնքը շարունակեց աստիճանաբար հուսալքվել ու քայքայվել: Հասկանալի է, որ մեր պետության միջոցները սահմանափակ են ու թույլ չեն տալիս մեծ ծրագրեր իրականացնել երկրի սահմաններից դուրս: Հասկանալի է նաեւ, որ Իսրայել պետությունը դժվար թե մեծ խանդավառությամբ վերաբերի Հայաստանի նման փորձերին: Սակայն վստահ եմ, որ ցանկության դեպքում միշտ կարելի է լուծումներ գտնել` ցանկալի արդյունքին եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշ չափով հասնելու համար:

Բոլորս չափազանց հպարտ ենք այն հոգեւոր եւ նյութական ներկայության համար, որն ունենք Սուրբ Հողում: Իսկապես աննկարագրելի զգացմունքներ ես ապրում, երբ Երուսաղեմի Հարության տաճարում կամ Բեթղեհեմի Ծննդյան տաճարում տեսնում ես հայ հոգեւորականներին: Սակայն այդ հարստության պահպանման համար պետք է պայքարել: Եթե Հայաստանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարներից ոչ մեկը չգնա Հայոց Պատրիարքի հուղարկավորությանը, դա շատ ձեռնտու կլինի բոլոր նրանց համար, ովքեր «աչք ունեն» մեր ժառանգության վրա:

Կարծում եմ, որ Երուսաղեմի հայ համայնքին սատար կանգնելն առավել կարեւոր է այսօր, երբ Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել այդ հզոր խաղաքարտից, որը կոչվում է Երուսաղեմի Հայկական թաղամաս: Չմոռանանք, որ Հայկական թաղամասի հետագա ճակատագիրը այն մի քանի սկզբունքային հարցերից մեկն էր, որի շուրջ հրեաները եւ պաղեստինցիները չկարողացան պայմանավորվել 2000 թվականին Քեմփ Դէվիդում:

Կարծում եմ, որ մեր պետության ու եկեղեցու ղեկավարները պետք է գնան Երուսաղեմ, հրաժեշտ տան Պատրիարքին ու ցույց տան ողջ աշխարհին, որ մենք տեր ենք կանգնում Հայկական թաղամասին, այնտեղ բնակվող հայերին եւ մեր ժառանգությանը: Այլապես կստացվի, որ «Հայկական Աշխարհի» հայեցակարգը իրականում անբովանդակ է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին